Իրենք գոնե հասկացա՞ն, որ այդ սահմանադրական փոփոխություններն անհեթեթություններ են. Արամ Սարգսյան

Իրենք գոնե հասկացա՞ն, որ այդ սահմանադրական փոփոխություններն անհեթեթություններ են. Արամ Սարգսյան

«Արցախի ճանաչման հարցը, իմ կարծիքով, այն եզակի քաղաքական քայլերից էր, որն այսօր արդեն ինքն իրեն արդարացրել է, դա ակնհայտ է: Նախ ասեմ, որ այն մարդիկ, ովքեր որ քննադատում են դիտավորյալ, թե ինչից ելնելով, չեն ուզում տեսնել նախնական պայմանը, որ ասվում է, եթե սկսվի ագրեսիվ գործողություններ, այդ դեպքում միանշանակ Հայաստանը կճանաչի: Սա անտեսում են և սկսում են քննարկել, քննադատել».- կարծիք է հայտնում Արամ Սարգսյանն ու հիշեցնում, որ դեռ պատերազմից առաջ ադրբեջանական դիվանագիտությունը հայտարարում էր, թե ԵԱՀԿ Մինսկի համանախագահները սպառել են իրենց, իսկ այսօր՝ Արցախի անկախության ճանաչման հայտարարություններց հետո, Ադրբեջանի քաղաքական ամբողջ էլիտան սկսել է մտածել ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին:



«Սկսեց մտածել, որ այդ ԵԱՀԿ Մինսկի խումբն ինչքան կարևոր է ու առանց դրա կարող է պատերազմ սկսել: Բանը հասավ նրան, որ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը դիմեց ռուսական իշխանություններին, որ միջնորդեն, կամ ճնշումներ գործադրեն Հայաստանի իշխանությունների վրա, որ Հայաստանը հետ կանգնի այդ քայլից: Այսինքն՝ այն դեպքում, երբ դու ուզում ես աշխարհի ուշադրությունը հրավիրել պատերազմական այդ իրավիճակին, ուզում ես, որ աշխարհը նաև օժանդակի, միջոցներ ձեռնարկի, որ նոր պատերազմ չսկսի, ու աշխարհն այդ շրջանում գրեթե լռում է, Լավրովի գալ գնալուց հետո, դու անում ես քայլ, որի արդյունքում Ադրբեջանն է դիմում, ու աշխարհը ստիպված պետք է դիմի Հայաստանին: Այս առումով հարցն ինքնին իր արդյունքն արդեն տվել է, և ես գնահատում եմ ու շատ դրական, անկախ իմ ունեցած վերաբերմունքից դեպի իշխանությունը»:



Արամ Սարգսյանի խոսքերով դա եզակի ճիշտ քայլերից էր, որ կատարվել է, նշեց նաև, որ Ռուսաստանն այս գործընթացում աշխատում է ցանկապատի երկու կողմից. «Իմ համար ակնհայտ էր, որ այս պատերազմը չէր սկսի, եթե խախտված չլիներ ռազմաքաղաքական բալանսը Հայաստանի ու Ադբեջանի միջև, և եթե Հայաստանի տնտեսությունը չգտնվեր այսպիսի անհեթեթ, անծրագիր, կոռումպացված իրավիճակում: Ովքե՞ր են սրա համար մեղավոր, այս հարցի պատասխանը շատ դեպքերում հստակ կարող ենք ասել՝ ռուսները, որոնք մեր գործընկերն են, բայց զինում են հակառակորդին, իսկ մեզ պայմանագրով, վարկով տրված զենքն անգամ ուշացնում են: Բայց ռուսների իշխանության խնդիրը թողնենք ռուս ժողովրդին, ռուս ժողովուրդը երևի նախագահին դրա համար էլ հարգում է, որ ուրիշներից կողոպտի բերի իրենց պահի: Մեր հիմնական մեղավորն այսօրվա գործող իշխանություններ են, Սերժ Սարգսյանն ինքը հայտարարեց, որ 2011 թվականից հետո, ինքը հասկացել է, որ նման իրավիճակներ կլինեն: Գիտեք ինչ, բարձրաձայնել կարող եմ ես, կարող է ցանկացած քաղաքական վերլուծաբան, կամ գործիչ: Ինքը պետք է հետևություններ աներ, իսկ եթե իր արած հետևություններն ասոցացման համաձայանգիր ստորագրելն է, ԵՏՄ մտնելն է, կամ այդ անհեթեթ այո-ն, կամ ոչ-ը... ես ուզում եմ հասկանալ, իրենք գոնե հասկացա՞ն, որ այդ սահմանադրական փոփոխություններն անհեթեթություններ են: Հայաստանը նման իրավիճակներում էլի կարող է հայտնվել ու խորհրդարանական կառավարման ձևը նման իրավիճակների համար գրեթե հակացուցված է, հետևաբար այստեղ լուրջ հետևություններ անելու ունենք»:



Արամ Սարգսյանը համարում է, որ պատերազմն ավարտված չէ, բայցև կանխատեսեց, որ առաջիկա մեկ ու կես ամիսը ռազմական լայնածավալ գործողություններ Ադրբեջանը չի սկսի, քանի որ այնտեղ ընթանում է «Ֆորմուլա 1»-ի մրցաշարը. «Այդ ժամանակն ամբողջությամբ օգտագործել է պետք»: