Շեքսպիրն ապրում է մետրոյում (ֆոտոշարք, վիդեո)

Շեքսպիրն ապրում է մետրոյում (ֆոտոշարք, վիդեո)

«Թե զավակ թողնես` քո ապրած կյանքը իզուր չի կորչում, 



Քեզնից հետո վաղվա արևին նա կտա ողջույն».



Ուիլյամ Շեքսպիր



Այս տարի ողջ աշխարհում նշվում է դրամատուրգ, բանաստեղծ, թատրոնի դերասան, գրող և դերասան Ուիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարին, որից անմասն չմնաց նաև Հայաստանը: «Բրիտանական խորհուրդը» միացել է համաշխարհային միջոցառումների շարքին, եւ այսօր` մայիսի 20-ին, Երևանի Մետրոպոլիտենի կայարաններում ներկայացրեց «Շեքսպիրն ապրում է մետրոյում» ծրագիրը: Միջոցառման բացման վայրը Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանն էր, որտեղ դերասան Արսեն Գրիգորյանը ընթերցեց Շեքսպիրի ստեղծագործությունների հայերեն թարգմանություններից հատվածներ: Այս ամենին զուգահեռ` «Փոքր թատրոն»-ի դերասանները խաղացին Shake Speare ներկայացումից հատվածներ։ Շուրջ մեկ ժամ տևած միջոցառման ժամանակ հավաքվել էին ուղևորներ, օտարերկրացիներ։ Ներկաներից գրեթե ոչ ոք տեղյակ չէր` ինչ միջոցառում է կամ ում է նվիրված։ Մեզ հետ զրույցում նրանք նշում էին, որ նման միջոցառումները պետք է հաճախակի բնույթ կրեն, ներկաներին գրավում էր դերասանների խաղը, բեմադրությունը։



Hraparak.am-ի հետ զրույցում դերասան Արսեն Գրիգորյանը նշեց, որ միջոցառումը մի քանի տարի է, ինչ իրականացվում է: Նա անչափ երջանիկ է, որ մի քանի տարվա համագործակցությունը շարունակական բնույթ է կրում եւ այս տարի կրկին մասնակցում է. «Այս տարի առանձնահատուկ է նրանով, որ բացի ընթերցանությունից, կա նաև բեմականացված հատված, որը իրականացնում են Փոքր թատրոնի դերասանները։ Ինձ թվում է` սա ավելի գունեղ է, և հետաքրքրությունը կմեծացնի մարդկանց»։



«Փոքր թատորն»-ի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Վահան Բադալյանն ասաց, որ 3 տարուց ավելի է, ինչ համագործակցում են Բրիտանական խորհրդի հետ ներառյալ պարային խմբերի շրջանակներում, իսկ այս տարի իրենց թատրոնը Շեքսպիրին նվիրված բեմադրություն արեց, համընկան շահերը, և մի քանի հատվածներ խաղալու են մետրոյում. «Ներկայացում խաղալու համար երևի թե տարօրինակ վայր է, բայց նպատակն այն է, որ Շեքսպիրին մոտեցնենք մարդկանց, մեր առօրյային։ Շեքսպիրն այնպիսի հեղինակ է, որին հանդիպում ենք ամեն օր՝ մեր կրքերի, ողբերգությոնների, էմոցիաների ձևով։ Ներկայացման մեջ անդրադարձել ենք Շեքսպիրի «Մակբեթ», «Լիր Արքա», «Համլետ» և «Օթելլո» ողբերգություններին։ Ներկայացումը պարային է»։



Նշենք նաև, որ այստեղ չի ավարտվում միջոցառումը, մասնակիցները ժամը 16։00-ից մինչև 17։00-ն նույն ներկայացումը և հատվածներ գրքերից կներկայացնեն Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում։