«Միլիցիայի» փոխարեն Միլիցային «դիմվել է», բայց մերժվել են

«Միլիցիայի» փոխարեն Միլիցային «դիմվել է», բայց մերժվել են

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունն այսօր Ազգային ժողովում ասուլիս տվեց և անդրադարձավ ձմեռային նստաշրջանում իրենց կատարած աշխատանքներին ու երկու հակահայկական զեկույցներին, որոնց մեկը հաջողվեց տապալել, մյուսը՝ ոչ։



ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանը ներկայացրեց այն աշխատանքը, որ կատարել են իրենք այնտեղ՝ նշելով, որ օրակարգը հագեցած էր, միայն Հայաստանին վերաբերող այդ երկու զեկույցները չէին, և մեր պատվիրակները ակտիվորեն մասնակցել են մյուս օրակարգային հարցերի քննարկմանը։



Պատվիրակության ԲՀԿ-ական անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ինքը ձեռնպահ կմնա պարտություն, հաղթանակ ձևակերպումներից, և նշեց, որ Ուոլթերի հեղինակած զեկույցը՝ «Բռնության աճը Լեռնային Ղաբարաղում և Ադրբեջանի այլ օկուպացաված տարածքներում» վերնագրով, Ադրբեջանի հիմնական խաղաքարտն էր, որը հաջողվեց իրենց տապալել։ Իսկ Սարսանգի ջրամբարին վերաբերող Միլիցա Մարկովիչի հեղինակած զեկույցը չհաջողվեց տապալել, բայց դա Զոհրաբյանը պարտություն չի համարում՝ հակառակ որոշ վերլուծաբանների պնդումների։



Հետո նա հիշեցրեց սովետական «Գնդակը վախենում է քաջից» ֆիլմից մի դրվագ։
«Երբ որ գերմանացիները հարձակվում են, երեխաները ճամբարում ասում են՝ ինչ պետք է անել, ասում են՝ պետք է դիմել միլիցիային։ Կներեք էս ձևակերպման համար, չեմ ուզում տգեղ բառ օգտագործել, բայց հարցնում են՝ որտե՞ղ էր ռուսական պատվիրակությունը, ինչու՞ նրանք չեկան և չօգնեցին։ Հարգելիներս, ռուսական պատվիրակությունը երկու տարի է՝ զրկված է ձայնի իրավունքից»,-ասաց նա՝ նշելով, որ եթե նույնիսկ ռուսները դադարեցնեին բոյկոտն ու մեր «խաթր» գային նիստին, միևնույնն է, նրանք չէին կարողանալու քվեարկել։



Hraparak.am-ի դիտարկմանը, թե հայտնի ֆիլմի օրինակով՝ «միլիցիային» չեն դիմել, բայց Միլիցային՝ Մարկովիչ, կարող էին, չէ՞, դիմել, որ գար նա Հայաստան, այցելել Արցախ, աշխատեին նրա հետ, որպեսզի կանխեին այդ զեկույցը՝ նման վերնագրով ու բովանդակությամբ, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ դիմել են։



«Հարգարժան տիկնոջը ոչ միայն դիմվել է, այլև քանիցս տարբեր ֆորմատներով, տարբեր ձևաչափերով՝ թե՛ պատգամավորական, թե՛ այլ հարթակներում, մենք փորձել ենք տիկնոջ հետ հանդիպել, զրուցել, հրավիրել իր համար ցանկացած ընդունելի ժամանակին, սակայն տիկինը անընդհատ տարբեր պատճառաբանություններով հրաժարվել է։ Նրա բերած փաստարկները, թե հայկական պատվիրակությունը խոչընդոտել է Լեռնային Ղաբարաղ իր այցը, բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում։ Կա ամբողջ ինտերնետային նամակագրությունը Մարկովիչի հետ, տիկինը հակված չէր որևէ ադեկվատ պատճառաբանություն լսելու»,-ասաց Ն․ Զոհրաբյանը։



Պատվիրակության ՀՀԿ-ական անդամ Նաիրա Կարապետյանն էլ հավելեց, որ Միլիցա Մարկովիչին նույնիսկ առաջարկել են ուղղաթիռով նրան ուղեկցել մինչև Ղարաբաղ և տեխնիկական փոձագետների հետ ուսումանսիրություններ կատարել Սարսանգում, սակայն Մարկովիչը հրաժարվել է։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ