Գրեթե առանց պաթոսի

Գրեթե առանց պաթոսի

ԱԺ հայտարարությունների ժամը երեկ անցավ միահամուռ հայրենասիրական ելույթների կրակահերթի տակ։ Առաջին համազարկը տվեց ԲՀԿ խմբակցության ֆորմալ անդամ Տիգրան Ուրիխանյանը, որը խոսեց այն մասին, թե ինչի մասին էր ցանկանում խոսել, բայց փոշմանել է, քանզի ժամն է խոնարհվելու զոհված զինվորների առաջ։ Ասաց ու թվարկեց զոհված տղաների անունները։ ԲՀԿ-ից «թնդանոթին» մոտեցան նաեւ խմբակցության իրական անդամները՝ Միքայել Մելքումյանն ու Վահե Էնֆիաջյանը։ Նրանց բոլորի ելույթ-կրակոցներն ուղղված էին, բնականաբար, Ալիեւին եւ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հանուն արդարության պետք է նշել, որ, բարեբախտաբար եւ ի պատիվ իրենց, այս անգամ նրանց հայրենասիրական-հակաադրբեջանական ելույթները գրեթե առանց պաթոսի էին։ ՀԱԿ խմբակցությունից էլ ելույթ ունեցան խմբակցության ոչ հարազատ զավակներ Նիկոլ Փաշինյանը, Լյուդմիլա Սարգսյանն ու հարազատներից Ստեփան Դեմիրճյանը, կիսահարազատներից Հրանտ Բագրատյանը, որը միջուկային զենք մշակելու եւ ագրամունտներին, սահակաշվիլիներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու կոչեր արեց՝ ամոթանք տալով արտգործնախարարությանը կրավորական ու անարժանապատիվ կեցվածքի համար։ ՕԵԿ-ից «շակալների» «պորտը տեղը դնելուն» նետվեցին Հովհաննես Մարգարյանն ու Մհեր Շահգելդյանը։ Մի խոսքով՝ բոլորը զույգերով ու եռյակներով էին։ Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ հետ չմնաց, բայց ավելի շատ հակառուսական տրամադրությամբ անդրադարձավ ՌԴ-ի կողմից հակառակորդին զենք վաճառելու փաստին։ Միայն ՀՅԴ-ն էր, որ ներկայացավ միանձնյա՝ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի ելույթով, որը կոչ արեց արժանի լինել կռվողներին եւ դադարեցնել թալանը, քանզի, ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասում՝ «փողը թուղթ է»։



ՀՀԿ-ն մարտի էր նետվել առավել քան լայն կազմով։ Իշխող կուսակցությունն իր անդամների միջոցով ոսոխի դեմ կիրառեց ողջ հրթիռահրետանային զինանոցը՝ հասարակ թնդանոթներից մինչեւ «սմերչ» ու գրադ կայանք։ Նախ մարդա մի համազարկ տվեցին հայրենասիրական ելույթների առաջամարտիկներ Վահրամ Մկրտչյանն ու Տաճատ Վարդապետյանը, վերջինս նաեւ արտասանեց, ինչպես Շարմազանովն ասաց՝ համեստորեն չնշելով, որ սեփական ստեղծագործությունն է ամբիոնից կարդում։ Հակաալիեւյան ելույթ ունեցավ նույնիսկ սյունեցի պատգամավոր, ԱԺ-ում միայն Սուրիկ Խաչատրյանի շահերի պաշտպանությամբ աչքի ընկած Հայկ Գրիգորյանը։ Հետո հերթը հասավ ՀՀԿ-ական տիկնանց։ Իշխող կանանց գումարտակից առաջինը առաջնագծում հայտնվեց Նաիրա Կարապետյանը, որը խոսեց «ամենավտանգավոր կենդանու՝ կատաղած ոչխարի մասին»։ Մտածում էինք՝ վերջ, ՀՀԿ-ի ՄԻԱԿ-ը միակն էր, որ պետք է իր փխրուն ուսերին տաներ ՀՀԿ մատյան գնդի ողջ ստրատեգիական մարտավարությունը։ Բայց՝ ոչ։ Էլ ի՞նչ հակաալիեւյան «շքերթ» առանց Մարգարիտ Եսայանի, նաեւ Ռուզաննա Մուրադյանի։ Ալիեւն այս անգամ էլ «էժան չպրծավ»։ ՀՀԿ կանայք մի լավ դաս տվեցին Լուկաշենկոյի «անկեղծ» գնահատանքին ու սիրուն արժանացած Մեհրիբան Ալիեւայի ամուսնուն։ Հայրենասիրական պաթոսի իր չափաբաժինը բերեց նաեւ Կարինե Պողոսյանը, որն աշխատեց հետ չմնալ մյուսներից։ Ամեն դեպքում, պահն այդպիսին էր՝ պաթետիկ ու պոպուլիստական, իսկ ելույթներն այս անգամ միայն ներքին լսարանին չէին ուղղված, այլ նաեւ արտաքին աշխարհին։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ