Վիեննայից առաջ Ադրբեջանը կրակի դադարեցման պայման է դնում

Վիեննայից առաջ Ադրբեջանը կրակի դադարեցման պայման է դնում

Քիչ առաջ Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչությունը հայտնեց կրակի դադարեցման պայմանների մասին։ Խոսնակ Հիքմեդ Հաջիևն ասել է «ՌԻԱ նովոստի» գործակալությանը, որ «Հայաստանը պետք է ՄԱԿ-ի ռեզոլյուցիաներին համապատասխան ազատի օկուպացված տարածքները և ապահովի Ադրբեջանի լիարժեք սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը»։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն այս և նմանատիպ հայտարարությունները դիտարկում է ԼՂ իրադրության սրվելու կապակցությամբ վաղը Վիեննայում կայանալիք Մինսկի խմբի քննարկումների կոնտեքստում։ «Սա նշանակում է, որ իրենք «թանկացնում» են իրենց վաղվա Մինսկի խմբի համանախագահների հանդիպումից առաջ։ Այս պահին դժվար է կանխատեսել, թե որքան կտևի կոնֆլիկտը։ Համատեղ հանդիպումից հետո ամեն ինչ պարզ կդառնա։ Իսկ այս պահին հարցը լուծում է ոչ թե դիվանագիտությունն ու քաղաքականությունը, այլ հայ հետևակը, դիրքապահը, հայ զինվորը», - ասում է քաղաքագետը։ 



- Հակասություն չե՞ք տեսնում Ադրբեջանի այս հայտարարությունների և կրակը միակողմանիորեն դադարեցնելու պնդումների մեջ։



-Ոչ թե հակասություն է, այլ դա պրոպագանդիստական բլեֆ է, որը կոչված է քողարկելու հակառակ Ադրբեջանի հակառակ մոտիվները։ Քանի որ փաստ է, որ Ադրբեջանն է նախաձեռնել լարվածությունը և սա անդառնալի քաղաքական կորուստներ է պատճառել Ադրբեջանին, նրանք նման բլեֆներով փորձում են կորսվածը հետ բերել, մեղքը բարդել հայկական կողմի վրա, բայց դա նրանց մոտ չի ստացվում։ 



- Ինչպե՞ս հասկանալ, թե ում կողմն է հաջողությունը, երբ պատերազմական իրավիճակի սկզբունքներին համաձայն, երկու կողմերն էլ վստահեցնում են, որ մեծ հաջողություններ ունեն։



- Վերլուծելով ռազմաճակատում ստեղծված իրավիճակից։ Քանի որ հայկական կողմը պաշտպանվում է, իսկ նրանք հարձակվում են, որպեսզի իրավիճակ փոխեն ու նրանց մոտ դա չի ստացվում, հետևապես, հաջողությունը հայկական կողմում է։



Սյուզան Սիմոնյան