Նախագահականն Արցախում հարցո՞ւմ է պատվիրել

Նախագահականն Արցախում հարցո՞ւմ է պատվիրել

Ղարաբաղցի քաղաքագետ, «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը չի կիսում ՀՀ պաշտոնական տեսակետները ԼՂՀ կարգավորման շուրջ։ Ինչպես ԼՂՀ բնակիչներից շատերը, նա դեմ է տարածքների հանձնում ենթադրող որեւէ փաստաթղթի ստորագրմանը եւ չի հավատում, որ Ադրբեջանը կարող է պարտաճանաչ գտնվել եւ կատարել միջազգային հանրության առջեւ ստանձնած որեւէ պարտականություն, իսկ ապրիլյան պատերազմից անմիջապես հետո նա երկար ժամանակ մնացել է առաջնագծում։ Եվ պատահմամբ հենց նրա տուն է գնացել կասկածելի սոցհարցում կատարող մի «ջահել աղջիկ», որն արցախցիներին հարցեր տալու համար Երեւանից հասել է Ստեփանակերտ։ Նրա հետ զրույցից հետո Տիգրանը գրել է այս սոցհարցման մասին ՖԲ իր էջում։ «Մի կազմակերպություն էր ներկայացնում, որը սովորաբար Սերժի համար է աշխատում... Նույն կազմակերպությունը 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների նախօրեին էլ էր նմանատիպ հարցում անցկացրել»: Ըստ քաղաքագետի, աղջիկը հարցեր է տվել նրան սահմանադրական փոփոխությունների, Արցախի հայտնի գործիչների՝ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Արթուր Աղաբեկյանի, Աշոտ Ղուլյանի, Սամվել Բաբայանի եւ Վիտալի Բալասանյանի վարկանիշի վերաբերյալ, նաեւ հողերը հանձնելու սցենարների, հարցրել է՝ կո՞ղմ եք, որ հարձակվենք ու Ադրբեջանին կապիտուլյացիայի ենթարկենք, եւ անգամ Արցախի հարցում մեզ համար ոչ բարենպաստ որոշման դեպքում պատրա՞ստ եք ապստամբել, թե՞ ոչ։ Այս ամենից քաղաքագետը եզրակացրել է, որ այս հարցման հետեւում կանգնած է ՀՀ նախագահը, եւ որ նա ցանկանում է շոշափել ԼՂՀ բնակչության տրամադրությունները։ «Այսինքն՝ Սերժը լուրջ վախեր ունի, ինչը չի կարող չուրախացնել: Կարելի է հույս ունենալ, որ եթե Հայաստանի եւ հատկապես Արցախի բոլոր մտահոգ մարդիկ ու գործիչներն սկզբունքային ու միասնական դիրքորոշում ունենան այս հարցում, Սերժը չի կարողանալու ոչինչ հանձնել»,- գրել է Գրիգորյանը։



Պարզվում է՝ կազմակերպությունը, որը «Սերժի համար է աշխատում», քաղաքական խորհրդատվություններով զբաղվող IPSC ընկերությունն է։ Ընկերությունում չպատասխանեցին մեր հարցերին, չասացին, թե ով է Արցախում հանրային կարծիքի ուսումնասիրության պատվիրատուն։ «Ես նման տեղեկություններ չեմ կարող հայտնել»,- ասացին մեզ՝ խոստանալով, որ իրենց մենեջերը մեզ կզանգի, սակայն նա չզանգեց։ Մեր տեղեկություններով, պատվիրատուն Բրյուսելում հիմնված «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունն է (Eufoa), որի հիմնադիրներից մեկը նախկին գլխավոր քարտուղար Մայքլ Քեմբեքն է։ 2013 թվականին, նախագահական ընտրությունից մի քանի օր առաջ, նա հարցազրույց էր տվել «Հետքին», որում չէր ժխտել, որ ֆինանսավորվում է Հայաստանից, «հիմնականում հայկական ռեսուրսներից»։ «Այն մարդիկ, ովքեր ուզում են, որ Հայաստանը զարգանա եվրոպական ճանապարհով եւ պատրաստ են դրա համար վճարել, հիմնականում Հայաստանում են»,- ասել էր նա: Քեմբեքը Սերժ Սարգսյանի «փիառշչիկ»-ի համարում ունի Nouvelles d’Arménie ամսագրի 2013 թվականին կատարած բացահայտումներից հետո։ Ըստ այդ պարբերականի, 2006-2009 թթ. նա աշխատել է Burson-Marsteller-ում, որը PR եւ լոբբինգ է արել իմիջի խնդիրներ ունեցող մեծ ընկերությունների եւ պետությունների համար։ «Burson-Marsteller-ի հաճախորդների թվում են եղել Չաուշեսկուի ռեժիմը Ռումինիայում՝ 1970-ականներին, արգենտինյան խունտան՝ 1980-ականներին, Սուհարտոյի ռեժիմն Ինդոնեզիայում՝ 1990-ականներին, եւ Թուրքիայի ռեժիմը՝ 1996թ.: Նրա հաճախորդների թվում են նաեւ «ոչ այնքան բնապահպանասեր» ընկերություններ, ինչպես, օրինակ՝ Union Carbide-ն, որը Burson-Marsteller-ին դիմել էր 1984թ.՝ Բհոփալի աղետից հետո, կամ նույնիսկ Altria-ն (որն ավելի լավ հայտնի է որպես Philip Morris), որի համար Burson-Marsteller-ն աշխատում էր, որպեսզի կանխի հակածխախոտային օրենքների ընդունումը»,- գրել է Nouvelles d’Arménie-ն։ Նաեւ մատնացույց է արել ԱՄՆ արդարադատության կայքում տեղադրված մի փաստաթուղթ, որից անուղղակի հետեւում է, որ Քեմբեքի եւ գլենդելահայ Ստեփան Մարտիրոսյանի միջեւ փաստաթուղթ է ստորագրվել՝ ամսական 65 հազար դոլարի դիմաց «կյանքի կոչել երկարաժամկետ ծրագիր, որի նպատակը կլինի նախարար Սարգսյանի (Սերժ Սարգսյանն այդ ժամանակ պաշտպանության նախարարն էր) համար լավ վարկանիշ ստեղծելը»:



Ֆրանսիական պարբերականը հիշատակել է «Եվրոպացի բարեկամների» անցկացրած հարցումը, որի համաձայն՝ Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանից առաջ է եղել նախագահական ընտրություններից առաջ։ Մայքլ Քեմբեքը չի պատասխանել ֆրանսիական ամսագրի հարցերին՝ կոպիտ, հերքող նամակ ուղարկելով։ Նա հիշվել է նաեւ նրանով, որ 3 տարի առաջ արդարացնում էր գազի գնի բարձրացումը՝ ասելով․ «Եթե աղքատ թոշակառուն խանութում ավելի քիչ վճարի իր սննդի կամ իր հին, կոտրված լվացքի մեքենան փոխելու վրա, իրեն թույլ կտա վճարել գազի բարձր գնի դիմաց»: Ի դեպ, Nouvelles d’Arménie-ն 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ գրել էր նաեւ, որ Քեմբեքի հիմնադրած «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունն ընտրություններից առաջ անցկացնում է նաեւ «ԳԵԼԱՓԻ» (Gallup International Association) հարցումները, որոնք համարվում են կեղծ, իշխանական ու պատվիրված եւ կապ չունեն հայտնի Gallup-ի հետ։ 2007 թվականին, նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ, երբ Հայաստանում իշխանություններից մեծ դժգոհություն էր կուտակվել, եւ ՀԱԿ-ը բացահայտ ֆավորիտ էր, Gallup International Association-ը զավեշտալի թվեր հրապարակեց՝ արձանագրելով, որ Սերժ Սարգսյանը 51 տոկոսանոց վարկանիշ ունի։ Այսօր էլ է թվեր հրապարակում, որոնցից ակնհայտ է, թե վարկանիշային որ աղյուսակն է ցանկանում իշխանությունը տեսնել հաջորդ տարի խորհրդարանում։ Ըստ այդ աղյուսակի, ընդդիմադիր լիդերը Նիկոլ Փաշինյանն է, եւ հայտնի չէ՝ սրանով օգնո՞ւմ են Փաշինյանին, թե՞ «փչացնում»։ Մայքլ Քեմբեքի հիմնադրած «Եվրոպացի բարեկամները» սիրում են գնալ-գալ Ղարաբաղ, հարցումներ անել, հետաքրքրվել ղարաբաղցիների քաղաքական առօրյայով եւ կարծիքներով։ «Նախորդ խորհրդարանական ընտրություններում էլ էին նման հարցումներ արել»,- ասում է «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը, որը համոզված է, որ հարցումը պատվիրել են ՀՀ իշխանությունները։



- Մեր իշխանության ինչի՞ն է պետք այդ հարցումը։



- ՀՀ իշխանությունները նաեւ այդ ձեւն են օգտագործում՝ հասարակական տրամադրությունները շոշափելու համար։ Կարծում եմ, որ նախագահականի պատվերն է։



- Հիմա լա՞վ է, թե՞ վատ, որ շոշափում են ժողովրդի տրամադրությունը։



- Եթե նպատակը դրանց դեմ աշխատելն է, դա վատ է, բայց եթե օգտագործելու են որոշումներ ընդունելու համար, դա լավ է՝ այսպես կասեմ։



- Նկատի ունեք ԼՂՀ կարգավորման խնդի՞րը։



- Դա՝ հատկապես։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ