Հայաստանյան կուսակցությունները դրսում անելիք ունեն

Հայաստանյան կուսակցությունները դրսում անելիք ունեն

Վերջին ժամանակներս արտաքին հարթակներում Հայաստանի անընդմեջ ձախողումները եվրոպական կուսակցությունների ընտանիքներում ներգրավված կուսակցությունների ներկապնակը վերանայելու առիթ են դարձել։ Իշխանական շրջանակներում կարծում են, որ արտաքին դիվանագիտության ձախողումները ոչ միայն իրենց «մեղքով» են լինում, այլեւ քաղաքական այն ուժերի, որոնք այս կամ այն եվրոպական կառույցին կամ կուսակցությանն են անդամակցում կամ դիտորդի կարգավիճակ ունեն, սակայն բավարար աշխատանք, լոբբինգ չեն անում Հայաստանի օգտին։ Եվ նման անդամակցությունը դարձել է սոսկ հնարավորություն, որպեսզի տվյալ կուսակցության ներկայացուցիչները «եվրոպաներում» շրջագայեն, տարատեսակ սեմինարների մասնակցեն, իրենց քարոզչական նյութերում մատնանշեն այդ անդամակցությունը։



Ինչպես հայտնի է, եվրոպական որեւէ կուսակցության անդամակցելու համար, գաղափարական, ծրագրային համապատասխանությունից բացի, կուսակցությունները պարտավոր են նաեւ անդամավճար մուծել, օրինակ՝ ՀԱԿ-ը եվրոպական «Լիբերալների եւ դեմոկրատների ալյանս» խմբակցությանը (ALDE) անդամակցության համար տարեկան 5 հազար 300 եվրո է վճարում։ Սա ֆիքսված թիվ է փոքր երկրների քիչ թվով անդամ ունեցող կուսակցությունների համար։ ՀԱԿ-ն ամեն տարի այդքան գումար է վճարում եւ կլոր տարին մասնակցում այդ կառույցում տեղի ունեցող բոլոր միջոցառումներին։ Թվում է՝ մեծ գումար չէ, բայց նման գումարները հասու չեն բոլոր կուսակցություններին։



Քաղաքական շրջանակներում, օրինակ, խոսվում է, որ միջազգային անդամություն ունեցող կուսակցություններից ՀԱԿ-ը, որը դեռեւս ՀՀՇ-ի ժամանակներից Եվրոպայի Լիբերալների եւ դեմոկրատների ալյանսի անդամ է, իսկ համանուն խմբակցությունը Եվրախորհրդարանի գործող խոշոր խմբակցություններից մեկն է, շատ պասիվ է: Այն միավորում է ազատական եւ աջ ուղղվածության կուսակցություններին, որոնք գործում են ԵՄ եւ ԵԽ անդամ երկրներում: ALDE-ն ԵԽԽՎ-ում իր մեծությամբ երրորդ խմբակցությունն է, ունի 72 անդամ։



ՀԱԿ-ը կարող է նաեւ, որպես ընդդիմադիր, եղանակ փոխել համաեվրոպական այդ ընտանիքում, սակայն ամիսներ առաջ ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի դեմ ընդունված բանաձեւի քննարկման ժամանակ ամենաշատը հենց ALDE-ից ադրբեջանամետ դիրքորոշումներ հնչեցին։ Եվ Լեւոն Զուրաբյանից հայաստանյան գործընկերներն անգամ «հաշիվ պահանջեցին»։ Զուրաբյանն էլ պարզաբանեց, թե սխալ թարգմանություն է եղել։



Մինչդեռ, օրինակ, ապրիլյան իրադարձություններից հետո Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն արտակարգ բանաձեւ ընդունեց ԼՂ հակամարտության վերաբերյալ: Ճիշտ է՝ հայտարարությունը հասցեական չէր եւ կողմերին հավասար հարթության մեջ էր դիտարկում, սակայն ակնհայտ էր, որ աշխատանք էր տարվել, եւ եվրոպացիների ուշադրությունն էին հրավիրել մեր խնդրին։ Եվ այդ դափնին ՀՀԿ-ն վերագրեց իրեն։



Տեղեկություններ կան, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ALDE-ին մասնակցելու հայտ է ներկայացնելու։ Կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույցում հաստատեց դա՝ ասելով, որ դեռեւս փաստաթղթերն են պատրաստում, որպեսզի ուղարկեն եվրոպացի գործընկերներին, իսկ անդամավճարների մասին ասաց, որ այլ տարբերակ են փնտրում դրամաշնորհների միջոցով անդամակցելու, որովհետեւ նորաստեղծ կուսակցության համար այդ գումարը մեծ բեռ է։



Իսկ ԵԺԿ-ն Եվրոպայում ամենամեծ եւ ամենաազդեցիկ կուսակցություն է: Այն աջ կենտրոնամետ պահպանողական քաղաքական ուժ է, որն ընդգրկում է 70-ից ավելի կուսակցություններ՝ 40-ից ավելի պետություններից: ԵԺԿ-ին անդամակցում են հայաստանյան երեք կուսակցություններ` Հանրապետականը, «Ժառանգությունը» եւ «Օրինաց երկիրը»՝ 2012 թվականից։



ԲՀԿ-ն էլ ԵԺԿ-ի կողմից մերժումից հետո 2013-ին անդամակցեց Եվրոպական պահպանողականների ու ռեֆորմիստների կուսակցությանը։ ԵԺԿ-ն մերժել էր ԲՀԿ-ին այն պատճառաբանությամբ, որ վերջինս հստակ գաղափարական ուղղվածություն չունի եւ օլիգարխի կողմից ղեկավարվող կուսակցություն է: Եվրոպական սոցիալիստների կուսակցության (ԵՍԿ, PES) կոնգրեսն էլ 2015-ին հաստատեց Հայ հեղափոխական դաշնակցության անդամակցությունն այդ կազմակերպությանը՝ որպես դիտորդ անդամ (Եվրամիության ոչ անդամ եւ կամ Եվրամիության անդամակցության ոչ թեկնածու երկրների կուսակցություններն այլ կարգավիճակ չեն կարող ունենալ)։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ