Ռեկտորն իմ լավ ընկերն է

Ռեկտորն իմ լավ ընկերն է

Առաջիկայում, ամենայն հավանականությամբ՝ հունիսին, սպասվում են Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրություններ։ Գործող ռեկտորի՝ Կորյուն Աթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսին։ Խոսակցություն կա, որ ռեկտոր դառնալու հավակնություն ունի նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Վերջինս նույն համալսարանում դասախոս է, պրոֆեսոր եւ ամբիոնի վարիչ է աշխատում։ 



Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանն ասաց, որ թեկնածուների ցանկն առայժմ հայտնի չէ, քանզի մրցույթ դեռ չի հայտարարվել։ Հետեւաբար չգիտի, թե ովքեր կառաջադրվեն։ Կարող է միայն իր մասին ասել, որ ինքը ցանկություն ունի կրկին առաջադրվելու. «Էս պահին ցանկություն ունեմ, չգիտեմ՝ ավելի ուշ ինչ-որ բան կփոխվի, թե ոչ, բայց էս պահին ոնց որ ունեմ նման ցանկություն»։



Ինչ վերաբերում է Մելքումյանի առաջադրվելու մասին խոսակցություններին, պարոն Աթոյանն ասաց, որ չի լսել նման բան։ «Ճիշտն ասած՝ իր հետ շփվում եմ հաճախակի, մտերիմ ենք, բայց ինքն անընդհատ քաղաքական գործունեությունից է խոսում, եւ ես էս պահի դրությամբ, ճիշտն ասած, չեմ լսել նման բան։ Բայց եթե նույնիսկ նման ցանկություն ունի... չգիտեմ, դեռ մի տարի իրենք ժամանակ ունեն»,-ասաց նա, ապա ավելացրեց. «Բայց էս պահի դրությամբ, իհարկե, ես չեմ կարող որեւէ բան բացառել»։



Խոսեցինք նաեւ Միքայել Մելքումյանի հետ։ Վերջինս կտրականապես հերքեց, ասաց, որ նման բան չկա՝ ընդգծելով, որ առաջին անգամ մեզանից է լսում այդ մասին եւ նման ցանկություն էլ չունի։ «Ես առաջին անգամ եմ լսում, ճիշտն ասած։ Ռեկտորն իմ լավ ընկերն է, եւ, ընդհանրապես, եթե նա իմ ընկերն էլ չլիներ, ես երբեք չէի հավակնի ռեկտորի պաշտոնին, քանի որ ես շատ գոհ եմ նրանից, ինչ որ կա»,-ասաց նա՝ ակնարկելով իր ներկա կարգավիճակը։ Հիմա իր համար ավելի նախընտրելի կլիներ ռեկտո՞ր դառնալ, թե՞ պատգամավորի կարգավիճակում մնալ, հատկապես, որ դեռ անորոշ է՝ հաջորդ խորհրդարանում կլինի՞ ինքը, թե՞ ոչ։



«Ոչ մի բանի էլ ես հակված չեմ, ես հիմա ինչ-որ կարգավիճակ ունեմ, ես չեմ ասում՝ անպայման ձգտում եմ, որ հետո էլ անպայման լինեմ պատգամավոր։ Բայց կոնկրետ ռեկտորի մասով ես էդպես չեմ նայում, էլի, չեմ ուզում։ Ես որտեղ որ կամ, հարմար է հիմա, թե հաջորդ պահին, մեկ-երկու տարի հետո ինչ կլինի, կյանքը ցույց կտա»,- ասաց տնտեսագիտականի դասախոս-պատգամավորը։ Հետո կատակեց. «Դու դարձիր ռեկտոր, ասենք՝ քո մասնագիտության գծով ի՞նչ բան կա, որ դառնաս»։ Չէ, պարոն Մելքումյան, ռեկտորի պաշտոնը քաղաքական պաշտոն է դարձել՝ մինչեւ քաղաքական կոնկրետ շրջանակներից աջակցություն չունենաս, չես դառնա, ինչը մենք գոնե չունենք։ Մելքումյանն ասաց. «Բացարձակ, չեմ կարծում, որ ռեկտորը քաղաքական պաշտոն է... համենայնդեպս, ես տենց խոսակցություն չեմ լսել, որ ես ինչ-որ հավակնություն ունեմ»։ Իսկ առաջարկի դեպքում կմտածե՞ք այդ ուղղությամբ, թե՞ ուզում եք քաղաքականությամբ զբաղվել։
«Ոչ, չեմ մտածի, քաղաքականությունն ավելի հոգեհարազատ է»,-ասաց ԲՀԿ-ական պրոֆեսորը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ