«Արի տունը» վերանվանել՝ «Դարձիր տուն» կամ «Եկուր տուն»

«Արի տունը» վերանվանել՝ «Դարձիր տուն» կամ «Եկուր տուն»

Երեկ ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ սփյուռքի նախարարին կից նորաստեղծ հասարակական խորհրդի անդրանիկ նիստը, որը, ըստ Հրանուշ Հակոբյանի, պետք է փորձի առաջիկա 1-2 տարիների ընթացքում լուծել Հայաստան-Սփյուռք գործակցության հարցերը։



Հասարակական խորհուրդը խորհրդակցական մարմին է, ըստ այդմ խորհրդի կայացրած որոշումներն էլ լինելու են խորհրդատվական բնույթի։ Այն բաղկացած է 31 անդամից, որոնց թվում թե սփյուռքահայ, թե հայաստանյան տարբեր կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ պատմաբաններ, արվեստագետներ, որոնց մեջ Հրանուշ Հակոբյանն առանձնահատուկ սիրով ընդգծեց Տիգրան Մանսուրյանի ու Հովհաննես Չեքիջյանի ներկայությունը։



Զեկուցող՝ աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի խոսքերի համաձայն, խորհրդում ընդգրկվելու նախապատվությունը տրվել է այն մարդկանց ու կազմակերպություններին, որոնց գործունեությունն առավել սերտ է առնչվում նախարարության նպատակներին։ Խորհրդի նիստերն անցկացվելու են 3 ամիսը մեկ, հաջորդ նիստը նախատեսվում է օգոստոսի վերջին։ Ըստ Ֆիրդուս Զաքարյանի, նախարարությունն ամեն տարի իրականացնում է շուրջ 3 տասնյակից ավելի նախագիծ, որոնց իրականացման համար 2016-ին ՀՀ պետբյուջեից սփյուռքի նախարարությանը հատկացվել է 750 մլն. դրամ, մինչդեռ մյուս նախարարություններին հատկացվում է առնվազն 14 մլրդ.։ Իսկ սփյուռքի նախարարությանը հատկացված այդ գումարները ծախսվելու են հետեւյալ համամասնությամբ. «Սփյուռք ամառային դպրոց»՝ 120 մլն. դրամ, «Արի տուն»՝ 100 մլն., «Իմ Հայաստան» փառատոն՝ 84 մլն., Հայաստանում համահայկական խորհրդաժողովների անցկացում՝ 22 մլն. դրամ։ Նախարարությունը նաեւ տարեկան 12 գիտական հետազոտություն է պատվիրում գիտական կառույցներին, առաջիկայում էլ պատրաստվում է Սփյուռքի գրական հանրագիտարան։



Նիստի ընթացքում ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նախարարին առաջարկեց «Արի տուն» անվան մեջ որոշակի հստակություն մտցնել, քանի որ շատ սփյուռքահայեր՝ «արի»-ն, առանց շեշտադրման, «քաջարի» իմաստով են ընկալում, եւ գուցե արժեր «Արի տունը» վերանվանել՝ «Դարձիր տուն» կամ «Եկուր տուն», որը եւ արեւմտահայերեն, եւ արեւելահայերեն նույնկերպ կընկալվի։ Սակայն, Հրանուշ Հակոբյանի կարծիքով, «Արի տուն» անվանումն այնքան է ընդունվել մեր հասարակության կողմից, որ դժվար կլինի այն փոխել, եթե կարիք կա սփյուռքահայերի հետ բացատրական աշխատանքներ տանելու, ապա իրենք պատրաստ են։



Նիստի ժամանակ ներկայացվեց նաեւ սիրիահայերի հետ տարվող աշխատանքների ընթացքի մասին որոշ տեղեկատվություն, մասնավորապես այն, որ հակամարտության հետեւանքով 2012-2016թթ.-ին 60 հազար հայ հեռացել է Սիրիայից, որից Հայաստանում հաստատվել է շուրջ 17 հազարը, նրանցից 12 հազարն արդեն քաղաքացիություն է ստացել։ ՀՀ-ն՝ ի դեմս նախարարության, սիրիահայերի ինտեգրմանն ուղղված քայլեր է արել մասնավորապես առողջապահական, կրթական, սոցիալական, մշակութային, տնտեսական ոլորտներում։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ