Սերժ Սարգսյանը կձգտի «սպիտակ օձիքներ» մտցնել խորհրդարան. Ստեփան Դանիելյան

Սերժ Սարգսյանը կձգտի «սպիտակ օձիքներ» մտցնել խորհրդարան. Ստեփան Դանիելյան

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանից Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե 2017թ. ԱԺ ընտրություններին ընդառաջ ի՞նչ դաշինքներ են հնարավոր, ո՞ր քաղաքական ուժը կամ ուժերը, բացի ՀՀԿ-ից, կարող են տեղ գտնել ապագա ԱԺ-ում։



«Այնտեղ, որտեղ ընտրական համակարգը չի գործում, նման հարցը չի կարող լուրջ քննարկվել քաղաքական տրամաբանության մեջ: Իմ կարծիքով «քաղաքական ուժ» ասածն էլ շատ բարձր է հնչում: Կան տարբեր խմբավորումներ, որոնք պետք է հարաբերությունների մեջ մտնեն Սերժ Սարգսյանի հետ և պայմանավորվածություններ ձեռք բերեն: Որքան հասկանում եմ, արդեն հերթեր են գոյացել: Նրանցից «կընտրվեն» այն խմբավարումները, ովքեր կլինեն կանխատեսելի և վերահսկելի: Այնպես որ, նման հարցերով պետք է դիմել կամ Սարգսյանին, կամ էլ նրա կողմից երաշխավորված անձանց»,- ասաց մեր զրուցակիցը:



«Իսկ արդյո՞ք ապագա ԱԺ-ում դարձյալ կտեսնենք մականունավորներին ու օլիգարխներին, որոնց՝ այնտեղ լինելու աննպատակահարմարության մասին պարբերաբար բարձրաձայնում են ԶԼՄ-ներն, հ/կ-ներն ու հենց իշխանությունները»,-հարցրեցինք Ստեփան Դանիելյանին։



«Դժվար է ասել, որովհետև ձեր ասած «մականունավորները» որոշակի առումով ինքնուրույն անձնավորություններ են, որոնք ունեն շահեր և կարող են ինքնուրույն որոշակի ձայներ վաստակել, կարևոր չէ, թե ինչպես: Ինչպես նաև նրանք միմյանց հետ ցանցային հարաբերությունների մեջ են գտնվում և մասամբ են վերահսկելի: Հնարավորության դեպքում Սարգսյանը կձգտի, այսպես ասած, «սպիտակ օձիքներ» մտցնել խորհրդարան, որոնք ավելի վերահսկելի կլինեն իր կողմից: Սակայն ամբողջովին ազատվել նրանցից երևի չի ստացվի: Դա վերաբերում է նաև ՀՀԿ-ի «մականունավորներին»,- արձագանքեց մեր զրուցակիցը:



Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ