Ում կընտրեիք, եթե հենց վաղը լինեին խորհրդարանական ընտրությունները. հարցում

Ում կընտրեիք, եթե հենց վաղը լինեին խորհրդարանական ընտրությունները. հարցում

Թեեւ ըստ լրատվամիջոցների տեղեկությունների` 2017 թվականի ԱԺ ընտրությունները տեղի կունենան ապրիլի 2-ին կամ 9-ին, սակայն քաղաքական ուժերը դեռ չեն շտապում հայտարարել մասնակցության մասին: Hraparak.am-ը փորձել է պարզել մեր համաքաղաքացիների տրամադրությունները, մասնավորապես` որ քաղաքական ուժին նրանք ձայն կտան, եթե հենց վաղը լինեն խորհրդարանական ընտրությունները: Պատասխանները բավականին տարբեր էի`  սկսած Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդից» մինչեւ վերջերս կոալիցիա կազմած ՀՅԴ, սակայն ամենահետաքրքիրն այն է, որ այդպես էլ իշխող Հանրապետական կուսակցության անունը ոչ ոք չհնչեցրեց, չհնչեց նաեւ երբեմնի հզոր ընդդիմություն, Ազատության հրապարակը լցնող ՀԱԿ-ի անունը: 



Մեզ հետ զրույցում տիկին Նուշիկը նշեց, որ ինքը հավատում է Արթուր Բաղդասարյանին, միշտ գնացել է նրա ետևից, այս անգամն էլ բացառություն չէ. «Ինքս «Հայկական Վերածնունդ» կուսակցության անդամ չեմ, բայց, որ լսում եմ պարոն Բաղդասարյանի խոսքերը, դրանք ինձ հավատ են տալիս։ Կուզենամ, որ ոչ միայն էդ ընտրություններում, այլ հետագայում նախագահական ընտրությունններում ինքը հաղթի»։ Ինչ իմանաս` գուցեւ հաղթեր Արթուր Բաղդասարյանը, միայն թե սահմանադրական բարեփոխումներից հետո նախագահին այլեւս ընտրություններով չեն ընտրի:



Հարցվածների մեջ կային բազմաթիվ մարդիկ, ովքեր պարզապես չցանկացան խոսել այդ թեմայով, ոմանք էլ ժպտալով պատասխանում էին, որ քաղաքականությունից շատ հեռու են։«Ես կցանկանամ Զարուհի Փոստանջյանին տեսնել ընտրված, հաղթած իր կուսակցության հետ միասին։ Նաև «Բարգավաճ Հայաստանին»` պարոն Ծառուկյանի հետ։ Ով ուզում ա լինի, միայն Հանրապետականները չլինեն, մինչև կոկորդներս կուշտ ենք հանրապետականներից»,- նշում է քաղաքացիներից մեկը` չցանկանալով նշել իր անունը: Քաղաքացիների մոտ փաստորեն ԲՀԿ-ն դեռ Ծառուկյանի հետ է ասոցացվում, հավանաբար մոռացել են, որ ԱԺ պատգամավորը քաղաքականությունից հեռացել է փետրվարյան իրադարձությունների արդյունքում: Իսկ նախորդ նախագահական ընտրություններում ավելի քան 35 տոկոս ձայն ստացած Րաֆֆի Հովհաննիսյանը հասցրել է այնքան մոռացության տալ իրեն, որ «Ժառանգությունից»  պատգամավոր Զարուհի Փոստանջյանին են հիշում եւ ձայն տալիս:



Հարցվածների մեջ մեծ թիվ էին կազմում նաեւ մարդիկ, ովքեր չէին կողմնորոշվել` ում ընտրել: «Ուրեմն կընտրեի էն ուժին, ով ավելի շատ փող տար, ինձ համար միեւնույնն ա, ով կհաղթեր, մեկա սաղն էլ նույն սանրի կտավն են, կհաղթի նա, ով ունի ամենալուրջ ռեսուրսը ու լծակները«.- նշում է Արմանը։



Իսկ Սիրանուշը, ով չի հավատում որևէ կուսակցության, ասաց, որ եկող ընտրություններում էլ հաղթելու է ՀՀԿ-ն. «Մենք բոլորս արժանի ենք միայն մեկ կուսակցության, դա Հանրապետական կուսակցությունն է: Մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ այս պատերազմական դրությունն անգամ ուշքի չի բերի մեզ, իշխանությունը վերարտադրվելու է, առանց կասկածի»:



Մեր հարցմանը մասնակցած Անահիտն էլ ասաց, որ իր ձայնը տալու է Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, քանի որ նրան շատ է հավանում, ելույթները լսում է եւ Փաշինյանին էլ համարում միակ ճշմարիտ ընդդիմությունը:



Աննա Պապիկյան