ԼՂՀ և ՀՀ խորհրդարանականները քննարկել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները

ԼՂՀ և ՀՀ խորհրդարանականները քննարկել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները

Ապրիլի 8-ին ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Արցախի և Հայաստանի խորհրդարանների պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանը և Հովհաննես Սահակյանը. տեղեկացնում է ԼՂՀ Ազգային Ժողովի մամուլի ծառայությունը։



Համատեղ նիստն սկսելուց առաջ, պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են այս օրերին հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված տղաների հիշատակը:



Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել ու համակողմանիորեն քննարկել ապրիլի 2-5-ը ղարաբաղաադրբեջանական սահմանին հակառակորդի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունների արդյունքում խաղաղ բնակչության հանդեպ բռնարարքների, այդ թվում՝ վայրագ սպանությունների, ինչպես նաև հայկական բնակավայրերի հրետակոծության հետևանքներն ուսումնասիրելու և միջազգային ատյաններին ներկայացնելու հարցերը:



Նիստին մասնակցել են ԼՂՀ ԱԺ պատգամավորներ, ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը, ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը և ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Լևոն Մարտիրոսյանը ու Զարուհի Փոստանջյանը:



ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանն ամփոփ ներկայացրել է ՄԻՊ գրասենյակի կողմից այս օրերին կատարած աշխատանքները և մատնանշել այն խոչընդոտները, որոնց հետևանքով Արցախն ուղիղ կերպով չի կարողանում դիմել միջազգային կառույցներին:



ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը տեղի ունեցածը առաջարկել է դիտարկել միջազգային կոնվենցիաների ընձեռած հնարավորությունների շրջանակներում և խորհուրդ տվել ծրագրել եվրոպական կառույցներում համապատասխան աշխատանքներ իրականացնելու քայլերը:



Համատեղ քննարկումների արդյունքում որոշվել է վերոնշյալ հարցերի հետ առնչություն ունեցող պետական մյուս կառույցների հետ համակարգել փաստերի հավաքագրման աշխատանքները և նախապատրաստվել միջազգային ատյաններում դրանք ներկայացնելու համար:



ՀՀ ԱԺ պատգամավորական պատվիրակությանն այնուհետև ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:



Հանդիպմանը ներկայացվել են նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և առաջիկա աշխատանքների ուղղությունները:



Խորհրդարանի ղեկավարն իր գործընկերներին տեղեկացրել է, որ նախորդ օրերին Արցախի պատգամավորները նույնպես քննարկել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքների ուսումնասիրման հետ կապված խորհրդարանական հատուկ հանձնախումբ ստեղծելու գաղափարը և այն արդեն ուրվագծվել է:



ՀՀ և ԼՂՀ խորհրդարանականների միջև ձեռք է բերվել այս հարցերում փոխգործակցությունն ակտիվացնելու և նախանշված ուղղություններով կոնկրետ քայլեր ձեռնարկելու պայմանավորվածություն: