Ասեցին «այո» ասեք, լավ կլինի, հիմա տեսնենք՝ այս տարի «այո»-ն այո կլինի

Ասեցին «այո» ասեք, լավ կլինի, հիմա տեսնենք՝ այս տարի «այո»-ն այո կլինի

Գարունը բացվելուն պես սկսվել են գյուղատնտեսական աշխատանքները: Արարատի եւ Արմավիրի մարզերում ծառերը մաքրել են ու էտել: Այս տարի էլ կրկին հողի հետ «կռիվ» կտա գյուղացին՝ հավատալով, որ եղանակը բարենպաստ կգտնվի, այլապես գյուղատնտեսությամբ ու այգեգործությամբ զբաղվող գյուղացիները վարկերի ու պարտքերի մեջ թաղված ստիպված կթողնեն հողի մշակումն ու կմեկնեն արտագնա աշխատանքի: Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի բնակիչների դժգոհությունը հասել է սահմանագծին: Չկա ոռոգման ջուր, չկա պետության աջակցություն, արդյունքում գյուղացիները վարկերի տակ «ճռռում են»՝ դառը բանում, դատարկ նստում են: 47-ամյա Սերոբ Մելիքյանը այս տարի կրկին վարկ է վերցրել՝ հույս ունենալով, որ գոնե այս տարի եղանակը բարենապաստ կլինի, կկարողանա եւ եկամուտ ունենալ, եւ վարկերը փակել, հակառակ դեպքում՝ ստիպված է թողնել ամեն ինչ ու հեռանալ գյուղից. «Կառավարությունը կարողանում է միայն վարկեր տրամադրել, ու վարկերը ստանալ: Գյուղացիներին ոչ մի օգուտ չի տալիս: Երկու տարի անընդմեջ կարկուտը վնասեց բերք, ոչ մի օգնություն չստացանք: 2 տարվա վարկը չկարողացա փակել, ստիպված այս տարի ռիսկ եմ արել, 6000դոլար գյուղատնտեսական վարկ եմ վերցրել 12%-ով, որից 4000 դոլարը նախկին վարկերն եմ փակել, մնացածը կրկին դնելու եմ գործի մեջ, եթե այս տարի էլ չարչարվեցինք, ոչինչ չեղավ կամ գյուղից կգնամ, կամ էլ պիտի գնանք կախվենք, էլ հնար- ճար չկա: Հիմա պարարտանյութ են բաժանում, գյուղացու ձեռը փող չկա, որ լույսի ու գազի վարձ փակի, էս նեղ պահին ոնց կարա 10 պարկ պարարտանյութ գնել, ստիպված որոշ ժամանակ անց թանկ են առնում, կամ նիսա վերցնում: Ժողովուրդը շատ լցված է էս պետության դեմ, գյուղում ոռոգման ջուր չկա, ամռանը մեր բերքը չորանում է: Ասեցին «այո» ասեք, լավ կլինի, հիմա տեսնենք՝ այս տարի «այո»-ն այո կլինի»:



Ջրառատի մեկ այլ բնակիչ՝ Ռուդիկ Մինասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գյուղում կարելի է մատների վրա հաշվել մարդկանց, ովքեր վարկերի տակ չեն. «Սկզբից բերքը կարողանում ենք վաճառել, հետո կտրուկ գինը ընկնում է: Շատ ենք ծախս լինում, չենք էլ կարողանում մեր ծախսերը հանենք: Հազիվ վարկ ենք փակում, հետո նորից վարկ վերցնում, միայն պետությունն է օգտվում: Ըստեղ են ասել պետությանը հասկն ու ցողունը, իսկ գյուղացուն արմատն՝ հողումը»: «Արդեն մի քանի տարի է, ինչ բնակիչները վարկ են վերցնում, զբաղվում հողագործությամբ, մի տարի կարկուտի պատճառով, իսկ տարիներ շարունակ ոռոգման ջրի պատճառով մարդիկ չեն կարողանում բերք ստանալ, վարկերը ժամանակին փակել, հիմա լուրջ խնդիրներ ունեն բանկերի հետ: Այս տարի մտավախություն ունենք, որ կրկին ոռոջման ջուր չենք ունենա, չնայած խոստացել են, բայց չգիտենք, որքանով ճիշտ կլինի»,- ասաց Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանը:



Ի դեպ, ջրառատցիների հետ զրույցում նշում էին, որ գնալով մարդիկ քչանում են, փոխարենը գյուղում արագիլներն են շատանում: Վարկերի տան կքած, ու բանկերի «սեւ» ցուցակներում են հայտնվել Արմավիրի եւ Արարատի մարզի գյուղական համանյքների բնակիչները: Արեւիկ համայնքի ղեկավար Գառնիկ Ծատուրյանը նույնպես մտահոգված է բնակիչների այդ վիճակից, գյուղում խաղողի հետ կապված իրացման խնդիր կար. «Աշնանը մեկ ամիս շարունակ անձրեւ եկավ եւ խաղողը փչացավ: Մեր մոտ սեղանի սորտն է, դա էլ գործարանը չի ընդունում, գյուղացին անգամ 20 դրանով խաղող հանձնեց: Սկի իր բանվորի փողը չհանեց, ու մնաց վարկ փակի»: Եղանակային անբարենպաստ պայմանները, բերքի հետ կապված իրացման խնդիրը, ոռոգման ջուր չունենալը եւ բազում այլ խնդիրներ գյուղացուն կանգնեցնում են երկընտրանքի առաջ, չգիտի հող մշակի, թե ոչ, իսկ հին վարկը փակելու համար գյուղացին նոր վարկի տակ է ընկնում:



Նելլի Կարապետյան