Նորից զոհեր եւ շոկ

Նորից զոհեր եւ շոկ

Մինչ աշխարհը վրդովվում, զայրանում, հուզվում է Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների առիթով, մենք՝ հայկական լեռնաշխարհում մեկուսացած, զբաղված ենք մեր նեղ-հայկական հարցերով․ Ընտրական օրենսգիրք ենք քննարկում, Հրազդանի քաղաքապետի թեկնածուների հայտարարություններն ենք հրապարակում, Զատիկի առիթով գունավոր ճուտիկներ ենք վաճառում, ցրտահարությունների վնասներն ենք գնահատում, առաջիկա օրերի եղանակի տեսությունն ենք ուսումնասիրում։ Իսկ աշխարհը քննարկում է Բրյուսելի պայթյունները։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Բրյուսելում 34 մարդու կյանք խլած ահաբեկչության պատասխանատվությունը: Ահաբեկչություն, որի ժամանակ նաեւ մեծ թվով մարդիկ սթրեսի են ենթարկվել, վախեցել, խաթարվել է երկրի բնականոն կյանքը, դադարեցվել են թռիչքները դեպի Բրյուսել եւ հակառակ ուղղություններով։ Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանում եւ մետրոյի կայարանում տեղի ունեցած պայթյուններից վիրավորվել է ավելի քան 180 մարդ: Բելգիայի վարչապետն արդեն հայտարարել է, որ «մարտի 22-ը սեւ օր էր Բելգիայի համար», եւ կատարված ահաբեկչությունն անվանել է «ստորություն»։ Ոմանք կապ են տեսնում երեկ կատարված ահաբեկչության եւ չորս օր առաջ Բրյուսելում տեղի ունեցած ձերբակալության միջեւ։ Կարծում են, որ անցած նոյեմբերին Փարիզում 130 մարդու կյանք խլած ահաբեկչական խմբի ղեկավարներից մեկի ձերբակալությունը Բրյուսելում Բելգիայի մայրաքաղաքի վրա է սեւեռել ահաբեկիչների հայացքը, եւ նրանք վրեժի են դիմել։ Դժվար է ասել, թե որքանով է այս վարկածը մոտ իրականությանը, սակայն փաստ է, որ սահմանները ջնջած Եվրոպան այլեւս անպաշտպան է արեւելքից հորդող ահաբեկչության առաջ։ Եվ առայժմ չի գտել դրա դեմ պայքարելու եղանակը։