ԵՊՀ դիմողների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է

ԵՊՀ դիմողների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է

Բուհերում մոտ մեկ ամիս է` սկսվել են ընդունման հայտերը լրացնելու գործընթացները: Օրինակ`  ԵՊՀ-ում այն մեկնարկել է մայիսի 5-ից: ԵՊՀ-ի բակալավրիատում ընդունելություն է կատարվում ավելի քան 50 կրթական ծրագրերի ուղղությամբ: Նախորդ տարվա համեմատ` այս տարի մայր բուհ ընդունվել ցանկացողների թիվը մոտ 400-ով պակաս է: Դիմորդները սովորաբար գալիս են հայտը լրացնելու հստակ որոշած, թե որ ֆակուլտետ են ցանկանում ընդունվել:



Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ Արմեն Սարգսյանը Hraparak.am-ին հայտնեց, որ մինչեւ այսօր ընդունելության հայտ են ներկայացրել 2858 հոգի, մեծ ակտիվություն կա բնագիտական, ֆիզմաթ, հումանիտար հոսքերում: Նախորդ տարվա համեմատ` Հայ բանասիրության ֆակուլտետ դիմողների թիվն ավելի շատ է:
«Եթե առանձնացնենք բնագիտական և հումանիտար հոսքերը, ապա բնագիտական թևից ավելի շատ, ինչպես միշտ, դիմում են Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, հետո մաթեմատիկա, ֆիզիկա, ռադիոֆիզիկա: Իսկ հումանիտար թևում ավելի շատ դիմորդները գնում են տնտեսության ուղղությամբ, բայց նաև աճ ունենք Հանրային կառավարում, իրավագիտության, միջազգային հարաբերությունների բաժիններում»:



Մեր այցի ժամանակ դիմորդների մեծ հոսք չէր նկատվում: Հրանուշը որոշել է ընդունվել Հայոց պատմության կամ Արևելագիտության ֆակուլտետ, որտեղից էլ կընտրի թուրքագիտություն բաժինը, իսկ ընկերուհին՝ Վարդուհին, ցանկանում է ընդունվել Քաղաքագիտության ֆալուտետ: Երկուսն էլ կրկնուսույցների մոտ են հաճախել` քննությունները բարեհաջող հանձնելու նպատակով, մեծ հույս ունեն, որ սեպտեմբերից արդեն ուսանողի կարգավիճակում կլինեն: Իսկ Գևորգը դեռ չէր կողմնորոշվել, թե որ ֆակուլտետում է ցանկանում սովորել, հանձնելու է միասնական քննություն Ֆիզիկա և Մաթեմատիկա առարկաներից:



Հիշեցնենք նաև, որ հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 1-ն է, որից հետո կսկսվեն միասնական քննությունները: «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն») առարկաների միասնական քննությունների մեկնարկով կսկսվի քննաշրջանը: Դրանց կհաջորդեն հետեւյալ քննությունները



«Հայոց լեզու եւ գրականություն»` հունիսի 7



«Ֆիզիկա»` հունիսի 10



«Օտար լեզու»` հունիսի 14



«Մաթեմատիկա»` հունիսի 17



«Հայոց պատմություն» եւ «Քիմիա»` հունիսի 21



«Ռուսաց լեզու»` հունիսի 24: