ՀՅԴ-ն այլեւս հոգեվիճակի խնդիր չի ունենա

ՀՅԴ-ն այլեւս հոգեվիճակի խնդիր չի ունենա

Երեկ նախագահականում ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան դե յուրե հաստատող փաստաթուղթը, որը կոչվեց «Քաղաքական համագործակցության համաձայնագիր»։



Հուշագիրն ստորագրել են համագործակցության արդյունքում իր աթոռը ՀՅԴ-ական Լեւոն Մկրտչյանին զիջող կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։



Նախագահականից դուրս գալուց հետո Աղվան Վարդանյանը մեզ ասաց. «Ստորագրվեց համաձայնագիր, ծավալուն փաստաթուղթ է, անդրադառնում է մեր կյանքի բոլոր ոլորտներին»։ Մեր հարցին, թե այդ փաստաթուղթը պատասխանատվության ինչ տարբերակ է ենթադրում, եթե իրենք որեւէ հարցում ձախողեն, արդյոք դրա պատասխանատվությունը միանձնյա՞ են կրելու, թե՞ ՀՀԿ-ի հետ միասին, Վարդանյանն ասաց. «Այս համաձայնագրի կետերից մեկն էլ այն է, որ ցանկացած հարց կարող է կողմերից մեկի առաջարկով քննարկման առարկա դառնալ, կարեւորագույն, ռազմավարական, հայեցակարգային հարցերը նախապես քննարկումների միջոցով մենք կփորձենք մոտեցումները մերձեցնել, գտնել միջին լուծում, եւ այդ բոլոր հարցերը կարգավորված են համաձայնագրով»։



Նշենք, որ մինչ այդ էլ Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե իրենք պայման դրե՞լ են ՀՅԴ-ի առաջ, որ կոնկրետ ժամկետներում հստակ ցուցանիշներ ապահովեն իրենց վստահված ոլորտներում, ասել էր. «Մենք իրար դեմ պայման չենք դնում, եւ պատասխանատվությունը չի նշանակում միայն այն ոլորտներում, որոնք որ ունեն նախարարներ կամ ղեկավարներ։ Պատասխանատվությունն ընդհանուր է, եւ սա հեռանկարային է, սա մեկ ամսվա, մեկ տարվա կտրվածքով չէ, այս համագործակցությունը միտված է ապագային, եւ բավականին երկար համագործակցություն պետք է լինի, եւ դրա ճանապարհին բոլոր Ձեր նշած առաջընթացները կնկատվեն»։



Նշենք, որ պաշտոնապես ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն «ֆլիրտը» շարունակվում էր արդեն մեկ ամսից ավելի, եթե չհաշվենք այն խոսակցությունները, որոնք ծավալվում էին վերջին մեկ-երկու տարիներին։ Այս ողջ ընթացքում ՀՅԴ-ն շարունակ հերքում էր, թե նման բան չկա՝ պնդելով, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մտադրություն չունեն։ Միայն Հրանտ Մարգարյանի հարցազրույցից հետո այլեւս դադարեցին հերքումները, եւ պարզ դարձավ, որ մամուլն ամեն ինչ ճիշտ էր գրում։



ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, սակայն, երեկ ՀՀԿ-ի ոճով սկսեց մեղադրել ու պիտակավորել մամուլին, թե զառանցանքներ ենք հրապարակում, սուտ ենք գրում, դրանք բոլորը մոգոնած բաներ են եւ այլն։ Թերեւս նման պահվածքով նրանք փորձում են իրենց մուտքն ազդարարել ՀՀԿ-ական իշխանություն եւ ցույց տալ, թե որքան ներդաշնակ են իրենք ՀՀԿ-ի հետ։ Դա քիչ էր, կոալիցիայի ձգձգումից ծանր հոգեվիճակում հայտնված ՀՅԴ ներկայացուցիչը երեկ հանկարծ որոշեց մտահոգվել մամուլի հոգեվիճակով. «Մամուլի հոգեվիճակն ինձ լուրջ անհանգստացնում է էս երկու ամիսների ընթացքում, իսկապես։ Մի հատ հլը վերլուծեք՝ էս ի՞նչ ա կատարվում, ինչի՞ ա մամուլը սենց... ոչ մի բան ճիշտ չի գրել մամուլը, էս երկու ամիս զբաղված եք էս հարցով, եւ ինչ ասես մոգոնվեց»։



Դիտարկմանը, թե մամուլն ընդամենը անհանգստանում է ձեր հոգեվիճակով, ՀՅԴ-ականն այսպես արձագանքեց․ «Ձեր հոգեվիճակով անհանգստացեք, մեր հոգեվիճակը շատ նորմալ ա, դուք էնքան սուտ ու, չեմ էլ խուսափում էդ բառն ասել՝ ոմանք զառանցանքներ են ուղղակի էս երկու ամսում տարածել, որ ես սարսափում եմ, թե մենք սենց մամուլով ուր ենք գնալու։ Ամոթ չե՞ն անելու էդ մարդիկ, որ մինչեւ հիմա էդ աստիճանի ստեր են խոսացել։ Ես ինչի՞ պիտի հետեւեմ էդ բոլոր զառանցանքներին ու հստակեցնեմ, դրանով պիտի ուրիշ մարդիկ զբաղվեն»։



- Մամուլի հասցեին նման գնահատականներ հնչեցնելով ո՞ւր եք հասնելու։



- Հասնելու եմ նրան, որ մամուլն առողջանա։ Ես ասում եմ՝ դրեք վերլուծեք, եթե էդքան անաչառ եք, եւ ինքնաքննադատության մի փոքր սաղմ կա դրա մեջ, նայեք, տեսեք՝ ինչ ա խոսվել մամուլով էս ընթացքում։



- Պարոն Ռուստամյան, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան արժե՞ր այդքան, հանուն որի նոր նախարարություն ստեղծեցին՝ իր ծախսերով ու լրացուցիչ ռեսուրսներով։



- Ձեր հարցը, օրինակ, էս կոնտեքստին ընդհանրապես վերաբերո՞ւմ էր։



- Այո, որովհետեւ դա մեր՝ հարկատուներիս հաշվին է գոյատեւելու։



- Ո՞վ ասեց՝ ձեր հարկատուներիս, ես հարկատու չե՞մ․․. բա ինչի՞ մասին է խոսքը, այսինքն՝ բոլորս էլ մեր հաշվին ինչ-որ բան պիտի անենք։



- Այդ կոալիցիայի պտուղները դուք եք քաղելու, ոչ թե մենք։



- Կարո՞ղ է մենք համագործակցում ենք ի վնաս ինչ-որ բանի, համագործակցում ենք ի շահ, չէ՞։ Եվ դա արդյունքներով կերեւա, ոչ թե մի հատ հայտարարությամբ կամ ձեր զգացմունքներով։



- Ի՞նչ է շահելու ժողովուրդը դրանից, ե՞րբ կզգանք այդ արդյունքները։



- Կտեսնեք արդյունքները ժամանակի ընթացքում։



ՀԳ. Հուսանք՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կնքելու փաստը կհանդարտեցնի կրքերը ՀՅԴ-ում, եւ նրանց հոգեվիճակն էլ կխաղաղվի։ Ի վերջո, նրանք հասան իրենց նպատակին՝ արդեն իշխանություն են, իհարկե, ոչ ընտրությունների ու ժողովրդի քվեի միջոցով։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ