Աշոտյանին վարչապետի ելույթից հետո հազիվ թե նոր պաշտոն տան

Աշոտյանին վարչապետի ելույթից հետո հազիվ թե նոր պաշտոն տան

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ հաճախ է ելույթներ ունենում այս կամ այն հրատապ հարցով։ Դրանք կարող են լինել, ասենք, հնգօրյա պատերազմին հաջորդած օրերին զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցելու մասին կամ մոդայիկ՝ կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով, կամ էլ ՀԷՑ-ում կատարված աուդիտի արդյունքների շուրջ, որը մեծ աղմուկ էր հանել անցյալ տարի։ Բայց երեկվա ելույթը՝ կրթության ոլորտում կուտակված թերությունների մասին, առնվազն տարօրինակ էր։



«Բարեփոխումներն ավելի քան պահանջված են կրթական ոլորտի բոլոր մակարդակներում»,- ասաց վարչապետը եւ չափանիշներ թվարկեց՝ արդյունավետության բարձրացում, համապատասխանություն միջազգային չափանիշներին, հասանելիություն բոլորին, մատչելիություն, մրցունակություն։ «Պետք է ստեղծել ժամանակակից ուղղվածությամբ, մատչելի, մրցունակ ու, միեւնույն ժամանակ, հայեցի եւ հայապահպանության բովանդակությամբ նոր կրթական ծրագրեր»,- ասաց նա։ Պարզվեց, որ գոհ չէ դպրոցների տնօրենների ընտրությունից․ «Այդ գործընթացը պետք է դառնա թափանցիկ»։ Գոհ չէ նաեւ բուհական խորհուրդներից․ «Պետք է ուշադրություն դարձնել բուհերի կառավարման խորհուրդների ձեւավորման առավել արդյունավետ մեխանիզմների կիրառմանը»։ Առհասարակ, Հովիկ Աբրահամյանին մեր բուհերը դուր չեն գալիս։ «Կրթության եւ գիտության նախարարության ուշադրության կենտրոնում պետք է լինեն բուհական կրթության արդյունավետության բարձրացումը, համալսարան-աշխատաշուկա կապի սերտացումը եւ մեր երկրի զարգացման համար հույժ կարեւոր մասնագիտությունների պահպանումը»,- ասում էր վարչապետը։ Մի րոպե, բա Աշոտյա՞նը։



Ինչպես հիշում ենք, նա ամենաինքնավստահ, ապագային միտված, ամենաժամանակակից, նաեւ թիմին նվիրված նախարարն էր՝ մոլի ՀՀԿ-ական, ակտիվ, ուրախ, սպորտային, հաղորդավարական եւ աստղային վառ արտահայտված հակումներով։ Փաստորեն ստացվում է, որ ՀՀԿ-ական նախարար Աշոտյանը խաբո՞ւմ էր, երբ ինքնագոհ եւ հաղթական ելույթներ էր ունենում։ Երբ, օրինակ, ամփոփելով 2014 թվականը, Աշոտյանն արձանագրում էր․ «Մեզ հաջողվեց կտրուկ շրջադարձ կատարել բարձրագույն կրթության մատչելիության հարցում ձեռքբերումներ ունենալու գործում: Նոր հանրակրթական ծրագրի մեկնարկը եւս նախարարության ձեռքբերումներից է»: Կամ, երբ ասում էր, որ կոռուպցիան կրթության համակարգում նահանջել է՝ ուրախանալով, որ կրթությունը կոռումպացված ոլորտների առաջին եռյակում չէ: Նա տարբեր երկրներից, օրինակ, Իրանից, ուսանողներ էր բերում Հայաստան՝ դեսպանատներին վստահեցնելով, որ այստեղ ուսանողները միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն կստանան։ Նա թույլ էր տալիս ուսման վարձերի բարձրացումը՝ վստահ լինելով, որ որակյալ կրթություն ապահովելու համար «բուհն անպայման պետք է նոր տեխնոլոգիաներ ներդնի, պրոֆեսիոնալ ու առաջատար մասնագետների հրավիրի, որոնք պահանջում են համապատասխան վարձատրություն»: Բուհերը վճարները բարձրացրին, եւ ի՞նչ։ Միեւնույն է, կրթությունը որակյալ չդարձավ, եւ տուժեցին միայն ուսանողների ծնողները։ Վարչապետի երեկվա ելույթից հետեւում է, որ Աշոտյանի ժամանակ, փաստորեն, տնօրեններն ընտրվում էին ոչ թափանցիկ, բուհական խորհուրդները սխալ էին ձեւավորվում եւ անարդյունավետ էին աշխատում, կրթությունը մատչելի չէր եւ հասանելի չէր բոլորին, մեծ խզում կար բուհական մասնագիտությունների եւ աշխատանքի շուկայի պահանջարկի միջեւ, հայապահպան բովանդակություն չունեին մեր կրթական ծրագրերը եւ եվրոպական չափանիշներից շատ հեռու էին, բայց, չգիտես ինչու, ՀՀԿ թիմը եւ նույն վարչապետը լայն լիազորություններ էին տվել նրան, իսկ թերությունները նկատում են հիմա միայն։ Ինչո՞ւ։ Գուցե, որպեսզի Աշոտյանը հույսը կտրի՞ նոր պորտֆելից։ Նոր նախարար Լեւոն Մկրտչյանի լուման, անշուշտ, կա այս գործում։ Նա հանրակրթության եւ բարձրագույն կրթության շրջադարձային փոփոխությունների ծրագիր է ներկայացրել վարչապետին։ «Երկուսն էլ առաջիկայում կդրվեն հասարակական քննարկման»,- երեկ ասաց կրթության նախարարը։ Նորույթներից նա նշեց միայն բանավոր քննությունների վերականգնումը։ «Հիմա սկզբունքային տրամադրվածություն ունենք վերականգնել երեխաների բանավոր քննությունները, շարադրությունները, փոխադրությունները»,- ասաց նա։ Որոշ դետալներ էլ նախարարը բացեց «Հրապարակին» տված հարցազրույցում։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ