ԱԺ նախագահը՝ պաշտոնանկությունների մասին․ «Պաշտոնը հենց այդպիսի բան է՝ մի օր ունենում ես, հաջորդ օրը կարող է և չունենաս»

ԱԺ նախագահը՝ պաշտոնանկությունների մասին․ «Պաշտոնը հենց այդպիսի բան է՝ մի օր ունենում ես, հաջորդ օրը կարող է և չունենաս»

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նորմալ է վերաբերվում ռազմական ոլորտի երեք առանցքային պաշտոնյաների պաշտոնանկությանը։



«Պաշտոնը հենց այդպիսի բան է՝ մի օր ունենում ես, հաջորդ օրը կարող է և չունենաս։ Էնպես չի, որ պիտի էդտեղ խորանալ, ինչ-որ նոր բաներ գտնել»,- Hraparak.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ԱԺ նախագահը։



Նա չի կարծում, թե որևէ տեղ գրված է, որ հենց այդ երեք պաշտոնյաների թերացման արդյունքն էր, որ այդքան զոհեր տվեցինք։



Մեր դիտարկմանը, թե նրանք առանցքային պաշտոնյաներ էին՝ հետախուզության պետ, կապի պետ, մատակարարման գծով փոխնախարար, Սահակյանն ասաց․ «Հասկանալի է, հիմա կարող է այլ ֆորմատ է գործելու, նոր մարդիկ կգան կաշխատեն նրանց տեղը»։



Բայց խոսքը լուրջ մարդկային և նյութատեխնիկական կորուստների մասին է, և պաշտոնյա եղածները հենց այդ ամենի պատասխանատու ոլորտների դեմքերն են եղել, արդեն կոռուպցիայի մասին է խոսվում, լուրջ թերացումների։ Այսինքն՝ կարող են ամեն ինչ անել ու միայն պաշտոնանկությամբ մարսե՞լ։



«Չեմ կարծում, որ էդտեղ կոռուպցիայի խնդիր լինի, կամ էլ թե չէ էնպիսի մեծ թերացում լինի, որի արդյունքում ինչ-որ մի բանում մենք տուժել ենք»,- ասաց նա։



Այսինքն՝ փո՞քր թերացման համար են նրանք ազատվել աշխատանքից։ Սահակյանն ասաց․ «Փոքր կլինի, մեծ կլինի, ես կարծում եմ, որ հիմա ընդհանրապես մեր պաշտպանության նախարարությունն ինչ այս տարիներին արել է, հիմա այս պատերազմական իրողությունից հետո հնարավոր է, որ նոր դերակատարում վերցնի, նոր մասշտաբներ մտածի, և էդտեղ ինքն ընտրում է իր կադրերին»։



Իսկ այն հարցին, թե բանակցային փուլում ի՞նչ ընթացք է մեզ սպասվում, ԱԺ նախագահն ասաց, որ այս պահին հնարավոր չէ դրա պատասպանը տալ, որովհետև, ըստ նրա, բանակցային փուլը դեռևս չի էլ սկսել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ