«Վիվարոն» արձագանքեց քաղաքացու բողոքին

«Վիվարոն» արձագանքեց քաղաքացու բողոքին

Այս օրերին Ֆրանսիայում ընթացող «Եվրո-2016»-ը ֆուտբոլասերների համար ոչ միայն լավ առիթ է դիտարժան խաղեր վայելելու, այլ նաեւ լավ հնարավորություն խաղադրույքներ կատարելու եւ խոշոր շահումներ գրանցելու համար։



Խմբագրություն դիմած քաղաքացիներից Աստղիկ Մելքոնյանն այն ֆուտբոլասերներից է, որն այս օրերին փոքր խաղադրույքներ է անում «Եվրո-2016»-ի ֆուտբոլային խաղերին։ Թեեւ իրեն մոլի խաղացող չի համարում, բայց վերջերս գրանցվել է «Վիվարո» բուքմեյքերական ընկերության կայքէջում եւ օնլայն խաղադրույքներ է անում, ինչպես ինքն է ասում՝ «Եվրո-2016»-ում հետաքրքրություն մտցնելու համար։ Օրեր առաջ Պորտուգալիա-Խորվաթիա խաղի համար Աստղիկը որոշել է 1300 դրամ խաղադրույք անել, բայց պատահականորեն մեկ հատ զրո ավել է գրել ու արդյունքում 13 հազարի խաղադրույք է արել։ Դա հասկացել է հաշիվն ստուգելու ժամանակ, հետո, երբ ցանկացել է գումարը հանել, համակարգը թույլ չի տվել դա անել։ Այդ ժամանակ նա գրել է «Վիվարոյի» օպերատորին, թե ինչու չի կարողանում իր գումարը հանել. «Ինձ ասում է, որ պիտի պարտադիր խաղաս այդ փողը, որ կարողանաս հանել, դու չես կարող փողը գցել ու չխաղալ։ Ու որ այդ կանոնները գրված են մեր կանոնների մեջ։ Ես նայում եմ ու տեսնում, որ կանոնների մեջ նման բան չկա։ Հետո ուրիշ օպերատորի եմ գրում, որ իրենց կանոնների մեջ նման բան չկա գրված, այսինքն՝ ես կարող եմ իմ գումարը հետ պահանջել, բայց ինքն ինձ ասում է, որ կանոնների հայերեն տարբերակում չկա, բայց ռուսերենում կա, հետագայում հայերենի մեջ էլ կհայտնվի։ Այսինքն՝ խաբեություն է, ենթադրենք՝ ես ռուսերեն չգիտեմ եւ միայն հայերեն տարբերակն եմ նայում։ Եվ հետո՝ մեր պետական լեզուն հայերենն է, ես պարտավոր չեմ ռուսերեն կամ անգլերեն կարդալ՝ խաղի կանոններին ծանոթանալու համար։ Իսկ եթե հայերեն տարբերակում չեն գրել, պարտավոր են իմ գումարը վերադարձնել։ Ենթադրենք՝ մեկ ուրիշը շփոթվել եւ 10 հազարի տեղը 100 հազար է գցել...»։



Տեսնելով, որ չի կարողանում գումարը հետ ստանալ, Աստղիկը որոշում է գումարը չկորցնելու համար խաղադրույք անել, որ Պորտուգալիան կանցնի1/2 փուլ, բայց դրանից հետո էլ ուրիշ խնդիր է առաջանում։ «Իրենք չեն թողնում հիմա, որ նույնիսկ իմ շահած գումարը հանեմ, 7 հազարի կարգի ունեմ, հարցում եմ անում, որ իմ շահած գումարը հանեմ՝ էլի չի հաստատվում...։ Հետո, մի ուրիշ խաբեության ձեւ է, երբ ուզում ես խաղադրույք անել, բայց չի թողնում անես, ընդ որում՝ չի ասում, որ խաղադրույք չես կարող անել, այլ գրում է, որ բալանսը բավարար չէ։ Այսինքն՝ մարդկանցից շատերը կարող է հասկանան, որ բալանսը քիչ է, լիցքավորեն՝ էլի փող գցեն իրենց հաշվի վրա, բայց էլի չեն կարողանալու խաղադրույք անել, որովհետեւ այդ փողն իրենք պարտադիր պիտի խաղան, եւ թույլ չի տրվում փողը հանել»,-պատմում է Աստղիկն ու նշում, որ մինչ այդ որեւէ խնդիր չի ունեցել, որովհետեւ շատ սիմվոլիկ խաղադրույքներ է արել՝ 500 դրամի չափով, այն էլ՝ պարզապես տվյալ խաղն իր համար ավելի հետաքրքիր դարձնելու համար, իսկ շահումներն էլ այդ փոքր գումարների դեպքում երբեք չի վերցրել, այլ նորից օգտագործել է խաղադրույքներ անելու համար։



Ստեղծված իրավիճակը «Վիվարո» ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Արմեն Սուքիասյանն այսպես մեկնաբանեց. «Բոլոր գործընթացները ֆինանսների նախարարությունով հաստատված են կետ առ կետ՝ տեքստերի հայերեն տարբերակում էլ, ռուսերեն տարբերակում էլ։ Ես հիմա միանշանակ չեմ ուզում ասել, հնարավոր է փոքր տեխնիկական խնդիր լինի։ Երբ հաճախորդը խաղադրույք է կատարում, որոշ ժամանակ հետո ինքը հնարավորություն ունի «քեշ աութ» անելու, այսինքն՝ հրաժարվել իր կատարած խաղադրույքից։ Կախված ժամանակից, թե իրադարձության հետ ինչ տեղի ունեցավ, հաշվարկային տարբերություններ են լինում։ Կոնկրետ այս դեպքում, երբ հաճախորդը կատարել է խաղադրույք, անցել է ժամանակ, ինքն ուզեցել է «քեշ աութ» լինի, բնականաբար, իր 100 տոկոսը հետ չի գնում, այստեղ կարող են գործակիցներ փոխվել, եւ ըստ այդմ է հաշվարկվում, թե իրեն ինչքան է վերադարձվելու։ Երկրորդ. ընդհանրապես, մեր կանոնադրությունով գրված է, որ երբ կատարվում է խաղադրույք հաճախորդի կողմից, ու հաճախորդը գրում կամ զանգում ասում է, որ ինքն է սխալվել՝ քիչ է ուզեցել խաղադրույք անել, բայց մի զրո ավել է գրել, ըստ կանոնադրության, կազմակերպությունն ինքն է իրավունք վերապահում՝ վերադարձնե՞լ գումարը, թե՞ ոչ»։



Ինչ վերաբերում է շահած գումարը հանելուն, որը դարձյալ համակարգը թույլ չի տալիս, ապա, ըստ Արմեն Սուքիասյանի, թյուրիմացություն է, որովհետեւ շահած գումարը քաղաքացին միանգամից կարող է հանել ցանկացած մասնաճյուղի գրասենյակից. «Ինքը փոխանցում է այն կետին, որտեղից ուզում է գնա վերցնի, փոխանցումը հաստատվում է, եւ ինքը գնում վերցնում է, դա վայրկյանների գործընթաց է»։



ՀԳ. Մեր զանգահարելուց անմիջապես հետո «Վիվարո» ընկերությունը կապվել է Աստղիկ Մելքոնյանի հետ, պարզել համակարգի հետ առաջացած խնդիրները, ներողություն խնդրել պատճառած անհարմարությունների համար՝ ընդունելով նաեւ, որ, տեխնիկական խնդիրներից ելնելով, կանոնադրության հայերեն տարբերակում որոշ ենթակետեր բացակայում են, ինչն առաջիկայում պատրաստվում են շտկել։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ