Անմիաբան ու պառակտված

Անմիաբան ու պառակտված

Եթե անգամ Մարտի 1-ն ի զորու չէ համախմբել մեր ընդդիմությանը, ապա անիմաստ է հույս փայփայել, որ երբեւէ, հատկապես ընտրությունների շեմին նրանք կմիավորվեն։ Թվում է՝ Մարտի 1-ի խորհուրդը, 2008-ին կրած կորուստները, զոհվածների հարազատներին ապրումակցելու ձգտումը պետք է ստիպեին, որ ընդդիմադիր ուժերը մի կողմ դնեին իրենց մանր-մունր տարաձայնությունները եւ տարվա մեջ այս մեկ օրը գոնե իրար կողքի կանգնեին, իրար հետ հիշեին ու խորհեին։ Բայց նախնական բանակցությունները՝ համատեղ հանրահավաք հրավիրելու մասին, կարելի է ասել, ձախողվեցին, եւ յուրաքանչյուր ուժ առանձին նշեց այս օրը՝ Մյասնիկյանի արձանի մոտ, ապա Ազատության հրապարակ գնալով անջատ-անջատ։ Իսկ մինչ այդ էլ իրար մեղադրելով համաձայնության չգալու, միմյանց առաջ խոչընդոտներ հարուցելու, կեսից ծրագրերը փոխելու, Մարտի 1-ը քաղաքական նպատակներով օգտագործելու մեջ։ Հենց այս պառակտվածությունն է իշխանության հաղթանակի գրավականն ու հույսը։ Փոքրիկ համախմբումն անգամ կարող էր Հանրապետականի ոչ այնքան ամուր նավը սասանել։ Սակայն ընդդիմության մի կտորն այլեւս Հանրապետականի դաշնակիցն է, մյուս կտորը՝ կամակատարը, երրորդ-չորրորդներն այնքան գաղափարական ու ոչ գաղափարական տարաձայնություններ ունեն, որ նրանց միաբանվելը հրաշքների շարքին կարող է դասվել։ Իսկ հասարակությունը որքան ատում է իշխանության շուրջ համախմբումները, նույնքան սիրում է ընդդիմության շուրջ միավորումները։ Նրա մոտ այդ համախմբումները փոփոխությունների, լավ կյանքի հույսեր են արթնացնում։ Միմյանց կողքի կանգնած ընդդիմության լիդերները հասարակական գորովանքի, հոգածության առարկա են դառնում, իրենց ետեւից զանգվածներ տանում։ Բայց դա մեզանում լինում է 10-15 տարին մեկ, երբ դանակը ոսկորին է հասնում։