Բարեփոխումը մեզ մոտ դառնում է դեկորացիա, իսկ ներսում մնում է հին օպերացիոն համակարգը

Բարեփոխումը մեզ մոտ դառնում է դեկորացիա, իսկ ներսում մնում է հին օպերացիոն համակարգը

Հարցազրույց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ



- Պարոն Խաչատրյան, մի քանի շաբաթ առաջ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, խոսելով կրթության խնդիրներից, նշել էր, որ կրթական ընդհանուր շղթայի մեջ 2 կարեւոր օղակ այսօր չի կարողանում ինքնահաստատվել, դրանցից մեկն ավագ դպրոցն է եւ մագիստրատուրան։ Նա մասնավորապես նկատել էր՝ գերազանցության գաղափարը, որ դրվել էր ավագ դպրոցի ստեղծման հիմքում, չի իրագործվել, եւ այն բերել է կրթական համակարգի ընդհանուր շղթայի խաթարմանը։ Ինչպե՞ս կգնահատեք նախարարի այս հայտարարությունը, ավագ դպրոցի մոդելը չարդարացրե՞ց իրեն։



- Ես չէի ասի, թե խնդիրը միայն ավագ դպրոցում է, պարզապես ավագ դպրոցի եւ մագիստրատուրայի առանձնահատկությունն այն է, որ հենց այս օղակում ենք տեսնում խնդիրը։ Օրինակ, ինձ համար անընդունելի է, որ վերջին տարիներին մենք անընդհատ խոսում ենք ավագ դպրոցների մասին, որովհետեւ ավագ դպրոցը հանրակրթության վերջին օղակն է, եւ ավագ դպրոցում խտանում են բոլոր այն խնդիրները, որոնք չեն լուծվում կրտսեր, միջին դպրոցում եւ երեւում են ավագ դպրոցում։ Հետեւաբար, եթե ուզում ենք ունենալ ավելի լավ ավագ դպրոց, լուծումները պետք է փնտրենք մանկապարտեզում, կրտսեր եւ հիմնական դպրոցում։ Եթե այդ աստիճանում խնդիրները լուծենք, ավագ դպրոցի հարցերն ավելի կհեշտանան։ Տեսեք, օրինակ, երեխան ավարտում է հիմնական դպրոցը՝ առանց քիմիայի մասին հասարակ բաներ իմանալու, ու գալիս է ավագ դպրոց, որն էլ փորձում է շարունակել այդ առարկայի ուսուցումն ավագ դպրոցի ծրագրով, բայց քանի որ երեխան հիմնական դպրոցի ծրագիրը չի յուրացրել, ուզում ես ավագ դպրոցում այդ ծրագիրը 20 ժամում դասավանդես, թե 10 ժամում, շատ բան չի փոխվելու, որովհետեւ ինքն արդեն նախորդ օղակներում կորցրել է։ Հետեւաբար, ավագ դպրոցը չի կարողանում այս հարցը լուծել։ Մենք շատ հաճախ կրթության խնդիրներին մեխանիկական ենք նայում, մեզ թվում է՝ եթե ավագ դպրոցում շատ ժամ տանք մասնագիտական առարկաներին, հարցը կլուծվի, բայց այդպես չէ, որովհետեւ երեխան արդեն կորցրել է սովորելու հանդեպ սերը։



- Այսինքն՝ կարելի է ասել, որ կրթական համակարգում կրթական խնդիրներին անտրամաբանական մոտեցում է ցուցաբերվում։



- Այո։ Ինչո՞ւ, որովհետեւ հետեւանքների դեմ ենք պայքարում, եկեք նախ հասկանանք, թե ինչու է ավագ դպրոցում այսպիսի իրավիճակ, եւ պարզ կտեսնենք, որ խնդիրները գալիս են ներքեւից։ Հետո, եթե որոշել ենք Հայաստանում ստեղծել առանձնացված ավագ դպրոցներ, ապա պետք է ունենանք ֆինանսական երաշխիքներ, որովհետեւ առանձնացված ավագ դպրոց պահելը թանկ է։ Հիմա այդ շատ լավ մոդելը վերցրեցինք, արտասահմանից բերեցինք, բայց եթե չենք կարողանալու ֆինանսավորել այդ թանկ մոդելը, եթե բյուջեում համապատասխան փող չկա՝ չանենք։ Կարծում եմ՝ Հայաստանի նման երկրի համար նախկին մոդելը, որ 1-12 դասարանները նույն դպրոցում էր, շատ ավելի էֆեկտիվ էր, որովհետեւ այս ձեւով մենք որոշակի խտրականություն ենք մտցրել գյուղերի ու քաղաքների միջեւ։ Քաղաքում երեխան հնարավորություն ունի հոսքային կրթություն ստանալ, հիմա գերազանցության ծրագիր ենք անում ավագ դպրոցների համար, իսկ գյուղում սովորող երեխան հոսքային կրթություն ստանալու հնարավորություն չունի, այսինքն՝ խտրականություն ենք մտցրել, ստեղծել ենք մի համակարգ, որը չենք կարողանում պատշաճ ձեւով ֆինանսավորել։ Շատերը չեն խոսում դրա մասին, բայց ավագ դպրոց պահելու համար գումար է պետք, շատ կարեւոր էր նաեւ որոշակի ճիշտ հաշվարկներ անել, մասնավորապես՝ ավագ դպրոցի ընտրության մեխանիզմն էլ խնդիրներ է ունեցել։ Օրինակ, Հայաստանում ունեինք դպրոցներ, որոնք ունեին հիանալի տարրական օղակ, մենք բռնեցինք այդ դպրոցը դարձրեցինք ավագ դպրոց, այսինքն՝ այդ դպրոցը շատ ուժեղ կրտսեր օղակ ուներ, լավ դասվարներ, բայց մենք այդ դպրոցը սարքեցինք ավագ, դասվարներից ամեն մեկը ցրվեց դպրոցով, եւ մենք այդ ներուժը կորցրինք։ Այսինքն՝ կրթության համակարգի հարցերին համակարգային պետք է նայենք։ Տեսեք՝ ծանր հիվանդությամբ տառապող մարդու ջերմությունը պարզապես իջնեցնելով, հարցը չենք լուծում։ Այն, ինչ հիմա անում ենք, նման է նրան, որ ջերմության դեղով փորձում ենք ջերմությունն իջեցնել, բայց արդեն ժամանակն է բացահայտ խոստովանել, որ Հայաստանում կրթական խնդիրները բարդացել են, հասարակությունը, ծնողներն անընդհատ խոսում են այդ խնդիրների մասին, բայց մենք շարունակաբար փորձում ենք այդ խնդիրները թաքցնել։ Այնպիսի տպավորություն է, որ փորձում ենք հասարակությունն ու դպրոցն իրար դեմ հանել, բայց այդպես չէ, եթե հասարակությունն ինչ-որ խնդիրներ է առաջ դնում, մենք չպետք է փորձենք այդ խնդիրները թաքցնել, ասել՝ նման բան չկա, կամ՝ մի 2 դեպք է։ Չէ, եկեք ասենք, որ խնդիրներ ունենք, եւ փորձենք այդ խնդիրները լուծել։



- Մի շարք մասնագետների կարծիքով՝ այն, ինչ հայեցակարգով նախատեսված էր ավագ դպրոցների հետ կապված, մեծ մասով չի իրականացել, այդպե՞ս է։



- Պետք է հասկանանք, որ Հայաստանի խնդիրը հայեցակարգերի մեջ չէ, մենք շարունակաբար գրում ենք հայեցակարգեր, ռազմավարական ծրագրեր, բայց այդ ամենը մնում է թղթի վրա, ինչո՞ւ, որովհետեւ թղթի վրա գրելով չես կարող իրականությունը փոխել։ Այդ իմաստով ավագ դպրոցի ռազմավարության մեջ շատ բաներ չիրականացվեցին, մասնավորապես՝ նախատեսվում էր ավագ դպրոցներում, բացի հոսքերից, ունենալ ենթահոսքեր, բայց շատ քիչ դպրոցներ գիտեմ, որտեղ ենթահոսքեր կան։ Նախատեսված էր նաեւ, որ դպրոցներում հնարավորինս տարբեր հոսքեր լինեն, բայց շատ դպրոցներ կան, որ քիչ աշակերտներ ունենալու պատճառով ասում են՝ էս հոսքը մեզ մոտ չկա։ Ուսուցիչների խնդիրը․ նախատեսված էր, որ այդ դպրոցների ուսուցիչների համար հատուկ ընտրություն կլինի, հատուկ վերապատրաստման դասընթացներ կիրականացնեն։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ եթե որոշել ենք ավագ դպրոց ստեղծել, նշանակում է՝ պետք է ունենանք ուսուցիչներ, որոնք պետք է մասնագիտանան 15-18 տարեկան երեխաների հետ աշխատելու մեջ։ Դա տարբեր է եւ տարիքային որոշակի սպեցիֆիկա է, որի համար մեզ պետք է ուսուցիչների հետ աշխատել, եւ շատ դժվար է 21-րդ դարում 17-18 տարեկանին դպրոցում պահելը։ Հետո. ընդհանուր նախատեսված էր մոտ 150 դպրոց ստեղծել, բայց այսօր ունենք 110-ից էլ քիչ ավագ դպրոց, եւ արդեն դրանց մի մասն էլ աշակերտ չունի։



- Ստացվում է, որ մեր պոտենցիալը, ռեսուրսները հաշվի չառնելով, առանց լուրջ հաշվարկների է քայլ արվել դեպի ավագ դպրոց։



- Շատ կարեւոր բան կա կրթական համակարգում, որը մենք գրեթե չենք անում, դա կոչվում է նախապատրաստություն բարեփոխումներին։ Կրթական համակարգը պետք է լրջորեն պատրաստել որոշակի փոփոխությունների՝ եւ հոգեբանորեն, եւ մասնագիտորեն, եւ ֆինանսապես։ Մենք ի՞նչ ենք անում, վերցնում ենք վարկային միջոցը, բարեփոխումն անում, հետո վարկերը վերջանում են, եւ համակարգը մնում է պետական բյուջեի հույսին, պետբյուջեն էլ չի կարողանում պատշաճ ձեւով ֆինանսավորել, եւ ասում ենք՝ լավ, ձեր ունեցած ռեսուրսով յոլա տարեք։ Բայց «Զապորոժեցը» «Մերսեդեսի» շարժիչով չի աշխատի, որովհետեւ չի ներդաշնակվում գոյություն ունեցող սիստեմի վրա։ Շատ հաճախ բարեփոխումը մեզ մոտ դառնում է դեկորացիա, իսկ ներսում մնում է հին օպերացիոն համակարգը, դրա համար մարդիկ չեն տեսնում, թե ինչ փոխեց այդ բարեփոխումը մեզ մոտ։



- Ի՞նչ եք կարծում՝ կոնկրետ ավագ դպրոցի բարեփոխումը որտեղի՞ց եւ ինչպե՞ս պետք է սկսել, եւ ավագ դպրոցի բարեփոխումը կարո՞ղ է կարգավորել կրթության ամբողջական շղթան։



- Գիտեք, ինչ-որ կարգեր փոխելով՝ ավագ դպրոցի խնդիրը շատ դժվար է լուծել, մենք պետք է հստակ որոշում կայացնենք, եթե պահում ենք այս համակարգը, ուրեմն պետք է մտածենք, թե ինչ ռեսուրսներ եւ ինչ փոփոխություններ են պետք՝ նայելով նախորդող օղակներին, որովհետեւ կրթությունն ինքը օրգանական համակարգ է, դու չես կարող միայն շենքի վերեւի հարկերը բարելավելով՝ շենքի խնդիրը լուծել, պետք է հիմքին նայես՝ ներքեւի հարկերին։ Նույնը՝ կրթության դեպքում։ Այս իմաստով կրթության մեջ փոփոխություն հնարավոր է, եթե դա համակարգային փոփոխություն է։ Եթե փոխում ենք համակարգի առանձին տարրեր, հին համակարգը, լինելով ուժեղ, կուլ է տալիս այդ նոր եկած տարրերին։ Մենք հիմա հին համակարգում փորձում ենք 1-2 էլեմենտ փոխել, բայց այդ 1-2 էլեմենտը չեն կարողանում համակարգը փոխել, հետեւաբար, եթե ուզում ենք կրթական բարեփոխում, պետք է որոշենք, թե որ կետերը պետք է փոխենք, որոնք կբերեն ընդհանուր համակարգային փոփոխությունների։ Կրթության համակարգի հարցերն այնքան են խորացել, որ պարզապես կրթական ծրագրերով չես կարող լուծել կրթական խնդիրները, պետք է նաեւ սոցիալական, տնտեսական, քաղաքական, գաղափարական հարցեր լուծես։



- Նախարարն առաջարկել էր նաեւ, որ առաջնահերթություն տրվի պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող, ինչպես նաեւ աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններին։ Ինչպե՞ս եք գնահատում այս մոտեցումը։



- Ինչքան գիտեմ, այդ թեմայով խոսակցությունը կապված է եղել միջին մասնագիտական կրթության չափորոշիչներին, եւ նշվել է, որ որոշ կարեւոր մասնագիտությունների գծով դեռեւս չափորոշիչներ չկան։ Այդ չափորոշիչի գրելը կարեւոր է, բայց դրանով հարցը չի լուծվելու։ Այսօր կրթության համակարգին անհրաժեշտ են ոգեւորող մանկավարժներ, առաջնորդներ, որովհետեւ մի տեսակ համակարգը շատ իներտ է։ Մեզ այսօր պետք են մարդիկ, որ կարողանան այդ թղթի վրա գրվածը մինչեւ վերջ համառորեն տանեն ու իրականացնեն։ Մենք մի բան սկսում ենք, բայց չենք մնում այնքան, մինչեւ վստահ լինենք, որ դա արդեն դարձավ գործող մեխանիզմ։ Նույն այդ չափորոշիչները. տեսեք, մենք արդեն 10 տարուց ավել է՝ Հայաստանում ունենք չափորոշիչային կրթություն, բայց արդյոք ուսուցիչները կիրառո՞ւմ են չափորոշիչները, արդյոք իրենք դա կարեւորո՞ւմ են։ Ես, օրինակ, եղել եմ մի խմբի անդամ, եւ 2-3 տարի առաջ դասագրքերի չափորոշիչների մասով հետազոտություն ենք անցկացրել ու պարզել, որ, ընդհանուր առմամբ, ուսուցիչներն այդքան էլ չեն կիրառում չափորոշիչներ, հիմնականում շարունակում են դասագրքերի վրա հիմնվել։ Չափորոշիչային կրթությունն ուսուցչին տալիս է ազատություն, պետությունն ասում է՝ ես սա եմ ուզում, եւ մի կողմ է քաշվում, մնացածը ուսուցիչն ինքնուրույն պետք է անի, բայց մեզ մոտ այդպես չէ։ Ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ շատ հաճախ անհամատեղելի բաները դնում ենք իրար կողքի ու ասում ենք՝ աշխատեք։ Տեսեք, օրինակ, մի կողմից մենք դպրոցներում անցանք խորհուրդներով կառավարման համակարգի, որի համաձայն՝ դպրոցի տնօրենին պետք է ընտրի խորհուրդը, այսինքն՝ տալիս ենք ավելի ինքնավարություն, բայց մյուս կողմից բոլորս գիտենք, որ այսօր մարզպետն է որոշում, թե ով պետք է լինի դպրոցի տնօրեն, խորհուրդն ընդամենը վավերացնում է մարզպետի ընտրությունը։ Այսինքն՝ 2 համակարգ ենք իրար կողք աշխատեցնում։ Եթե չենք վստահում, եկեք վերացնենք այդ համակարգը, որ հստակ իմանանք՝ դպրոցի տնօրենին նշանակում է մարզպե՞տը, թե՞ խորհուրդը։ Սա ավելի վտանգավոր համակարգ է, երբ դու, որպես արտաքին ծածկ, դնում ես ժողովրդավարական մի բան, բայց միջուկը տոտալիտար է։ Այս ձեւով մե՞զ ենք ուզում խաբել, թե՞ աշխարհին։



- Առանց այդ դեկորացիաների մեր կրթական համակարգը 20 տարի առաջ ավելի՞ լավ էր աշխատում, քան հիմա։



- 20-25 տարի առաջ երեխաներն ավելի շատ բան սովորում էին դպրոցից, այսօր թեեւ իրենք ավելի երկար են մնում դպրոցում, բայց ավելի քիչ բան են սովորում դպրոցից, որովհետեւ ավելացել են ինֆորմացիոն այլ աղբյուրները։ Այսինքն՝ առաջ աշակերտը չուներ այլընտրանքային աղբյուրներ, իսկ այսօր արդեն ունի, հետեւաբար, դպրոցից սկսել է քիչ սովորել։ Այսօր նաեւ երեխաների ժամանակի ընկալումն է փոխվել, երբ զարգացումներն արագ են լինում, ժամանակն սկսում է դանդաղել։ Ի՞նչ եմ ուզում ասել, այսօրվա «արագ» երեխայի համար 12 տարին հավասար է նախկին «դանդաղ» երեխայի 15 տարվան։ Դա է պատճառը, որ 9-րդ դասարանում երեխաները դպրոցում սկսում են ձանձրանալ, որովհետեւ նոր սերնդի ժամանակային ընկալումը տարբեր է։ Կարծում եմ՝ պետք է քիչ-քիչ հրաժարվենք հայեցակարգեր գրելուց եւ փորձենք մարդկանց միջոցով փոփոխություններ անել, ճիշտ մարդկանց ճիշտ տեղերում դնելով, մարդիկ պետք է իրար հետ աշխատելով՝ համակարգն առաջ տանեն, ոչ թե թուղթ կարդալով։ Մի կարեւոր հանգամանք եւս՝ պետք է ստեղծել այդ փոփոխություններին աջակցող միջավայր։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ