Հայաստանի երրորդ հանրապետության գյուղատնտեսության նախարարները

Հայաստանի երրորդ հանրապետության գյուղատնտեսության նախարարները

Հայաստանի երրորդ հանրապետության գյուղատնտեսության նախարարներից ոմանք այդ պաշտոնում պաշտոնավարել են երկու անգամ, ոմանք՝ ղեկավարել են նաեւ այլ ոլորտներ, ոմանք էլ աչքի են ընկել ակտիվ գործունեությամբ եւ հենց դրանով են հիշարժան։ 1990 թվականին որպես Սննդի արդյունաբերության նախարար պաշտոնավարած Ռոբերտ Մեհրաբյանի մասին համացանցային որոնումների արդյունքում հաջողվեց իմանալ միայն այն փաստը, որ նա մահացել է 2009թ.։



Իսկ ահա 1990-93թ.թ. Հացամթերքների նախարար Ռաֆայել Շահբազյանի մասին կա տեղեկատվություն, որ նա 2010թ. 80-ամյակի առթիվ ՀՀ արդյունաբերության բնագավառի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ վաստակի համար ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից պարգեւատրվել է վարչապետի հուշամեդալով։ 





1991թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարը եղել է Յուրի Ջավադյանը։ Նա 1997 թվականին աշխատել է որպես «Հայջուրնախագիծ» ինստիտուտի գլխավոր տնօրեն, իսկ այժմ Հանրային խորհրդի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահն է, Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալը, նաեւ՝ «Հայջրնախագիծ» ՓԲԸ-ի տնօրենը։





1991-93թ.թ. ՀՀ պետնախարար, գյուղատնտեսության նախարար Գագիկ Շահբազյանը եղել է Հայաստանի երրորդ հանրապետության առանցքային եւ ակտիվ դերակատարում ունեցող պաշտոնյաներից մեկը։ Նա Գյուղատնտեսության նախարարի պաշտոնում պաշտոնավարել է նաեւ 1999-2000թ.թ.։ Գագիկ Շահբազյանը 1995-96թ.թ. եղել է նաեւ ԱՊՀ, ԵՄ եւ միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ կապերի գծով նախարար, համատեղության կարգով ԵՄ-ում արտակարգ եւ լիազոր դեսպան, 1997-99թ.թ. ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։ 1992թ. Գագիկ Շահբազյանը ղեկավարել է Հայաստանի պատվիրակությունը՝ Թուրքիայի հետ հաղորդակցման ուղիները վերաբացելու եւ ցորենի ներմուծման շուրջ բանակցելու համար։ Նա եղել է նաեւ հայ-ռուսական ռազմաքաղաքական հանձնախմբի համանախագահը եւ նախապատրաստել է Հայ-ռուսական մեծ պայմանագիրը, որը ստորագրվեց 1997թ.։ Նա մինչեւ 2000թ. եղել է նաեւ հայ-ռուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահը, ղեկավարել է Եվրամիության հետ համագործակցության հանձնաժողովը։ Վազգեն Սարգսյանի՝ ՀՀ վարչապետ նշանակվելուց հետո Գագիկ Շահբազյանն է նախապատրաստել նրա այցը ԱՄՆ եւ մասնակցել բոլոր հանդիպումներին՝ ներառյալ ԱՄՆ փոխնախագահ Ալ Գորի հետ։ Վրաց-աբխազական հակամարտության շրջանում Գագիկ Շահբազյանը ղեկավարել է հայ-վրացական հանձնաժողովը եւ զբաղվել նրանով, որ Հայաստան բեռների առաքման հարցերում չլինեն խափանումներ։ Պաշտոնաթողությունից հետո նա մեկնել է ԱՄՆ, սակայն վերջին տարիներին նա մամուլում ակտիվորեն հանդես էր գալիս հարցազրույցներով եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին ներքին եւ արտաքին քաղաքականության ոլորտներում նրա գործած սխալներին, պաշտոնեական դիրքի չարաշահումներին, հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը վերաբերող բացահայտումներ անում։ Մասնավորապես՝ ԶԼՄ-ներում Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին հնչող հարցին ի պատասխան նա ասել էր, որ պետք է խոսել ՀՀ երկրորդ նախագահին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին։ Գագիկ Շահբազյանը վերջին տարիներին մամուլին տված իր հարցազրույցներում ասել էր նաեւ, որ «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը պաշտպանել է ռուսական կողմին։ Այդ հանգամանքն էլ պատճառ էր դարձել, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Շահբազյանի միջեւ բախում առաջանա, որից հետո նա ՌԴ-ում նշանակվել էր ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։ Ուշագրավ է, որ նա, մամուլում Ռոբերտ Քոչարյանի գործունեությանը վերաբերող բացահայտումներից հետո, գտնվելով նույնիսկ օվկիանոսից այն կողմ, սպառնալիքներ էր ստացել, որից հետո դադարեցրել էր հարցազրույցները։





1993-94թ.թ. Գյուղատնտեսության եւ 1995-96թ.թ. Գյուղատնտեսության եւ պարենի նախարար Աշոտ Ոսկանյանի մասին համացանցից հայտնի է այն, որ նա, պաշտոնաթողությունից հետո, 1996-98թ.թ. եղել է Հայաստանի ագրարագյուղացիական միության գործադիր տնօրենը, 2002-2010թ.թ.՝ «Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենը, իսկ 2013 թվականից մինչ օրս Ագրարային քաղաքականության եւ տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրենն է։





1993-96թ.թ. Պարենի եւ մթերումների նախարար Դավիթ Զադոյանը 2002-2003թ.թ. եղել է նաեւ Գյուղատնտեսության նախարար։ Դավիթ Զադոյանը, որպես պաշտոնյա, պահանջված է եղել ՀՀ բոլոր իշխանությունների օրոք։ Նա 1991-93թ.թ. եղել է Արարատի շրջխորհրդի նախագահը, 1995թ.՝ ԱԺ պատգամավոր, 1996-98թ.թ.՝ Արարատի մարզպետ, 1998-99թ.թ.՝ Տարածքային կառավարման նախարար։ 1999-2000թ.թ. Դավիթ Զադոյանը եղել է ՀՀ էներգետիկայի նախարարը, իսկ 2000-2002թ.թ.՝ ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար։ Դավիթ Զադոյանը կարողացել է նաեւ անցում կատարել մի կուսակցությունից մեկ այլ կուսակցություն։ Նա ժամանակին եղել է ՀՀՇ անդամ, իսկ 1999-2009թ.թ.՝ ՀՀԿ խորհրդի անդամ։ Դավիթ Զադոյանը կյանքից հեռացել է 2015թ., երկարատեւ եւ ծանր հիվանդությունից հետո։ Չնայած Դավիթ Զադոյանը համարվում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանի մտերիմն ու համախոհը, սակայն նրա ողբերգական մահից հետո էլ համագործակցեց Ռոբերտ Քոչարյանի հետ՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։





1996-99թ.թ. Գյուղատնտեսության նախարար Վլադիմիր Մովսիսյանը խորհրդային իշխանության տարիներին պետական եւ կուսակցական աշխատող էր։ Նա Հայաստանի վերջին կոմունիստական ղեկավարն էր։ Նա 1990թ. Գերագույն խորհրդի ընտրություններում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մրցակիցն էր եւ ներկայացնում էր կոմունիստական ֆրակցիան։ Որպես թրծված եւ կոմունիստական հին «ոսկոր»՝ Վլադիմիր Մովսիսյանը պահանջված է եղել անկախ Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք։ Նրա մշտական ներկայությունը իշխանության վերին օղակներում ապացույցն է այն փաստի, որ անկախ Հայաստանում մեծ պահանջարկ են վայելել Վլադիմիր Մովսիսյանի տիպի խորհրդային պաշտոնյաները։ Նա 1988-90թ.թ. եղել է Գաղթականների գործերի հանրապետական հանձնաժողովի նախագահը, 1990թ. ՝ արտակարգ իրադրության օպերատիվ շտաբի պետը, 1991-96թ.թ.՝ ՀՀ փախստականների հարցերով պետական վարչության պետը, 1996թ.՝ Գեղարքունիքի մարզպետը։ Երբ 1998թ. Ռոբերտ Քոչարյանը առաջադրվեց որպես ՀՀ նախագահի թեկնածու, Վլադիմիր Մովսիսյանը ստանձնեց նրա շտաբի պետի պաշտոնը եւ ակտիվորեն լծվեց նրա քարոզչությունն իրականացնելու գործին։ Իսկ ահա 1999-2004թ.թ. Վլադիմիր Մովսիսյանը ՀՀ վարչապետի խորհրդականն էր, 2004թ.՝ ՀՀ անտառների վերականգնման եւ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, 2009թ.՝ ՀՀ Հանրային խորհրդի անդամ։ 2012թ. Վլադիմիր Մովսիսյանը ՀՀ նախագահին կից Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահն էր։ Նա կյանքից հեռացել է 2014թ.։ Մամուլում եղել են հրապարակումներ, որ 2001թ. կառուցած Սպիտակի տարածաշրջանի Շենավան գյուղի Ս. Ամենափրկիչ եկեղեցու հովանավորը եղել է Վլադիմիր Մովսիսյանը, որը շենավանցի էր։





2000-2002թ.թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարը Զավեն Գեւորգյանն էր։ Զավեն Գեւորգյանը նույնպես ունեցել է կոմունիստական անցյալ, եղել է շրջկոմի առաջին քարտուղար, իսկ 1991-92թ.թ.՝ Երեւանի «Բյուրեղ» ֆիրմայի տնօրենի տեղակալը, իսկ 1993-2000թ.թ., մինչեւ նախարար նշանակվելը, աշխատել է Մոսկվայում։





2003-2008թ.թ. Գյուղատնտեսության նախարարն էր ներկայիս Տարածքային կառավարման նախարար, դաշնակցական Դավիթ Լոքյանը։ 1998թ. նա եղել է Լոռու մարզպետի տեղակալը, 1999թ. ԱԺ պատգամավոր է ընտրվել եւ դարձել ՀՅԴ խմբակցության ղեկավար։ 2001թ. Դավիթ Լոքյանը ՀՀ քաղաքաշինության նախարարն էր։ Դավիթ Լոքյանն առավելապես հիշվում է իր խորհրդարանական գործունեությամբ։ Նա 1999թ. գլխավորեց ՀՀՇ-ի օրոք էներգետիկ ոլորտում իրականացրած չարաշահումներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը։ Այդ ուսումնասիրման ընթացքում, ըստ մամուլի հրապարակումների, ձերբակալվեց Հրազդանի ՊՇԷԿ-ի տնօրեն Մարատ Մարտիրոսյանը, սակայն՝ բոլորովին այլ գործով։ 2003թ. Մարատ Մարտիրոսյանը ոչ միայն ազատ արձակվեց, այլեւ հայտնվեց ՀՅԴ նախընտրական ցուցակում։ Հայտնի է, որ Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը, նշանակվել էր Հովիկ Աբրահամյանի խորհրդական։ Ըստ մամուլի հրապարակումների՝ նա Երեւանի Ազատության հրապարակի հարեւանությամբ հիմնել է «Լուբրանո» ռեստորանային համալիրը։ ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի շրջանակներում այժմ Դավիթ Լոքյանը Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարն է, իսկ նրա որդին էլ ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից, որպեսզի երկու հոգի նույն ընտանիքից բարձր պաշտոն չզբաղեցնեն:





2008-2009թ.թ. Գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանի գործունեությանը մենք անդրադարձել ենք ՀՀ բնապահպանության նախարարները հոդվածում։





2009-2010թ.թ. Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը այդ պաշտոնում նշանակվել էր «Օրինաց երկիր» կուսակցության կողմից։ Նրա պաշտոնավարման ընթացքում գյուղնախարարության աշխատակազմի բուսասանատորիայի վարչության պետ Վռամ Գյուլզադյանը նախարարին մեղադրել էր չարաշահումների բացահայտմանը խոչընդոտելու մեջ։ Շիրակի մարզում մորեխների դեմ պայքարի միջոցառումն անցկացնելու համար հայտարարվել էր մրցույթ, եւ մարզի 3000 հա-ի համար հատկացվել էր մոտ 18 միլիոն դրամ։ Պարզվել էր, որ «պայքարի» արդյունքում մորեխ չէր հայտնաբերվել, իսկ Գյուլզադյանը պնդում էր, որ հատկացված գումարը գնացել է մեկ-երկու հոգու գրպան։ Գյուլզադյանին դրանից հետո ազատել էին աշխատանքից։ Ժամանակին մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Ալավերդյանը հեռանալիս իր հետ տարել է իր նախորդի՝ Արամայիս Գրիգորյանի գնած թանկարժեք հեռուստացույցը, իսկ Վերահսկիչ պալատում աշխատանքից ազատվելիս չէր վերադարձրել աշխատելու նպատակով իրեն տրամադրված տեսախցիկը։ Ալավերդյանի աշխատանքը գյուղնախարարությունում անարդյունավետ էին գնահատել հենց նախարարության պատասխանատու աշխատակիցները։ Նրանց շրջանում հաճախ շրջանառվող հանելուկ-անեկդոտը այսպիսին էր. հարց՝ ի՞նչ տարբերություն կա Հայաստանի գյուղատնտեսության եւ Տուրգենեւի «Մումու»–ի միջեւ։ Պատասխան՝ «Երկուսին էլ խեղդել է Գերասիմը»: Պաշտոնանկությունից հետո, ըստ մամուլի տեղեկությունների, նախկին նախարարը Կոտայքի մարզի գյուղերից մեկում խոզաբուծական ֆերմա է ստեղծել եւ ակտիվորեն զբաղվում է խոզաբուծությամբ:





2010թ. մինչ օրս պաշտոնավարող Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նույնպես «Օրինաց երկիր» կուսակցությունից էր, նախարարի պաշտոնում վերանշանակվելու համար 2014թ. հեռացավ այդ կուսակցությունից, քանի որ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից: Սերգո Կարապետյանը, մինչեւ նախարար նշանակվելը, ղեկավարում էր «Արտաշատի պահածոների գործարան» ընկերությունը, որը հանրությանը հայտնի է «Արտֆուդ» ապրանքանիշով: Այս ընկերությունն, ինչպես հայտնի է, կապվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի հետ: 



Թերեւս վարչապետի հետ ունեցած մտերիմ եւ բիզնես հարաբերություններն են պատճառը, որ ներկայիս գյուղնախարարը սկանդալների մեջ հայտնվելիս ջրից չոր է դուրս գալիս: Վերահսկիչ պալատի բացահայտումներով՝ Սերգո Կարապետյանի նախարարության օրոք «Բույսերի պաշտպանության միջոցառումներ» ծրագրի համար պետբյուջեով նախատեսված է եղել 150 մլն դրամ, սակայն փաստացի վճարվել է 96 մլն 963650 դրամ։ Սրանից զատ, գյուղնախարարությունը հանրապետության անտառային վնասատուների եւ հիվանդությունների դեմ ավիացիոն քիմիական պայքարի իրականացման նպատակով 2013թ. մրցույթին հրավեր էր ուղարկել 13 կազմակերպության եւ 8 ֆիզիկական անձանց։ Ըստ մամուլի հրապարակումների, մրցույթին մասնակցել է միայն «Ագրո Էյր Սերվիս» ՍՊԸ-ն, որը շահել է նաեւ նախորդ տարվա նույն աշխատանքների պայմանագիրը։ Իսկ «Ագրո Էյր Սերվիս» ՍՊԸ-ում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ «Ագրո Էյր Սերվիս» ՍՊԸ-ի 2012թ. հասույթի 100 տոկոսը եւ 2013թ. հասույթի 94,65 տոկոսը կազմում են գյուղնախարարության հետ կնքված պայմանագրերում նշված գումարները։ Պարզվել է նաեւ, որ «Ագրո Էյր Սերվիս» ՍՊԸ-ի աշխատակիցներն աշխատանքի են ընդունվել միայն գյուղնախարարության ծառայությունների մատուցման ժամանակահատվածի համար։ 



Սերգո Կարապետյանը հիշատակվում է նաեւ գործարար, «Կրեպսոն» ընկերության գործադիր տնօրեն Արման Երեմյանի նախաձեռնությունը մերժելու մի պատմության մեջ։ Արման Երեմյանը ԶԼՄ-ներից մեկին պատմել էր, թե ինչպես է իրեն իր գործընկերոջ հետ հաջողվել դեռեւս 2012թ. կապեր հաստատել ICL ընկերության հետ, որն իր արտադրած պարարտանյութի որակով առաջատարն է աշխարհում եւ եվրոպական շուկային մատակարարում է կալիում-ֆոսֆորական պարարտանյութ։ Իսրայելական ընկերության մասնագետները 2013թ. Արմավիրի մարզի 2 համայնքներում փորձ էին կատարել եւ հրաշալի արդյունքներ գրանցել։ Արման Երեմյանը առաջարկել էր կառավարության հետ համատեղ պետական համաֆինանսավորմամբ իրագործել այդ ծրագիրը։ Սակայն քաշքշուկներից հետո ինչպես Սերգո Կարապետյանը, այնպես էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խաբել են գործարարներին՝ ընթացք չտալով այդ նախաձեռնությունը։



Սկանդալներից բացի` ներկայիս գյուղնախարարը երեւի ամենից շատ ծիծաղաշարժ իրավիճակներում հայտնվածն է, մասնավորապես` հենց նա է արտերում քահանաներ տանելու եւ աղոթելու հայտնի նախաձեռնության հեղինակը, «կարտոֆիլն էլ աղջկա պես է` առաջին ուզողին տվեք» արտահայտությունը եւս նրա մտքի փայլատակումն է: Դրանից հետո Կառավարության դիմաց անգամ բողոքի ակցիա էին անցկացրել` ընդդեմ աղջկան կարտոֆիլի հետ համեմատող գյուղնախարար Սերգո Կարապետյանի` «Կարտոշկեն դու ես....» պաստառներով: Հանուն արդարության պետք է ասել, որ Սերգո Կարապետյանն ընդունել էր կառավարության շենքի դիմաց իր դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին, ափսոսանք հայտնել, որ ակամայից իր խոսքերը վիրավորել են աղջիկներին եւ ներողություն խնդրել:



Նշենք, որ շարքի շրջանակներում նախկինում անդրադարձել ենք Արդյունաբերության նախկին նախարարներին, ՊԵԿ նախկին նախարարներին, սոցապնախարարներինարտգործնախարարներին, արդարադատության, պաշտպանության, ազգային անվտանգության, կրթության եւ գիտության, մշակույթի, առողջապահության, բնապահպանության, տրանսպորտի եւ կապի նախարարներին, ինչպես նաեւ ՀՀ նախկին վարչապետներին:



Թագուհի Հակոբյան