Սեֆիլյանի խմբից մի քանի հոգի հրաժարվե՞լ են մասնակցել պլանին

Սեֆիլյանի խմբից մի քանի հոգի հրաժարվե՞լ են մասնակցել պլանին

Հունիսի 20-ից անազատության մեջ գտնվող Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Նոր Հայաստան հանրային փրկության ճակատ» շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի գործով քննության վերաբերյալ հակասական տեղեկություններ են շրջում։ Նրա փաստաբանները վստահեցնում են, որ իշխանությունները Սեֆիլյանին ապօրինաբար պահում են կալանքի տակ՝ ղարաբաղյան թեմայի այս թեժ պահին այդկերպ խոչընդոտելով նրա քաղաքական գործունեությանը, որ նա իշխանությունների քաղաքականությունը ԼՂՀ կարգավորման հարցում չքննադատի։



Ղարաբաղյան թեմայի սրացման շրջանում Սեֆիլյանը խանգարում է



Ըստ փաստաբաններ Արա Զաքարյանի եւ Տիգրան Հայրապետյանի, ակտիվ քննչական գործողություններ այս պահին, բացի առերեսումներից, չեն արվում։ Մեր տեղեկություններով, ապացույցների թվում կան նաեւ ձայնագրություններ, որոնք փաստաբաններին առայժմ չեն ներկայացվել։ «Մենք ձայնագրությունների մասին տեղյակ չենք, իսկ առերեսումները, որոնք արվել են, ոչ կոնկրետ էին, կարելի է ասել՝ 50 տոկոսի ճշտության, որ ապացուցողական արժեք չունեն,- ասում է փաստաբան Տիգրան Հայրապետյանը։- Առերեսվողները ոչ միայն չեն հիշում Սեֆիլյանի հետ հանդիպման ամիսը, այլեւ՝ թե երբ է եղել հանդիպումը, օրինակ՝ 2015, թե 2016 թվականին»։ Ապօրինի զենք կրել-տեղափոխելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի հետ առերես հարցաքննությունների ժամանակ նա եւ նրա փաստաբանները զրկված են եղել առերեսվողներին հարցեր ուղղելու հնարավորությունից։ Մինչդեռ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված է, որ քրեական հանցագործության մեջ մեղադրվողն իրավունք ունի «հարցաքննել իր դեմ ցուցմունքներ տվող վկաներին կամ իրավունք ունենալ, որ այդ վկաները հարցաքննության ենթարկվեն, եւ իրավունք ունենալ կանչելու ու հարցաքննելու իր վկաներին նույն այն պայմաններով, ինչ իր դեմ ցուցում տված վկաները»։



Պաշտպանական կողմի նկատմամբ արհամարհանք է դրսեւորվում



«Մենք իրավունք չենք ունեցել հարցեր տալու։ Սեֆիլյանի հետ կապված, ինչքան որ օրենքում անհստակ կետեր կան, բոլորն օգտագործել են նրա դեմ, իսկ նրա հստակ սահմանված իրավունքները խախտել են,- վստահեցնում է Տիգրան Հայրապետյանը։- Առերեսումների ժամանակ քննչական մարմնին թույլ չեն տալիս հարցեր ուղղել, չնայած դա հստակ չէ, եւ, հիմնվելով Մարդու իրավունքների միջազգային կոնվենցիայի համապատասխան կետերի վրա, քննիչի կողմից հարցեր չտալու պրակտիկան այսքան տարի է, չի գործում։ Բայց Սեֆիլյանին արգելվեց հարցեր տալ։ Մենք անգամ քննիչին հարցրինք՝ ունի՞ մեր պաշտպանյալը ՄԻ կոնվենցիայի 6-րդ հոդվածի երրորդ կետից օգտվելու իրավունք, եւ նա հստակ պատասխանեց՝ ոչ։ Սա արձանագրված է եւ տեսաձայնագրված»։ Կալանքի դեմ փաստաբանների բողոքը դատարանը մերժել է նրանց բացակայությամբ, առանց անգամ ծանուցելու նիստի մասին, եւ փաստաբանները սա որակել են որպես արհամարհանք պաշտպանական կողմի նկատմամբ։ Հնարավո՞ր է, որ Սեֆիլյանի խմբի գործը կապեն Արթուր Վարդանյանի խմբի գործողությունների հետ։ Տիգրան Հայրապետյանն ասում է, որ այս հարցը հաճախ է լսում լրագրողներից։ «Ես անգամ ինքս եմ հարցրել այդ մասին Սեֆիլյանին։ Նա սովորաբար լուրջ է, բայց այդ պահին սկսում է ծիծաղել։ Կարծում եմ՝ եթե նրա դեմ ծանրակշիռ ապացույցներ ունենային, եւ քննչական գործողություններ կանեին, եւ մեղադրանքը կփոխեին։ Հիմա ապօրինի զենքի մեղադրանք է ներկայացված, բայց բոլոր նկարագրված գործողությունները տանում են այլ հանցակազմի»,- պատասխանում է փաստաբանը։



Սեֆիլյանը չհաղթահարեց հանրաքվեի փուլը



Իսկ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, այդ գործողությունները հետեւյալն են․ Սեֆիլյանին մեղսագրվում է, որ նա մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ, այդ թվում՝ Երեւանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Մեր տեղեկություններով, որոնք ստացել ենք քննության մանրամասներին տեղեկացված անձից, հիմքեր կան կարծելու, որ Ժիրայր Սեֆիլյանը եւ նրա խումբն «ակտիվ գործողությունները» ծրագրած են եղել 2 անգամ՝ դեկտեմբերին՝ սահմանադրական հանրաքվեի օրերին, եւ ապրիլյան պատերազմի օրերին, հարմար պահի սպասելով։ Դեկտեմբերին պետք է հանրահավաքների մի շարք անցկացվեր, իշխանություններին հակազդելու ուժային մեթոդներ էին ծրագրվում այն դեպքում, եթե իշխանությունը փորձի ուժ կիրառել միտինգների մասնակիցների դեմ։ Այն խումբը, որը պետք է ակտիվ գործողությունների գնար, ունեցել է նշանաբառ, առանձին ղեկավար։ Երկու օրվա ընթացքում պետք է անկարգություններ կազմակերպվեին եւ անցկացվեին։ Գործում կան նյութեր, որոնք վկայում են, որ խմբի անդամները հանձնարարություն են ստացել ուսումնասիրել հեռուստաաշտարակի տարածքը եւ սխեմա կազմել։ Դեկտեմբերի սկզբին պետք է ակտիվ գործողություններ իրականացվեին, սակայն հանրահավաքների փուլը ձախողվեց՝ մարդ չհավաքվեց։ Ապրիլյան պատերազմից հետո խումբը, մեր աղբյուրի պնդմամբ, կրկին ակտիվացել է։



ՀԳ․ Պլանավորված են եղել զինված գործողություններ, սակայն մի քանի հոգի հրաժարվել են այս ամենին մասնակցելուց, քանի որ «պլանի» մեջ է եղել հարձակում զինվորների վրա։ Խմբի անդամներն ունեցել են իրենց մականունները, բազմաթիվ հեռախոսային քարտեր են պահել, որոնք օգտագործել են, ապա արագ փոխել։ Մեր տեղեկությունները պաշտոնապես հաստատել չի հաջողվում, սակայն եթե դրանք հստակ են, եւ իրավապահներն ունեն այս սցենարների հետ կապված ապացույցներ, ապա նոր, զարմանալի շրջապտույտը Սեֆիլյանի գործում երկար սպասեցնել չի տա։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ