Գործողությունը սկսվեց հիմա, որովհետև ապրիլի 11-ին որոշվելու է իրանական գազի ուղեգիծը

Գործողությունը սկսվեց հիմա, որովհետև ապրիլի 11-ին որոշվելու է իրանական գազի ուղեգիծը

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների շուրջ զրուցել ենք ՀՀՇ-ական գործիչ Երջանիկ Աբգարյանի հետ



- Ձեր կարծիքով, ի՞նչն էր պատճառը, որ հենց հիմա սկսվեց պատերազմը։ Եթե սա պատերազմ է։



- Այս ռազմական գործողության հենց հիմա սկսվելը կապված է մեր տարածաշրջանում արտաքին քաղաքական իրադրության կտրուկ փոփոխության հետ, որի նախաձեռնողները եղան Ռուսաստանը եւ Թուրքիան։ Նրանք ապակառուցողական տարածաշրջանային եւ միջազգային գործունեությամբ փորձում են Հարավային Կովկասը ներքաշել Մերձավոր Արեւելքի անկայունության ոլորտը եւ ղարաբաղյան հարցը լուծել միմիայն իրենց շահերին համապատասխանող ձեւով՝ այսպես կամ այնպես Արցախը Ադրբեջանին հանձնելով: Ադրբեջանական այս ագրեսիայի պատճառները բազմաթիվ են, բայց ես համառոտակի կնշեմ դրանցից միայն երկուսը։ Առաջին. եթե ադրբեջանցիները երկար ձգձգեն այս ռազմական «սահմանափակ» հռչակված ընդհարումը, ապա դա կնշանակի, որ նրանք ձգտում են դրանց միջոցով պարզել, թե հայաստանյան տնտեսությունը որքան ժամանակ է ի վիճակի կրել պատերազմական բեռը եւ ե՞րբ մեր երկրում սպասելի կդառնան սոցիալական ընդվզումների բռնկումները: Այսպիսի նպատակադրման ձախողումը մենք կարող ենք իրականացնել շփման գիծը հնարավորինս զգալիորեն դեպի արեւելք մղելու միջոցով: Երկրորդ։ Ապրիլի 11-ին Դոնի Ռոստովում որոշվելու է իրանական գազի՝ դեպի Եվրոպա ձգվող ուղեգիծը: Առաջնահերթորեն քննարկվելու է դրա ամենակարճ եւ, հետեւաբար, ամենաէժան տարբերակը՝ Իրան-Հայաստան-Վրաստան ուղեգիծը: Ռոստովյան այդ բանակցություններին մասնակցելու են տարածաշրջանի վեց շահագրգիռ երկրներից չորսը: Ադրբեջանը եւ Թուրքիան չեն մասնակցելու այդ բանակցություններին: Հայտնի է, որ այդ չորս մասնակիցներից միմիայն մեկի՝ Ռուսաստանի շահերին չի համապատասխանում սույն ուղեգծի կառուցումը, որովհետեւ դա պայմանավորվում է Եվրոպային գազ մատակարարող նոր ու հզոր մրցակցի ի հայտ գալու հետ: Նախ ես «չեմ հասկանում» թե ծրագրի մասնակից երեք անկախ երկրներն ինչո՞ւ են համաձայնել, որ այս ծրագրի քննարկմանը մասնակից դառնա նաեւ Ռուսաստանը, որը ոչ մի իրավասություն չունի մյուս մասնակիցների տարածքներում կառույցների ստեղծման հարցերում եւ ակնհայտորեն դեմ է այդ ծրագրի իրականացմանը: Եւ ապա՝ ի՞նչ է, միայն Ռուսաստա՞նն ունի պետական եւ ազգային շահեր: Կարծում եմ Հայաստանի ղեկավարությունը գոնե այս հարցում պարտավոր է իր մեջ ուժ գտնել եւ կտրականապես մերժել ռուսական այն ճնշումները, որոնք առնչվում են վերոհիշյալ ծրագրին Հայաստանի մասնակցության հետ: Պետք է լրջագույս վերաբերվել եւ հասկանալ այդ ծրագրին մասնակցելը Հայաստանի որպես պետության փրկության վերջին շանսն է: Եւ այսպիսի հարցում որեւէ օտար երկրի ճնշումներին ենթարկվելը հավասարազոր է պետական ծայրագույն հանցագործության՝ դավաճանության:



-Ռուսական լրատվամիջոցները ռազմական գործողությունների վերսկսման առաջին օրը ավելի կոշտ էին արտահայտվում Ադրբեջանի վերաբերյալ, իսկ երեկ և ապրիլի 3-ին արդեն հավասարակշռված էին լուսաբանում կոնֆլիկտը: Ինչո՞ւ։



- Չհավատաք, որ երբեւէ ռուսները կարող են լուրջ ընդունել հայկական ազգային եւ պետական շահերը: Նրանք հայերի հետ հարաբերվելիս (դե մենք պետություն չենք ունեցել, կամ մեր անկախության որոշակի փուլում` սկսած 1998-ից, ունեցել ենք ռուսական գործակալների իշխանություն) մշտապես օգտագործել են իրենց ավանդական ստորամտությունը, խաբեությունը, կեղծավորությունն ու երկերեսությունը: Հայոց իրական պատմության մեջ միմիայն դրանք են փաստարկված եւ այլ բնույթի ոչինչ չկա հայ-ռուսական հարաբերություններում: Ներկա պարագայում պուտինյան պեսկովներն են ուղղություն տալիս` առաջին ձեռից ստանալով համապատասխան հրահանգները, որոնք սովորաբար մեկ-երկու օր ուշացումով են հայտնվում: Տվյալ դեպքում եւս նույնն է կատարվել՝ Ռուսատանի ղեկավարը պաշտոնապես ուղղորդում է տրվել հասարակական կարծիքին: Ամեն ինչ մթագնելը Ռուսաստանում ընդունված եւ սովորական իրողություն է: Ահա հենց սա է այդպես կոչված «ռուսական գործոնի ազդեցությունը»: Բացի այդ, Ռուսաստանն ինքը ագրեսոր պետություն է, ինչո՞ւ պետք է աջակցություն ցույց տա դրա զոհին, երբ ինքն ակնհայտորեն դավադիր մասնակցություն ունի այդ գործում: Իր անելիքն ինքը գիտի, իսկ թե ի՛նչ է անելու, բոլորս էլ գիտենք: Կարմիր կովն իր կաշին չի փոխի:



-Հնարավո՞ր է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն ցանկանում են Սիրիայից հետո լարվածության նոր օջախ ստեղծել ռուսների համար` թուլացնելու, ՌԴ-ին ֆինանսապոս հալումաշ անելու նպատակով։



-Որ Հարավային Կովկասում Թուրքիան ու Ռուսաստանը այդպիսի օջախ են ուզում ստեղծել ղարաբաղյան հարցը իրենց շահերին համապատասխան լուծելու համար, արդեն դա հիմնավորող բավականին հիմքեր կան: Բայց որ ԱՄՆ-ն ցանկանում է այս տարածաշրջանում լարվածության նոր օջախ ստեղծել, դրա վերաբերյալ ես որեւէ փաստական տվյալների չեմ տիրապետում: Ռուսաստանն իր ներկա ղեկավարի ձեռքից է, որ վերջին տարիների ֆինանսապես հալումաշ է լինում: Իսկ որ ԱՄՆ-ը արդարացիորեն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում նրա ղրիմյան ագրեսիայի եւ անհամարժեք միջազգային վարքագծի համար, սա բոլորիս հայտնի փաստ է: Փաստ է նաեւ այն, որ Միացյալ Նահանգներն օրեցօր խստացնում են իրենց քննադատությունները Էրդողանի բռնակալական վարչախմբի հանդեպ: Էլ ի՞նչ կարիքից ելնելով է, որ ամերիկացիները նպատակ դնեն Հարավային Կովկասում ստեղծել «նոր լարվածության օջախ», երբ այդպիսին վաղուց է մխում մեր տարածաշրջանում, իսկ այս օրերին այն վերածվել է մահասփյուռ հրդեհի:



- Դուք նկատել էիք, որ վերջերս ռուսական զինուժ է կուտակվում Հայաստանում, սա ինչ-որ դեր խաղացե՞լ է ռազմական գործողությունների վերսկսման մեջ։



- Վստահ չեմ: Բայց կասկած չունեմ, որ Հայաստանում հաստատված ռուս ձրիակեր զինվորականությունը անտես չի կարող թողնել ընթացող ռազմական ընդհարումները, որոնց մասին տեղեկատվությունն այն պարտավոր է զեկուցել ՌԴ ՊՆ-ի եւ ԱԴԾ-ի իր ղեկավարությանը:



- Հնարավո՞ր է, որ ռազմական գործողությունները «սարքվել» են ԼՂՀ 7 շրջանները Ադրբեջանին հանձնելու համար ֆոն ստեղծելու նպատակով։ 



-Չեմ կարող բացառել նույնիսկ, որ ընթացող եւ ավելի բորբոքվող ընդհարումները կարող են ռուսների պատվերով նախապես պայմանավորված գործողությունների արդյունք լինել: Առայժմ ես չեմ տեսնում առկա ընդհարումները կարճելու ազդեցիկ փորձեր: Պուտինին «մերոնք» ոչ ասելու ընդունակ չեն: Բայց վստահ եմ, որ դա բացահայտվելուց հետո դրա պատասխանատուները իրենց այդպիսի վարքագծի համար դաժանագույն պատիժ են կրելու եւ ոչ մի Պուտին դրա դեմն առնելու տարբերակ չի փնտրի: Նա թքած ունի իր երեկվա գործակալների վրա: Եւ այն էլ՝ հայ:



Սյուզան Սիմոնյան