Դավիթ Մաթեւոսյան․«Այսօր զինադադարի հաստատումն ավելի հեշտ է, քան 1994 թվականին»

Դավիթ Մաթեւոսյան․«Այսօր զինադադարի հաստատումն ավելի հեշտ է, քան 1994 թվականին»

Արցախյան իրավիճակի, պատերազմի եւ խաղաղության մասին խոսեցինք ղարաբաղյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ, նախկին պատգամավոր, 1991-95-ին Մեղրիի ՆԳ բաժնի պետ Դավիթ Մաթեւոսյանի հետ: 



- Որպես պատերազմական գործողություն, ներկայինս ինչո՞վ է տարբերվում 90-ականների սկզբի մարտերից։



- Նախ, փառք Աստծո, որ զինադադար հաստատվեց։ Գլուխ խոնարհենք զոհվածների հիշատակի առաջ։ Այսօր գործիքները փոխվել են ուղղակի։ Եթե այն ժամանակ ոտքով եւ կրակող ինչ-որ բանով հնարավոր էր հաջողություններ արձանագրել, այսօր պետք է նաեւ ռազմական ինտելեկտ, լավագույնս տիրապետել այն բոլոր սպառազինության գործիքներին, որոնք ունի ՀՀ բանակը, եւ այդ առումով ունենալ առավելություն։ Հակառակ դեպքում միայն ոգին եւ ձգան քաշելու ունակությունը չեն հերիքի որեւէ հաջողություն արձանագրել։



- Հնարավո՞ր է, որ զինադադարը կապված է զուտ համանախագահողների այցի հետ Արցախ,եւ սա ժամանակավոր դադար լինի։



- Քանի իրավական ձեւակերպում չի տրվել, դադարը, իհարկե, ժամանակավոր է, եւ համանախագահների հանդիպումն ու այցելությունը գործոններից մեկն է։ Երեւում է նաեւ Ռուսաստանի դերակատարումը, եւ այն ավելի ծանրակշիռ է։ Ես ցանկություն ունեմ, որ այս խնդիրը հանգուցալուծվի։ Հակառակ դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մի ամսից, մեկ տարուց, մի քանի տարուց նույն բանն ավելի հուժկու չի կրկնվի։ Այդ դեպքում կյանքը գալիս է իր բնականոն հունին, կորուստներն են ափսոս։ Երիտասարդներն են ափսոս։



- Ստացվում է, որ թաղի կռիվ եղավ, ու երիտասարդները տուժեցին։ Իսկ քաղաքական ասպարեզում հանգուցալուծումը մո՞տ է։



- Երբ մարտն ավարտվում է, սրան հետեւելու է դիվանագիտական պատերազմը։ Հայկական կողմին հաջողություն մաղթենք։ Երկու խնդիր պետք է հանգուցալուծվի։ Մեկը՝ ներքաղաքական փոխհարաբերություններում։ Հայաստանի իշխանությունները պետք է վերադառնան իրականության դաշտ։ Իրենք շատ են կտրվել իրականությունից, իրենց համար ժողովուրդ ասածը ընդամենը իրենց բիզնեսն սպասարկելու միջոց էր դարձել, այսպես ասեմ։ Այս օրերին մեր ժողովուրդը ցույց տվեց, որ ինքն ավելիին է արժանի։ Թող փորձեն վերադառնալ մարդկային հուն։



- Այս տարիների ընթացքում կռված տղաներն ընկճված էին, սոցիալապես նվաստացած, բայց հայրենիքը պահանջեց, ու կրկին նրանք են գնում առաջնագիծ։ Փաստորեն, դժգոհությունն իշխանությունից չազդեց նրանց վարքի վրա։



- Այդ մարդիկ յուրատեսակ, բնատուր մարդիկ են, նրանց համար հայրենիքն ու իշխանությունը չեն նույնականացվում։ Դրանք շատ բարձր մարդիկ են։ Իհարկե, նրանք ծերացած են եւ միայն բարոյական աջակցություն կարող են ցույց տալ, որովհետեւ պատերազմի գործիքները փոխվել են, եւ շատ քչերը կարող են տիրապետել այդ գործիքներին, բայց, ամեն դեպքում, գնում են։



- Նայում ենք գնացողներին` օլիգարխներն ու իրենց զավակները չկան։ Դուք տեսել եք, անշուշտ, թե ով է գնում, եւ զոհվում են հասարակ ընտանիքների երեխաները։



- Այո, երբեք էլ չեն գնա օլիգարխների երեխաները։



- Ռազմական իրավիճակում ինֆորմացիա քիչ կա։ Դուք սա նորմա՞լ եք համարում։ Ինֆորմացիա պետք է լինի՞, թե՞ ճիշտ է, որ որոշ բաներ, այնուամենայնիվ, թաքցնեն։ Որքանո՞վ հավատալ պաշտոնական տեղեկություններին։ Գոնե ամենագլխավոր հարցում՝ կորուստների։



- Պետք է սպասել մի քանի օր։ Պատասխանատու մարմիններն էլ ամեն ինչ միանգամից չեն կարող իմանալ։ Հատկապես խոսքս վերաբերում է տխուր թեմաներին։ Դա շատ բարդ բան է իրականում։ Ամբողջ սահմանագծի երկայնքով իրադարձություններ են տեղի ունեցել, անսպասելի, չնախատեսված։ Այնպես որ, ամեն ինչ չէ, որ միանգամից կարելի է ասել։ Բոլոր այն բաները, որոնք կարող են խուճապ առաջացնել, իհարկե, պետք է միանգամից չասել, այլ աստիճանաբար, երբ որ մարդիկ պատրաստ լինեն այդ վիճակին։ Մյուս կողմից, ամեն ինչ չէ, որ միանգամից կարող են իմանալ։ Այդ առումով ամեն ինչ նորմալ է արվել, ճիշտ է արվել։



- Ժողովուրդն արդեն խոսում է, որ զոհերի իրական թիվն ավելի մեծ է։



- Չի բացառվում, եթե, մանավանդ, խոսքը գնում է անհետ կորածների մասին, որոնց իրական թվաքանակը կարող է եւ հայտնի չլինել այս պահին։ Տա Աստված, որ տղաները ողջ լինեն ու վերադառնան, թեկուզ գերու կարգավիճակում։



- Զինադադարի, կրակի դադարեցմանը հասնելը հիմա՞ է հեշտ, թե՞ 94 թվականին։



- Այն ժամանակ հեշտ հաջողվեց, ինչ-որ ժամից սկսած՝ դադարեցվեց։ Հիմա էլ պետք է որ արագ կատարվի։ Ռուսաստանի գործոնը կա, եռանախագահողների, Իրանն է փորձում միջնորդի դեր կատարել։ Բազմակողմանի են գործոնները։ Երկու կողմից էլ ռազմական ուժերը կատարելագործվել են, եւ մի հրամանով, այն տեղայնացնելու արդյունքում բոլորը հրամանին ենթարկվում են։ Այն ժամանակ ավելի դժվար էր, բայց մի բան հստակ էր։ Ադրբեջանը կապիտուլյացիայի չէր ենթարկվել, բայց ենթագիտակցորեն հայկական կողմին համարում էր հաղթող, իսկ մենք իրենց՝ պարտվող։ Երկու կողմն էլ ուժասպառ էին, եւ երկուսին էլ ձեռք էր տալիս զինադադարը։ Հետո, այն ժամանակ զինված ջոկատներ կային, խմբավորումներ, կապի միջոցներն էին թույլ, եւ շատ ավելի բարդ էր կարգավորելը կրակի դադարեցումը, նաեւ հոգեբանական առումով։ Հիմա հրամանի տակ են բոլորը եւ պարտավոր են կատարել այդ հրամանը։ Տա Աստված, որ խաղաղություն լինի։ Եվ սա կախված է ոչ միայն Աստծո, այլ իշխանությունների կամքից։ Իրոք, ափսոս են մեր երեխաները։



Սյուզան
ՍԻՄՈՆՅԱՆ