Հյուսիսային պողոտայից մինչև Իտալիա. երիտասարդները գույների հրավառություն են անում

Հյուսիսային պողոտայից մինչև Իտալիա. երիտասարդները գույների հրավառություն են անում

Հյուսիսային պողոտան հատկապես մարդաշատ է երեկոյան ժամերին: Թե ինչն է մարդկանց տանում «շքեղ շենքերի» այդ պողոտա, դժվար է ասել: Օրինակ` մեր աչքից չվրիպեց պողոտայի մի հատվածում կանգնած Ահարոնն ու Հարութը, ովքեր գույների «հրավառություն» էին անում: 



Տղաները փողոցային նկարչությամբ (street art) են զբաղվում Հայաստանում 2015 թվականից: 18-ամյա Ահարոնն ու 19-ամյա Հարութը ծանոթացել են Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում: «Աշխատում ենք ամռան 3 ամիսներին, հիմնականում դրսից եկած տուրիստներն են գնում,  լավ վաճառք լինում է հուլիս ամսին, 3000 հազար դրամով օրական մոտ 5 աշխատանք ենք վաճառում»:



Երիտասարդները հաճախ իրենց նկարները նվիրում են: Կեսկատակ-կեսլուրջ Ահարոնը ասում է՝ տեղաբնակները միայն գովեստի խոսքեր են շռայլում, շատ քիչ դեպքերում են գնում: Իսկ նկարելու հիմնական թեման տիեզերքն է. թե ինչու տիեզերքը, պատասխանում է՝ հոգեհարազատ է, այնտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն: Մինչ նկարել սկսելը, երիտասարդների սպասելիքները բավականին մեծ են եղել, համոզված են եղել, որ հաջողության են հասնելու: Եւ կարծես հաջողությունն էլ այդքան հեռու չէ, արդեն գործնական առաջարկներ են ստանում, որոնց մասին դեռ չեն ցանկանում խոսել: Այս տարվա հուլիս ամսին ընկերները մեկնելու են Իտալիա՝ իրենց տաղանդը նաեւ Իտալիայի փողոցներում ի ցույց դնելու, սակայն օգոստոսին վերադառնալու են հարազատ դարձած Հյուսիսային պողոտա: