ԱԺ փակ քննարկումն ավարտվեց, պատգամավորները ոգեւորված են

ԱԺ փակ քննարկումն ավարտվեց, պատգամավորները ոգեւորված են

Ազգային ժողովում քիչ առաջ ավարտվել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ փակ քննարկումը: Քննարկման ժամանակ ելույթ են ունեցել փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը եւ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Առաջինն անդրադարձել է դիվանագիտական հարցերին, մյուսը` ռազմական: Պատգամավորները բավարարված ու ոգեւորված են դուրս եկել քննարկումից, ասում էին՝ հրադադարը կպահպանվի:



Hraparak.am-ի հարցին, թե հայկական կողմի կորցրած դիրքերի հարցը ինչպես է լուծվելու, պատասխանեցին, որ եթե ինչ-որ տարածքներում մի քանի մետր կորցրել ենք, կան տեղեր, որ մերոնք առաջ են գնացել, այնպես որ կորուստը մեծ չէ:



Իսկ թե ով է դեր խաղացել հրադադարի հարցում, օրենսդիրները  նշել են, որ երբ ադրբեջանցիները հայտարարել են Ստեփանակերտը ռմբակոծելու մասին, դրսից մեծ միջամտություն է եղել: Նախ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն է զանգել Ալիեւին եւ կոշտ զրույց ունեցել, Գերմանիան է միջամտել եւ իհարկե` ռուսները, երեկոյան Պուտինը հեռախոսազրույց է ունեցել եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի նախագահների հետ, այս ամենի արդյունքում էլ հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել:



Նշենք, որ ապրիլի 2-ից սկսած ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում թեժ մարտեր են ընթանում, երկու կողմերն էլ ունեն զոհեր եւ վիրավորներ, այսօր վերջապես ձեռք է բերվել հրադադարի պայմանավորվածություն: Թեեւ հատուկենտ կրակոցներ հնչում են, բայց պատերազմական բուռն գործողություններ այժմ չեն ընթանում։