Պետք է գնալ-ասել, որ դուք ավելի շատ հայրենանվեր եք, քան հայրենադավ

Պետք է գնալ-ասել, որ դուք ավելի շատ հայրենանվեր եք, քան հայրենադավ

Հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն իշխանության բացառիկ «անվախներից» է, որը վերջին օրերին ստեղծված իրավիճակի վերաբերյալ համարձակվեց կարծիք հայտնել։ Հուլիսի 17-ին մայրաքաղաքի Էրեբունու ՊՊԾ-ի վրա «Սասնա ծռեր» ջոկատի հարձակումից հետո նրա կուսակից ընկերներն ընդհատակ են անցել, իշխանության որեւէ ներկայացուցիչ չի ցանկանում կարծիք հայտնել կատարվածի վերաբերյալ։



- Պարոն Աղաբաբյան, Ձեր կարծիքով, ինչո՞ւ ազատամարտիկները գնացին նման ծայրահեղ քայլի։



- Եթե Սեֆիլյանի մոտ զենք են հայտնաբերել, նրան կալանավորել են, իսկ այդ տղաներն անօրինական զենքով են մտել, որ նրան ազատեն՝ ապացուցելով, որ Սեֆիլյանին իզուր չեն կալանավորել։ Էդ զենքերը որտեղի՞ց էդ տղաներին։ Չի հստակեցված՝ ինչի՞ համար ազատենք Սեֆիլյանին։



- Խումբը նաեւ Սերժ Սարգսյանի հրաժարականի, ինչպես նաեւ Արցախի տարածքները չվերադարձնելու պահանջներ է առաջ քաշում։ Հանրության դժգոհ շրջանակներում տեսակետ կա, որ իշխանությունների տարիների անգործությունը, կուտակված խնդիրները, երկրում տիրող անարդարությունը եւ այլն հանգեցրին այս քայլին։



- Մենք պետություն ենք, որը կանգնած է մե՜ծ պրոբլեմի առաջ, Ադրբեջանն ուզում է իբր թե իր տարածքները հետ վերցնի, որոնք, սակայն, իր տարածքները չեն, պատմական տարածքներ են։ Մենք դեռ պատերազմի մեջ ենք, մեզ պե՞տք է Հայաստանում հեղափոխություն, հեղաշրջում անենք։ Ոնց որ ես նստած լինեմ, իմ անկախության բանակի տղաները նման բան անեն, ո՞նց կանեն։ Չի կարելի երկրում քաղաքական խնդիրները զենքով լուծել։ Կան քաղաքական ակցիաներ։ Ես մի բան էլ ասեմ. իհարկե, սպանվողին ես շատ եմ ափսոսում՝ միլիցիայի աշխատակցին, բայց թուրքեր չէին, էլի, պիտի հասկանային, որ հայեր են ներխուժել, ու իրար դեմ կրակոց է գնացել, պետք էր դա հասկանալ։



- Այսինքն՝ չէ՞ր կարելի կրակել։



- Իմ կարծիքով՝ ոչ։



- Տարիներ շարունակ քաղաքական ակցիաներն ապարդյուն են անցել, իշխանությունը կամ անդրդվելի է մնացել, կամ բռնություն է կիրառել սեփական ժողովրդի նկատմամբ։ Չե՞ք կարծում, որ բոլոր գործիքներն սպառել եք, ու դրա համար են մարդիկ ծայրահեղությունների գնում։ Ընդդիմությանն այնպես եք ճզմել, որ հիմա հատուկենտ ընդդիմադիրներ են այս միջադեպի ժամանակ ձայն հանում։



- Իմ կարծիքով՝ այդպես չէ, բոլոր գործիքներն էլ տեղում են։
Օրինակ, Ղազախստանում Նազարբաեւը հելավ ասեց, որ էսպես պիտի լինի, էնպես պիտի լինի, թող մեր մոտ էլ պահանջեն, որ նախագահը բացատրի՝ մենք հող տվո՞ղ ենք, թե՞ հող տվող չենք։ Մենք հող տվող չենք։ Ես չեմ էլ հավատում, որ մեր նախագահը փաստաթուղթ պետք է ստորագրի հողերը տալու։ Նույնիսկ Լեւոնը չտվեց, հրաժարական տվեց, բայց հող չտվեց, ո՞նց կարող ա պատահի պատերազմի մասնակից մարդը, որը երկրի նախագահն է, հանկարծ հող տա։ Ընդդիմությունը մահանա է ման գալիս, որ գա իշխանության, ասում է՝ հող են ուզում տալ։ Ինչի Սեֆիլյանը մեզնից լա՞վ կռված տղա ա, ո՞վ ասաց։ Չպտի լիներ նման բան, հիմա էլ պիտի այնպես անենք, որ արյունահեղություն չլինի, ես ուղղակի խնդրում եմ այդ տղաներին, որ զենքը վայր դնեն, էդ ձեւով խնդիր չի լուծվում։ Ոչ մի հստակ բան չկա հող հանձնելու, ոչ ստորագրություն կա, ոչ մի բան, ինչի՞ են իրանք՝ մի հատ սար են գտնում, ուզում են նվաճել, ու բոլորը խփնվում են։



- Ապրիլյան պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Սերժ Սարգսյանը որեւէ ուղերձով հանդես չի եկել, ժողովրդին ոչինչ չի ասել, որեւէ ռեալ փոփոխության չի գնացել, իսկ գուցե այդ արհամարհանքն ու անորոշությունն են նաեւ պատճառը, որ մարդիկ, ազատամարտիկները նման քայլի գնացին։



- Ես ոչ մեկի տեղը չեմ կարող պատասխանել՝ ինչու է այդպես արել, բայց, որպես ՀՀ քաղաքացի, ճանապարհ անցած մարդ, պատգամավոր, հստակ գիտեմ, որ հող չենք տալու, դա արտահայտվել է նաեւ տարբեր քաղաքական գործիչների կողմից։ Էդ արդեն նախագահի խնդիրն ա, ինքը հայտարարություն կանի, իմ խնդիրը չէ։ Ես, օրինակ, կուզենայի, բայց կան արտաքին քաղաքական պրոցեսներ, որի մասին գուցե պետք չէ խոսել, երկրի նախագահը գիտի՝ երբ, ինչ խոսի, ում ինչ ասի։



- Չե՞ք վախենում, որ այս միջադեպը կարող է հեղափոխական ալիք բարձրացնել, արդեն մի քանի օր է՝ հանրահավաքներ են կազմակերպվում։ Եթե կան դատապարտողներ, կան նաեւ պաշտպանողներ։



- Հեղափոխական ալիքին ես դեմ եմ, մենք շրջապատված ենք թշնամիներով եւ հեղափոխություն անելու իրավունք չունենք, կա քաղաքակիրթ ճանապարհ։ Եթե մեր նախագահը սխալ է, հելնում ենք միտինգների, եթե ապացուցում ա, որ ինքը ճիշտ է, մենք ի՞նչ իրավունքով ենք նման քայլի գնում։ Եթե չի ապացուցում, Լեւոնը հրաժարական տվեց, ուրեմն թող մեր նախագահն էլ հրաժարական տա, եթե նման փաստ է եղել։ Բայց ես չեմ կարծում, ու հավատս չի գալիս։



- Փաստն այն է, որ հիմա գնդակն իշխանությունների դաշտում է, ի՞նչ պետք է անի Սերժ Սարգսյանը, դուք, իշխանությունը։



- Դե, տղաները պիտի հասկանան ու զենքները վայր դնեն, մեր նմանները պետք է խոսեն, եթե պետք է, այցելեն տղաներին, համոզեն, որ թյուրիմացություն է եղել, դուք դիտմամբ չեք արել, դուք ավելի շատ հայրենանվեր եք, քան թե հայրենադավ, պիտի խոսեն, բանակցությունները շարունակեն, ու այդ տղաները զենքը ցած դնեն։ Ինձ թվում է՝ միակ ճանապարհը դա է։



- Դուք պատրա՞ստ եք այդպիսի առաքելություն ստանձնել։



- Ինչի՞ չէ, եթե թույլ տան, մի քանի հոգով կարող ենք մտնել՝ տղերքի հետ խոսանք։ Երեւի ես կփորձեմ խոսեմ մի քանիսի հետ, եթե թույլ տա մեր ղեկավարությունը, կանենք։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ