«Սասնա Ծռեր»-ի բոլոր անդամները կալանավորվեցին

«Սասնա Ծռեր»-ի բոլոր անդամները կալանավորվեցին

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ ողջ գիշեր և այսօր առավոտյան քննվել է «Սասնա Ծռեր» խմբի անդամներից 20-ի կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու հարցը։ 



Այսպես, օգոստոսի 3-ին բավարարվել է քննիչի միջնորդությունը եւ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների, ինչպես նաեւ Արամ Հակոբյանի նկատմամբ: Երկու ամսով կալանավորվել է Արայիկ Խանդոյանը, Վարուժան Ավետիսյանը եւ մյուսները: «Սասնա Ծռեր»-ի բոլոր անդամներին կալանավորել են։



Նրանց առաջադրվել է նույն մեղադրանքը՝ ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել)



Նշենք, որ Սարի թաղի բնակիչին՝ Արթուր Սարգսյանին, որը սնունդ էր հասցրել տղաներին, նույն մեղադրանքն է առաջադրվել: Նրա մեղադրանքի բովանդակության մեջ նշված է, որ հուլիսի 17-ին նա մասնակցել է ՊՊԾ գնդի գրավման գործողությանը, մինչդեռ նա ՊՊԾ գնդի տարածք է մտել հուլիսի 26-ին։



Նկատենք, որ  ձևավորվել է «Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպանության խումբ, որը ստանձնել է խմբի անդամների իրավունքների պաշտպանությունը: Խմբի կազմում են փաստաբաններ Վահե Գրիգորյանը, Մուշեղ Շուշանյանը, Կարապետ Բադալյանը, Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը, Դավիթ Գյուրջյանը, Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Արա Զաքարյանը, Արայիկ Պապիկյանը, Մոնիկա Մարգարյանը և Լուսինե Մարտիրոսյանը: Խմբի` դեռևս պաշտպաններ չունեցող անդամների հարազատները կարող են դիմել պաշտպանության խմբին` զանգահարելով 099 588 576, 010 500 665 հեռախոսահամարներով: