Մասնակիցները պետք է առնվազն 5 տարի աշխատած լինեն Հայաստանում

Մասնակիցները պետք է առնվազն 5 տարի աշխատած լինեն Հայաստանում

Այսօր Ջրային տնտեսության պետական կոմիտեում ավարտվեց խմելու ջրի մատակարար ընտրելու համար հայտարարված մրցույթի առաջին՝ նախաորակավորման փուլը։ Ընտրվեցին այն կազմակերպությունները, որոնք մասնագիտական փորձառությամբ, ֆինանսական կարողություններով և այլ չափանիշներով համապատասխանում են կառավարության պահանջներին։ Բոլոր 4 կազմակերպությունների հայտերը բավարար են գնահատվել։ Խոսքը ֆրանսիական «Սաուր ՍԱՍ» և «Վեոլա» ընկերությունների մասին է, որոնք ապահովում են համապատասխանաբար Հայաստանի մարզերի և Երևանի ջրամատակարարումը, գազի ներտնային համակարգը սպասարկող «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի և գերմանական մի քանի ընկերությունների կոնսորցիումի մասին է, ինչպես նաև իտալական «Աչեա» ընկերության, որը 1999-2005 թվականներին Երևանի ջրմուղի առաջին կառավարիչն է եղել։ Այժմ նախաորակավորման փուլն անցած 4 կազմակերպությունների ցանկը ներկայացվելու է կառավարության հաստատմանը, որից հետո այս կազմակերպությունները կստանան բուն մրցույթին մասնակցելու հրավերներ և 90 օրում հայտեր կլրացնեն։ «Սա ընդամենը մրցույթին մասնակցելու իրավունք էր, - օրն ամփոփեց Ջրային տնտեսության կոմիտեի նախագահի խորհրդական Վիկտոր Մարտիրոսյանը, - մեզ ուրախացնում է այն, որ 4 մասնակիցներ ունենք։ Սա առավելագույն քանակն էր, որ մենք ակնկալում էինք, քանի որ ընկերություններին ներկայացված պահանջներից մեկը հայաստանյան փորձի առկայությունն էր։ Այսինքն, այն պետք է 5 տարվա աշխատանքի փորձ ունենար Հայաստանում»։



Ըստ Մարտիրոսյանի, պահանջն այս մասնակիցների թիվը սահմանափակելու նպատակ չունի, և եթե որևէ ընկերություն ցանկանում էր մասնակցել, նա կարող էր այս պահանջին բավարարող մեկ այլ ընկերության հետ միավորվել։ Ի վերջո, այդպես արեց «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ն, որի անունը կապվում է նախկին քաղաքապետ, «Գազպրոմ-Արմենիայի» նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի հետ։ Այս ընկերությունը չուներ ջրամատակարարման ոլորտում փորձ, բայց տարիներ շարունակ Հայաստանում էր աշխատել։ Ահա ինչու այն հանդես եկավ ջրամատակարարմամբ զբաղվող գերմանական մի քանի ընկերությունների հետ, և փոխադարձաբար օգտակար լինելով, ընկերությունների այս խումբը մասնակցեց մրցույթի։ Ըստ որոշ կանխատեսումների՝ հենց «Էյ-Ի-Ջի-Սերվիս»-ն է հաղթելու։ Սակայն մրցույթի կազմակերպման հարցերով զբաղվող Վիկտոր Մարտիրոսյանը վստահեցնում է որ այս պահին կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, որովհետև հաղթելու է նա, ով ցածր սակագին կներկայացնի։ «Այս առումով, չեմ կարծում, որ երկրում կա որևէ մեկը, ով գոնե մոտավոր գուշակի հաղթողին։ Բոլոր մասնակիցներն էլ հզոր և մասնագիտական մեծ փորձ ու կարողություններ ունեցող ընկերություններ են», - ասաց նա։



Սյուզան Սիմոնյան