Սոցփաթեթի կրճատումից բյուջեի խնայողությունը մոտ 6 մլրդ. է կազմելու

Սոցփաթեթի կրճատումից բյուջեի խնայողությունը մոտ 6 մլրդ. է կազմելու

Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց մեր այն տեղեկությունները, որ պետական աշխատակիցների եւ քաղծառայողների համար նախատեսված սոցփաթեթը կրճատվելու է: Նա հայտարարեց, որ հանգստի բաղադրիչի հետ կապված չարաշահումները շարունակվում են։ Վարչապետի վերահսկողական ծառայությունը, Վերահսկիչ պալատն են զբաղվում այս խնդրով: Ֆինանսների նախարարն առաջարկել է 2017-2019թթ. կասեցնել սոցփաթեթի հանգստի բաղադրիչը՝ թողնելով միայն առողջապահության բաղադրիչի ֆինանսավորումը:



«Կարծում եմ՝ հարկավոր է ժամանակավոր կասեցնել հանգստի բաղադրիչը՝ կրճատելով դրա հետ կապված ծախսերը: Էկոնոմիկայի, սոցապ, ֆինանսների նախարարություններին հանձնարարվել է վերամշակել սոցիալական փաթեթն այնպես, որ հնարավորինս նվազագույնի հասցվեն չարաշահումները»,-հայտարարեց Հովիկ Աբրահամյանը: Նշենք, որ սոցփաթեթի արժեքը տարեկան 132 հազար դրամ է, որից 52 հազարն աշխատողի բժշկական ապահովագրությունն է, իսկ մնացածը նա կարող է ծախսել այլ ուղղություններով՝ հիպոթեքային վարկ մարել, իր կամ երեխայի ուսման վարձը մուծել, նաեւ Հայաստանում կամ ԼՂՀ տարածքում հանգստանալ։ 80 հազարը մեծ թիվ չէ, բայց ուսուցիչների, թանգարանների աշխատողների կամ պետական ապարատի կրտսեր անձնակազմի համար ինչ-որ հնարավորություն էր Հայաստանի կամ ԼՂՀ-ի հանգստավայրերում մի քիչ զվարճանալու, մաքուր օդ շնչելու համար։ Եվ, ահա, քանի որ ոլորտը կոռումպացված է, քանի որ կան չարաշահումներ, սոցփաթեթը կրճատում են։



Նկատենք, որ Հայաստանի բյուջեում սոցփաթեթի վրա ծախսվող միջոցները մոտ 10 մլրդ. դրամ են, եւ դրանք վերաբերում են մոտ 100 հազար աշխատողի։ Եթե հանգստի բաղադրիչը կրճատվի, ապա խնայողությունը կկազմի մոտ 6 մլրդ. դրամ։ Երեկ կառավարության անդամների հետ զրույցներից պարզ դարձավ, որ նրանք այնքան էլ «կուրսի» չէին կենսական այս փաթեթի կրճատումից։



Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը կառավարության նիստից հետո ասաց․ «Ոչ ոք չգիտի կասեցման ժամկետն ինչքան է, քանի որ ժամկետ չհնչեց, ես ինքս կուզեի, որ ողջամիտից կարճ լինի ժամկետը։ Համաձայն չե՞ք, որ ավելի ճիշտ է կասեցնել մի շրջան, քան իրավապահ մարմիների կողմից գործողություններ, մարդկանց պատիժներ եւ այլն»։ Ոչ, համաձայն չենք, որովհետեւ մեր ժողովուրդն ուզում է տեսնել կոռուպցիոներների պատիժը, նախ, առավել եւս կվրդովվի, իմանալով, որ նրանց խնայելու համար կառավարությունը որոշել է զրկել հասարակ մարդկանց գոնե չնչին չափով երաշխավորված հանգստի իրավունքից։ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մեկ շաբաթ առաջ մեր հարցին, թե արդյո՞ք սոցփաթեթը կրճատվում է, պատասխանել էր, որ նման տեղեկություն չունի։ Անգամ սոցապնախարարը, որը վարչապետից հանձնարարական ստացած ղեկավարներից է, չգիտեր, թե ինչ չարաշահումների մասին է խոսքը, ինչ հիմք ունի վարչապետը՝ ասելով, թե չարաշահումները շարունակվում են, եւ ինչ ծավալի չարաշահումներ են։ «Այս տարի սոցփաթեթի հանգստի բաղադրիչը դեռ գործելու է»,- սա միակ տեղեկությունն էր, որին նախարարը տիրապետում էր, առանց «իմ կարծիքով»-ի եւ «տեղյակ չեմ»-ի։ Մինչդեռ սոցփաթեթի կրճատման մասին քաղծառայողները եւ պետական հիմնարկների աշխատողները խոսում են արդեն 2 շաբաթից ավելի։ Թերեւս այն պահից, երբ «կեղծ ուղեգրերի» գործ հարուցվեց առողջապահության գործակալության պետ Կարո Ծատուրյանի դեմ։ Հավանաբար, այս գործի շրջանակներն այնքան են լայնացել, որ վարչապետը որոշել է կասեցնել փաթեթը։ Բայց անգամ այս դեպքում մարդկանց վաստակած գումարից զրկելը, որը, ի դեպ, այնքան էլ մեծ չէ, հարցի լուծում չէ։ Սա նույնն է, թե դատարանները փակվեն, որովհետեւ դատավորները կաշառք են վերցնում, կամ դադարեցվեն, օրինակ, պաշտպանության համակարգի համար պետգնումները, որովհետեւ այդ ոլորտում փողեր են լվացվում, կամ՝ փակվեն դպրոցներն ապօրինի դրամահավաքների պատճառով։



Երկրորդ աբսուրդն այն է, որ սոցփաթեթի բժշկական բաղադրիչը եւս կարող է չարաշահումների տեղիք տալ։ Մարդը կարող է գալ իր ծանոթ բժշկի մոտ եւ, ստանալով, օրինակ, պետության կողմից վճարվող 200 հազար դրամի ծառայություն, թղթերում ավելի բարձր թիվ նշի։ Ինչո՞ւ, ուրեմն, հանգստի բաղադրիչը կասեցնել, իսկ բժշկական ապահովագրության գումարները՝ ոչ։ Ի՞նչ տրամաբանությամբ։ Երրորդը․ զարգացած երկրներում պետությունը գտնում է պետական ծրագրերի վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ։ Օրինակ, ԱՄՆ-ում գործում են պետության կողմից ֆինանսավորվող հետաքննող կազմակերպություններ, որոնք ուսումնասիրում են պետական ծրագրերի բացերը։ Այդպիսի մի լրագրողական կազմակերպություն՝ BGA (better government association` ավելի լավ կառավարման ասոցիացիա), գործում է Չիկագոյում։ Նրանք ցնցող բացահայտումներ են անում, այնուհետեւ արդյունքների մասին, ռեպորտաժների տեսքով, «զեկուցում» հանրությանը։ Այդ ռեպորտաժները շատ պահանջված են հեռուստաընկերությունների կողմից, որովհետեւ դրանց հետեւում են քրեական գործերի հարուցումներ, եւ տվյալ ընկերության վարկանիշն այդ ցուցադրությունների շնորհիվ օդ է թռչում։ Ահա, այսպես, տեղական միջոցներով, ոչ թե դրսի կազմակերպությունների փողերով, ամերիկացիները պայքարում են պետական միջոցների վատնման դեմ։ Մերոնց համար այս միջոցները եւ թանկ են, եւ վտանգավոր։ Նախ, որովհետեւ հընթացս շատ յուրայինների գլուխներ կթռչեն։ Երկրորդն էլ՝ «բալը թանկ է»,- կասեն մերոնք, նախընտրելով չարաշահումների դեմ ռեալ պայքարի փոխարեն քաղաքացիների հաշվին խնայողություն անել։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ