ԼՂՀ բնակիչներին գործից ազատում են ցույցի մասնակցելու համար

ԼՂՀ բնակիչներին գործից ազատում են ցույցի մասնակցելու համար

Արցախում մարդկանց տարբեր եղանակներով տեղեկացնում են, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, այլեւս գոյություն չունեցող «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը մի քանի անգամ հայտարարել է, որ չի զբաղվում քաղաքականությամբ։ ԼՂՀ իշխանությունները միջոցներ են ձեռնարկում «կամանդույուշչիի» հնարավոր քաղաքական առաջխաղացման դեմ։ Հունիսի 5-ից հետո, երբ մի խումբ քաղաքացիներ Բաբայանին դիմավորելուց հետո գնացին ԼՂՀ նախագահական եւ պահանջեցին նրան ՊԲ հրամանատար նշանակել, պետական հիմնարկների ղեկավարները վախեցած են։ Մեզ հասած տեղեկություններով, նրանք զգուշացնում են աշխատակիցներին, որ չմասնակցեն միտինգների, ցույցերի կամ Սամվել Բաբայանի հետ որեւէ հանդիպման եւ սպառնում են, որ հակառակ դեպքում գործից կազատվեն։ Կան մարդիկ, որոնք արդեն կորցրել են աշխատանքը հունիսի 5-ի միտինգին մասնակցելու պատճառով։ Մի կնոջ ՊԲ-ից են հեռացրել` պատճառաբանելով, որ զինծառայողներն իրավունք չունեն խառնվել քաղաքականությանը: Մի կնոջ էլ հեռացրել են քաղաքացիական հաստատությունից՝ նշելով, որ նա թոշակային տարիքի է: Եվ քանի որ ԼՂՀ-ում կյանքն ավելի ծանր է, ու ապրուստը՝ ավելի թանկ, քան անգամ Հայաստանում, նման ահաբեկչական մեթոդներն արդյունք են տալիս։ Մարդիկ ոչ միայն ենթարկվում են, այլեւ սարսափում են բարձրաձայն եւ անվանական խոսել այս մասին։ Աշխատանքից ազատվածները չեն ցանկանում բարձրաձայնել այս խնդրի մասին եւ հայտնել իրենց անունները։



«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, որը հունիսի 5-ին ղեվավարում էր ցույցը, իսկ հաջորդ օրը ծեծի ենթարկվեց դրա համար, հաստատեց մեր տեղեկությունները պետական ահաբեկչության մասին։ «Մի քանի դեպք գիտեմ, երբ զինվորականների են հեռացրել հունիսի 5-ի միջոցառումներին մասնակցելու համար։ Մեկի ուղղությամբ աշխատում ենք օգնել, սակայն նա չի ցանկանա, որ հրապարակայնացնենք»,- ասաց նա։ ԼՂՀ վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը նման դեպքերի մասին տեղյակ չէ։ «Մանավանդ որ ի պաշտոնե իմ ոլորտը չէ,- ասաց նա՝ մեր հարցին պատասխանելով։- Ամեն դեպքում, եթե ՊԲ աշխատակիցների մասին է խոսքը, ապա հաշվի առեք, որ դա օրենքի պահանջ է, զինվորականներն իրավունք չունեն կուսակցական-քաղաքական գործունեություն ծավալել: Իսկ թե ինչ դեպքեր են եղել, արդեն պետք է կոնկրետ դեպքով հետաքրքրվել, մանրամասները ճշտել ու նոր գնահատական տալ»։ Մենք դիմեցինք նաեւ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանին։ Ռուբեն Մելիքյանը, որը ԼՂՀ օմբուդսմենն է մայիսի 5-ից, եւս ահազանգ էր ստացել։ Նա ասաց․ «Մենք ստացել ենք մեկ դիմում քաղաքացու կողմից՝ իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ, ինչը, ըստ քաղաքացու, պայմանավորված էր հունիսի սկզբին տեղի ունեցած հանրահավաքին իր մասնակցության հետ։ Դրանից հետո որեւէ այլ դիմում մենք չենք ստացել։ Հիմա եթե այս պահին ներկայիս իրականության մասին ենք խոսում, նման դեպքերի մասին ես տեղեկություն չունեմ»։



Ռուբեն Մելիքյանը չհայտնեց քաղաքացու անունը։ Ասաց, որ դիմումին ընթացք է տրվել․ «Այսինքն, մենք պարզաբանումներ ենք խնդրել հայտնի գերատեսչությունից, ես չեմ ուզում ասել, թե որ գերատեսչությունից, դա էական չեմ համարում։ Աշխատանքից ազատվելու պատճառների մասին տեղեկատվություն ենք պահանջել ըստ օրենքի։ Պարզաբանման մեջ ասվում էր, որ աշխատանքից ազատման պատճառը բոլորովին այլ է։ Մենք ներկայացրինք այդ պարզաբանումը քաղաքացուն եւ ասացինք, որ եթե լրացուցիչ որեւէ այլ բան ունեք մեզ ասելու ներկայացված պարզաբանման վերաբերյալ, մենք պատրաստ ենք շարունակել։ Բայց որեւէ նոր գրավոր պարզաբանում քաղաքացու կողմից մենք դեռ չենք ստացել։ Եթե ստանանք, կշարունակենք ուսումնասիրությունը, քանի որ սա շատ կարեւոր հարց է, եւ դա հաշվի առնելով, չենք կարճել վարույթը»։ Հնարավոր է, որ Ձեզ չեն դիմում, որովհետեւ ԼՂՀ-ում ՄԻՊ-ին դիմելու պրակտիկա չի ձեւավորվել։ «Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է։ Դուք ինձ հարցնում եք, պատասխանում եմ՝ հնարավոր է։ Ինձ բազմաթիվ մարդիկ տարբեր հարցերով դիմում են, ես բավականին թափանցիկ եւ հրապարակային եմ գործում»,- պատասխանեց Ռուբեն Մելիքյանը։



ՀԳ․ Այս հրապարակումը պատրաստելիս տպավորություն ստացա, որ Արցախն այսօր նման է 2008-ի Հայաստանին։ Սոցիալական մեծ լարվածություն կա եւ իրավիճակը փոխելու կամք։ Բայց, ի տարբերություն 2008-ի Հայաստանի, ԼՂՀ ժողովուրդն ավելի ճնշված ու վախեցած է, իրավագիտակցության ցածր մակարդակ ունի, իսկ հավանական առաջնորդը՝ Սամվել Բաբայանը, հակված չէ բացեիբաց տեր կանգնել ժողովրդի ցանկություններին։ Նա, կարծես, չի ուզում, որ իրեն որեւէ քաղաքական դերակատարում վերագրեն։ Հայկ Խանումյանի մասին էլ, որն իրեն պաշտպանելու համար տուժեց, ասել էր․ «Ղալաթ է արել», ինչը 2008 թվականի ժողովրդական լիդեր Տեր-Պետրոսյանի շուրթերից ամենավատ երազում էլ չէինք լսի։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ