Ռուբեն Ջաղինյանը ծառ է կտրում, որ տեղը ծառ աճեցնեն, կամ Ջազի «բոստանը»

Ռուբեն Ջաղինյանը ծառ է կտրում, որ տեղը ծառ աճեցնեն, կամ Ջազի «բոստանը»

Ռադիոտան բակում արծաթափայլ եղևնիներ են կտրել, ինչպես նաեւ այլ ծառեր ու թփեր։ Կարելի է ասել՝ ողջ բուսականությունը, որ այստեղ եղել է խորհրդային ժամանակներից, վերացրել են։ Գետնին տապալված կանաչ սաղարթներն ու թարմ, լացող կոճղերը ֆիքսել է «Ա1+»-ի տեսախցիկը։ Ռադիոտան աշխատակիցների հետ հարցուփորձից պարզեցինք, որ կտրվել է մոտ 25-30 արծաթափայլ եղևնի, ինչը հանցագործություն է։ 



Ակտավորե՞լ է արդյոք բնապահպանության տեսչությունը արծաթափայլ եղևնիների հատումները։ Տեսչության պետ Հակոբ Գալստյանի ընդունարանից խոստացան պատասխանել ու  գնացին տուն՝ զանգերին այլևս չպատասխանելով։ 



Հեռուստառադիոխորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը, պարզվում է, տեղյակ էր ծառերի սպանդից։ «Իհարկե, տեղյակ եմ, - ասաց նա, - ծառատունկի են պատրաստվում, այստեղ մեծ ծառատունկ է շուտով լինելու, գեղեցիկ, նոր ծառեր են  տնկվելու»։ Դրա համար անհրաժեշտ էր կտրե՞լ եղած ծառերը։ «Դրանք փչացած ծառեր էին», - պատասխանեց Ջաղինյանը։ Մինչդեռ ռադիոտան աշխատակիցները պատմում են, որ կտրտված թփերն ու ծառերը բողբոջել էին․ «Այդտեղ փչացած ծառ չկար, քանի որ ռադիոտունը միշտ այգեպան է ունեցել։ Մրգատու ծառեր էին, բողբոջներով, արծաթափայլ ահռելի եղևնիներ»։ Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը սարսուռ ապրեց՝ լուսանկարները տեսնելով։ «Կարևոր չի, ռադիոտան բակում են ծառերը, թե ուրիշ տեղ։ Ոչ ոք իրավունք չուներ կտրել դրանք։ Արծաթափայլ եղևնիները շատ արժեքավոր ծառեր են։ Քաղաքային էկոլոգիական տեսչությունն անպայման պետք է ակտավորի, որ արծաթափայլ եղևնիներ են կտրել, - ասաց նա, -  սա դատական գործ է»։ Բնապահպանը նաև տեղեկացրեց, որ արծաթափայլ եղևնիները շատ դժվար աճող ծառեր են, հատուկ խնամք պահանջող, և դրանք աճեցնելը բարդ է։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսնակ Արթուր Գևորգյանն էլ ժամանակ պահանջեց հարցն ուսումնասիրելու և խոստացավ տեղեկատվություն տրամադրել վաղը։