Խաչատուր Վարագյանը, հավանաբար, կրկին կփորձի դառնալ քաղաքապետ

Խաչատուր Վարագյանը, հավանաբար, կրկին կփորձի դառնալ քաղաքապետ

Արթիկի քաղաքապետի ընտրություններում նոր-հին թեկնածու է ուրվագծվում՝ Արթիկի նախկին քաղաքապետ Խաչատուր Վարագյանը։ Մեր այս տեղեկությունը մեկնաբանելով՝ Խաչատուր Վարագյանն ասաց, որ դեռ վերջնական որոշում չի կայացրել, սակայն մեզ հետ զրույցից ենթադրեցինք, որ որոշումն արդեն կայացված է։



- Պարոն Վարագյան, հնարավո՞ր է, որ առաջադրվեք քաղաքապետի ընտրություններում։



- Դեռ վերջնական որոշում չեմ կայացրել։ Դեռ բավականին ժամանակ կա։



- Դուք նախկին քաղաքապետ եք, եւ Ձեր առաջադրումը զարմանալի չէր լինի։ Ի՞նչը Ձեզ կարող է խանգարել, որ չառաջադրվեք։



- Ինձ խանգարելու ոչ մի բան չկա։ Մինչեւ ամսվա վերջ կորոշեմ ու կհայտնեմ։



- Գուցե դեռ ՀՀԿ-ի հետ չեք համաձայնեցրել, եւ Ձեզ ՀՀԿ-ի համաձայնությո՞ւնն է պետք։



- Չէ, իմ անձնական որոշումն է լինելու, իմ անձնական որոշմամբ ես պետք է դառնամ քաղաքապետ ու մինչեւ ամսվա վերջ կկայացնեմ։



- Հիմա Արթիկում կառավարությունը հեղեղի վերացման աշխատանքներ է կազմակերպել։ Այդ աշխատանքները լա՞վ են կատարվում։



- Ամեն օր մենք էլ ենք կողքից մասնակից։ Կառավարության որոշումը կայացնելիս մենք էլ ենք առաջարկներ արել, ամեն օր շփման մեջ ենք, այսօր էլ վարչապետը եկել էր, ահագին ուշադրություն ենք դարձնում աշխատանքների վրա, շատ մեծ աշխատանքներ են կատարվում։



- Իսկ ամբողջությամբ մաքրվեցի՞ն հեղեղի բերած տիղմը, քարերը։



- Ծավալը շատ է, եւ ամբողջությամբ մաքրել հնարավոր չէր, որովհետեւ այնտեղ տեխնիկայի շարժվելու խնդիր է առաջանում։ Ճանապարհը որ լայն չէ, ստիպված մի-մի մեքենա է մտնում, մեկը դուրս է գալիս, հաջորդն է մտնում։ Միակ խանգարող հանգամանքը դա է։



- Բայց բնակիչները բողոքում էին, որ տների վերանորոգման համար գումարները քիչ են։



- Ես որքանով որ պատկերացնում եմ, հաշվարկները ճշգրիտ կատարված են, հատկացումները նորմալ արվում են։



- Վերջերս մամուլը գրեց, որ Դուք վթարային բազմաբնակարան շենքի կողքին գազալցակայան եք կառուցել, ու բնակիչները բողոքում էին, ներկայիս քաղաքապետն էլ կանգնեցրել է շինարարությունը։ Ձեր թեկնածության դեմ արդեն պայքա՞ր է սկսվել, թե՞ իրոք, փաստաթղթերը բացակայում էին։



- Գազալցման կայանի հետ կապված ոչ մի խնդիր չկա։ Բոլոր եզրակացությունները կան։ Օրենքի սահմաններում լրիվ որոշված, ոչ մի խախտում չկա, ուղղակի ինձ ֆինանսական վիճակը խանգարեց, որ ավարտեմ, ուրիշ ոչինչ։



- 2012 թվականի քաղաքապետի ընտրություններում Դուք պարտվեցիք Արսեն Աբրահամյանին։ Ինչո՞ւ։ Վերլուծե՞լ եք։



- Ես կարծում եմ, որ բոլորն էլ տեղյակ են, թե այդտեղ պատճառն ինչ էր։ Որ ժողովրդին ասեք, ժողովուրդը կպատասխանի այդ հարցին։



- Հիմա Դուք զգո՞ւմ եք ժողովրդի աջակցությունը։



- Մի հատ որ հարցնեք ժողովրդին, ժողովուրդը կասի։ Ես էդ մարդկանցից առաջ էլ ամբողջ տարածաշրջանի գազիֆիկացման հետ կապված աշխատանքներ եմ կատարել, դրանից հետո 4 տարի քաղաքապետի պաշտոնում Արթիկում լուրջ աշխատանքներ կատարել եմ։ Չեմ կարծում, որ ժողովուրդն ինձանից որեւէ մի տեղ դժգոհություն հայտնած լինի։



- Երբ Դուք քաղաքապետ էիք, նաեւ խոսում էին Ձեր եւ որոշ պաշտոնյաների, օրինակ, այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կապերի մասին։



- Խնդրում եմ նման բաներ չշոշափել ընդհանրապես։



- Ես հարցնում եմ, որ իմանամ, եթե առաջադրվեք, ո՞ւմ աջակցությամբ է լինելու։ Ձեզ կլինե՞ն սատարողներ իշխանական թեւում։



- Ես իմ հույսը դնում եմ իմ վրա, մեկ էլ մեր ժողովրդի վրա։ Ես ոչ մի աջակցության խնդիր չունեմ։ Փառք Աստծո, ես ժողովրդի մոտ ահագին հարգանք վայելող անձնավորություն եմ։



- Հիմա, եթե ՀՀԿ-ն Ձեզ չաջակցի, Դուք, միեւնույն է, կառաջադրվե՞ք։



- Ես, միեւնույն է, որոշում կայացնելու եմ, քանի որ ես դեռեւս այս քաղաքի համար շատ բան կարող եմ անել։



Խաչատուր Վարագյանն ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանի եղբայրն է, որը 2012 թ․ ԱԺ ընտրություններում պարտվեց ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանին։ Այժմ ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը, ըստ լուրերի, առաջադրվելու է սեպտեմբերի 18-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում, եւ եթե Խաչատուր Վարագյանն առաջադրվի, կրկին մրցակցելու է Վարագյանների հետ։ Մենք կապվեցինք նաեւ Մխիթար Վարագյանի հետ։ Նա եւս ասաց, որ հնարավոր է, որ իր եղբայրը մասնակցի քաղաքապետի ընտրություններին, բայց մեր հարցերին հրաժարվեց պատասխանել, քանի որ գտնվում է արտասահմանում։ Պետոյանին պարտվելուց հետո նա, կարծես, նեղացել էր ՀՀԿ-ից եւ միառժամանակ ընդհատակ էր անցել, բայց 2013 թվականին Սերժ Սարգսյանի օգտին քարոզչություն էր անում։ Քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու է նաեւ գործող քաղաքապետ Արսեն Աբրահամյանը։ ՀՀԿ-ն, սակայն, թեկնածուներից որեւէ մեկին սատարելու մասին դեռ չի հայտարարել։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ