Կեղծված հանրաքվեն մնալու է իշխանությունների կոկորդում. Լյովա Եղիազարյան

Կեղծված հանրաքվեն մնալու է իշխանությունների կոկորդում. Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանը, արձագանքելով Hraparak.am-ի հարցին, թե մասնակցելու՞ են, արդյոք 2017թ. ընտրություններին, ասաց. «Պարտադիր մասնակցելու ենք»։ Առայժմ նա դժվարանում է ասել՝ կմասնակցեն առանձի՞ն, թե՞ դաշինքով։



«Եթե մասնակցենք դաշինքով, ապա դաշինք կկազմենք այն ուժերի հետ, որոնք չեն մասնակցել մարտի 1-ի ոճրագործությանը, չեն կազմել կոալիցիա, չեն եղել իշխանությունների կողքին եւ դավանում են արեւմտյան, համամարդկային արժեքներ»,- իր նախապայմաններն է առաջ քաշում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամը։



Լյովա Եղիազարյանը չհամաձայնեց մեր այն դիտարկմանը, որ «Հանրապետությունը» ակտիվ չի եղել սահմանադրական հանրաքվեի «ոչ»-ի քարոզարշավի ժամանակ։
«Քարոզել ենք գյուղերում, մարզերում, ինչքան կարողացել, այդքան էլ քարոզել ենք»,-ասաց մեր զրուցակիցը։



Ինչ վերաբերում է նոր Սահմանադրությանը, որն ընդունվեց կեղծիքներով, ապա, ըստ Լյովա Եղիազարյանի, այն տարիներ շարունակ մնալու է իշխանությունների կոկորդում՝ որպես ոսկոր, ինչպես մնացել են 1999թ. հոկտեմբերի 27-ը, 2004թ. ապրիլի 12-ը եւ 2008թ. մարտի 1-ը։