ԼՂՀ ճանաչման հարցում կարող են ի չիք դառնալ եւ «Ժառանգության», եւ ՀՀԿ-ի պլանները

ԼՂՀ ճանաչման հարցում կարող են ի չիք դառնալ եւ «Ժառանգության», եւ ՀՀԿ-ի պլանները

ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը, մասնավորապես նրա միակ եւ անկրկնելի անդամ Զարուհի Փոստանջյանը, վերաթարմացրել եւ նորից շրջանառության մեջ է դրել ԼՂՀ ճանաչման մասին օրենքի նախագիծը։ Այս նախագիծը մի քանի անգամ մտել է ԱԺ, մերժվել ՀՀԿ-ականների ու նաեւ մի շարք ընդդիմադիրների կողմից ու չի ընդունվել։ Այսօր, սակայն, իշխանություններն իրենք են «սպառնում» ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, եթե Ադրբեջանը չդադարեցնի պատերազմական գործողությունները Ղարաբաղի հետ սահմանին։ 



«Դուք գիտեք, որ 2007 թվականից, երբ առաջին անգամ «Ժառանգությունը» մտավ խորհրդարան, այս նախագիծը մեր խմբակցության առաջին նախագիծն էր, որ մտավ շրջանառության մեջ։ Շուրջ տասը տարի է անցել, որ մենք այս մասին խոսում ենք եւ կարծում ենք, որ այս նախագիծն արդեն իսկ պետք է ընդունված լիներ, եւ Արցախի անկախության օրինական ներկայացուցիչները պետք է հնարավորություն ունենային միջազգային հանրության հետ որպես առանձին սուբյեկտ շփվելու եւ մեր ազգային շահն առաջ տանելու, մինչդեռ նրանք զրկված են եղել այդ հնարավորությունից»,-ասաց նա։
Նկատեցիք, որ հնարավոր է՝ իշխանություններն էլ նմանատիպ նախագիծ ուղարկեն ԱԺ, հիմա ո՞րն է մտնելու ԱԺ օրակարգ քննարկման, ի՞ր նախագիծը, թե՞ ՀՀԿ-ի կամ գուցե անձամբ Սերժ Սարգսյանի, հարցրինք Զարուհի Փոստանջյանից։ Նա ասաց, որ իրենց համար էական չէ, թե դա ինչպես տեղի կունենա՝ իրե՞նց նախագծով, թե՞ իշխանությունների, իրենց համար միանշանակ է այն, որ ճանաչում պետք է տեղի ունենա․ «Եվ շատ եմ ցավում, որ Սերժ Սարգսյանը հանրաքվեից առաջ մի քանի խմբագիրների հետ իր հանդիպման ժամանակ հեգնեց մեզ, թե «Ժառանգությունը» պատերազմ է ուզում սկսել ԼՂՀ ճանաչմամբ, բայց հիմա ինքն է հայտարարում ճանաչման մասին»։



ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ Փոստանջյանի կողմից շրջանառության մեջ դրված նախագծի մասին ասաց․ «Չեմ համարում, որ ինքնագործունեությունը ճիշտ բան է, որովհետեւ հանրապետության նախագահը շատ հստակ հայտարարեց։ Մենք մի նախագիծ նախապատրաստում ենք ռազմաքաղաքական դաշինքին օրենքի ուժ տալու հետ կապված, ու նաեւ, եթե այնպես լայնածավալ այս գործողությունները զարգանան, դա կարող է բերել նաեւ Ղարաբաղի անկախության ճանաչման»։ Բաղդասարյանի խոսքով՝ այս ամենը դեռ քննարկման փուլում է, եւ չի կարծում, որ նման առիթի դեպքում, երբ որ արդեն հայտարարվում է այդ մասին, ինչ-որ բան իրենց վերագրելու համար կարելի է նման առաջարկներ անել։ «Նախկինում էլ էին եղել նման առաջարկներ, եւ պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ մենք այս գործողությունը կատարած լինեինք եւ Արցախի անկախությունը ճանաչած, հետո նման իրավիճակ ստեղծվեր, արդեն մենք ինչ խաղաքարտ էինք տալիս ադրբեջանցիներին, որ նրանք կասեին, թե մենք պարտադրված էինք այս պատերազմն սկսելուն»,-ասաց նա։
Իսկ հիմա, ըստ նրա, մենք պարտադրված ենք, որպես երաշխավորող կողմ, դա օրինականացնել եւ շարժվել առաջ։



Բաղդասարյանն ասաց նաեւ, որ հերթականության հարց չկա՝ սկզբում ռազմաքաղաքական դաշինքի՞ համաձայնագիրն ընդունել, հետո ԼՂՀ ճանաչման հարցը, թե՞ հակառակը․ «Մեկը մյուսին չի խագարում, կարելի է առանց ճանաչման նաեւ փոխհամագործակցության համաձայնագիր կնքել նման իրավիճակում, որովհետեւ մենք դրա իրավունքն ունենք, իրավաբանորեն հիմնավորում ենք, իսկ եթե տեսնենք, որ արդեն վերահսկողությունից դուրս է գալիս իրավիճակը, կարող ենք նաեւ գնալ ճանաչման քայլին»։ Մեր հարցին, թե կա՞ այստեղ ամբիցիայի խնդիր, թե ում նախագիծը քննարկվի, կարո՞ղ է «Ժառանգության» նախագիծը նորից չմտնի օրակարգ, Բաղդասարյանն ասաց․ «Ես կցանկանամ, որ ինքնագործունեությամբ չզբաղվեն, եւ եթե քաղաքական որոշում չլինի, նույն ճակատագրին կարժանանա, ինչ առաջ»։



Քանի որ երեկ օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ արցախյան շփման գծում հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել, սա կարո՞ղ է փոխել պլանները վերոնշյալ համաձայնագրի եւ ԼՂՀ ճանաչման հարցում։ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ դեռ քննարկումներն ընթանում են, եւ երբ հայկական կողմն արձագանքի, նոր կանդրադառնան դրան։ Ուստի խորհուրդ տվեց դեպքերից առաջ չընկնել, քանզի դեռեւս հստակ որոշում չկա։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ