Դաշնակցությունն ուզում է իշխանության հեղինակազրկված որակը փոխի

Դաշնակցությունն ուզում է իշխանության հեղինակազրկված որակը փոխի

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ՀՀԿ և ՀՅԴ միջև գոյություն չունի որևէ պայմանավորվածություն նախարարական պորտֆելների կամ պաշտոնների հարցով: Դաշնակցականն ասաց, որ քննարկումները շարունակվում են համագործակցության ձևաչափի շուրջ:



Արմեն Ռուստամյանը հավաստիացրեց, որ համագործակցության հրավերը Դաշնակցությունը ստացել է ՀՀԿ-ից.«Կոալիցիայի մասին չէ խոսք գնում, կա համագործակցություն, որը կարող է տարբեր ձևերով արտահայտվել:



Համագործակցության պայմանները և դրա անհրաժեշտությունն ինքնին առաջացել էր այն բանից հետո, երբ որ մենք ունեցանք հանրաքվեի դրական արդյունքներ», ասաց նա: «Իսկ պորտֆելների մասին խոսակցությունը վաղ է, որովհետև դրա հարցում համաձայնություն գոյություն չունի»: Նրա խոսքով՝ համաձայնությունն այս հարցում երկկողմանի պետք է լինի, երբ կլինի, կհրապարակեն:



Ռուստամյանն ասաց, որ ՀՀ իշխանություններն այսօր հեղինակազրկված են: Թե ինչո՞ւ են հեղինակազրկված իշխանությունների հետ համագործակցության գնում. «Եթե մենք չփոխենք այս համակարգը, նույնն է լինելու: Մենք ուզում ենք համակարգը փոխել. Բա թողնենք, որ լրիվ ձեռից գնա՞»,- ասաց նա:



Հարցին, թե հեղինակազրկված իշխանության հե՞տ են ուզում փոխել, նա պատասխանեց. «Այո, ուրիշ ճանապարհ չկա: Եթե այդտեղ կարող ես գործ անել, ուրիշ դաշտ չի մնացել Հայաստանում իրական գործ անելու: Մենք մտնում ենք, որ իշխանության որակը փոխվի», Ռուստամյանի խոսքով՝ ճիշտ չի լինի, եթե այդ գործընթացներից մի կողմ քաշվեն ու մասնակից չլինեն: Նա ասաց, որ երբեք իրենք ինքնանպատակ կոալիցիա չեն մտել ու դուրս չեն եկել:



Ճիշտ չէ՞ր միանալ ընդդիմությանը, գնալ իշխանափոխության, նա պատասխանեց. «Ընդդիմությանը միացանք, քառյակին միացանք, քառյակը մեր ասածները չարեց, տրոհվեց: Քառյակը թող մնար մեր գծի վրա, հիմա շատ ավելի հուժկու ձայներով մենք մեր բոլոր խնդիրները կլուծեինք»,- ասաց նա: