Հիմա կան պետություններ, որոնք սիլի-բիլի են անում Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ․ Շարմազանով

Հիմա կան պետություններ, որոնք սիլի-բիլի են անում Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ․ Շարմազանով

Այսօր սպասվում է ԵԱՀԿ անդամ երկրների նիստը։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում դժվարացավ գուշակել, թե ինչ կփոխվի նրանց դիրքորոշումներում նիստից հետո, բայց Սերժ Սարգսյանի ուղերձը՝ ուղղված նրանց դեսպաններին, շատ հստակ էր։



«Պարոն նախագահը շատ հստակ նշեց, որ նախևառաջ հրադադարի ռեժիմը և ահաբեկչական գործողությունների հեղինակը Ադրբեջանն է, և դա նրանց դիվանագետները, նույնիսկ նրանց նախագահը չեն թաքցրել։ Երկրորդ՝ Ադրբեջանը, ուզի թե չուզի, պարտավոր է բանակցություն վարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, որովհետև 94 թվականի զինադադարի ռեժիմը կնքել են նաև Ղարաբաղի հետ։ Եվ եթե մենք խոսում ենք հրադադարի ռեժիմին անցնելու մասին, ապա կա գործող զինադադարի համաձայնագիր՝ ստորագրված 1994 թվականի մայիսի 12-ին, և կան պետություններ, որոնք պետք է կլինեն այդ զինադադարի երաշխավորները։ Երրորդը դա ոչ հասցեական գնահատականներն են, որոնք ոչ միայն չեն օժանդակում, այլեւ այսօր, մեր համոզմամբ, խանգարում են, խոչընդոտում են խնդրի կարգավորմանը և նոր թևեր են տալիս ահաբեկչին»,- ասաց նա։



Ըստ նրա՝ մենք տեսել ենք, թե ինչպես էր 1930-ական թվականներին քաղաքակիրթ Եվրոպան, ինչո՞ւ չէ, նաև Խորհրդային միությունը, «սիլի-բիլի» անում Ադոլֆ Հիտլերի հետ, մինչև որ Հիտլերը չսկսեց Երկրորդ աշխարհամարտը: 
«Հիմա կան պետություններ, որոնք սիլի-բիլի են անում Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, և մենք տեսնում ենք, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը լուրջ սպառնալիք են հանդիսանում մեր տարածաշրջանի համար»,- ասաց Շարմազանովը՝ նշելով նաև նախագահի չորրորդ մեսիջը՝ ուղղված ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին։
Իսկ չորրորդ մեսիջն ուղղված էր հենց Թուրքիային։



«Թուրքիան որպես՝ չասեմ ահաբեկչական պետություն, բայց պետություն, որը կապ ունի ահաբեկչության հետ, մի պետություն, որն արդարացնում է Ադրբեջանի գործողությունները, 12-ամյա երեխայի, տարեց մարդկանց դաժանաբար սպանության հարցը, այդ պետությունը որևէ անելիք չի կարող ունենալ կարգավորման գործընթացում»,-նշեց Շարմազանովը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ