Գյումրիում միկրոավտոբուսի վթարի դեպքով մի քանի վարկած է շրջանառվում. մանրամասներ

Գյումրիում միկրոավտոբուսի վթարի դեպքով մի քանի վարկած է շրջանառվում. մանրամասներ

Արդեն հայտնել էինք, որ այսօր Գյումրիում խոշոր վթար է եղել, «Ֆորդ տրանզիտ» մարդատար միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել սյանը, ինչի հետեւանքով զոհվել է 1, վիրավորվել 8 հոգի: Նրանք բոլորը Գյումրիի բնակիչներ են, Գյումրու շուկայի աշխատակիցներ, միկրոավտոբուսն էլ վարձակալել էին եւ գնացել Նոր Հաճնում ընկերներից մեկի հոգեհանգստյան արարողությանը մասնակցելու, ետդարձի ճանապարհին էլ տեղի ունեցավ վթարը:



Քիչ առաջ «Գյումրի» ԲԿ-ից Hraparak.am-ին տեղեկացրեցին, որ ավտովթարից տուժած 8 քաղաքացիներից 3-ի վիրահատությունը ավարտվեց, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Մյուս 4-ը տուժածները գտնվում են վնասվածքաբանական բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ տուժածներից մեկն էլ ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո հնարավոր է դուրս գրվի: Բժշկական կենտրոնից տեղեկացրին նաև, որ հնարավոր է մյուս տուժածներին չվիրահատեն, փորձում են բուժել առանց վիրահատական միջամտության:



Ի դեպ, վթարի հետեւանքով զոհված տղամարդը եւ տուժածներից երկուսը մի ընտանիքի անդամներ են: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ  Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը: Վթարի պատճառների մասին մի քանի վարկած է շրջանառվոււմ, օրինակ՝ վարորդի ոչ սթափ կամ քնած լինելու վարկածը, քանի որ տուժածները բոլորը չափահաս տղամարդիկ են եւ վերադառնալիս են եղել ընկերներից մեկի հոգեհանգստյան արարողությունից, կամ էլ արագության գերազանցումը:



Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԻՆ տեղեկացնում է, որ մայիսի 23-ին, ժամը 01.13-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում «Ֆորդ տրանզիտ» մարդատար միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 20 SU 334 պետհամարանիշով մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել սյանը, ինչի հետևանքով վարորդ Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 քաղաքացու, մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: Ծանր մարմնական վնասվածքներով «Գյումրի» ԲԿ են տեղափոխվել Ա. Դ.-ն(ծնվ.1989թ.), Ա. Խ.-ն (ծնվ.1973թ.), Ա. Ս.-ն (ծնվ.1977թ.), Ս. Հ.-ն (ծնվ.1977թ.), Ա. Խ.-ն (ծնվ.1960թ.), Է. Հ.-ն (ծնվ.1988թ.), Ա. (ծնվ.1979թ.) և Ա. (ծնվ.1984թ.) Մ.-երը և Տ. Խ.-ն (ծնվ.1960թ.), վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է: