Արտաքուստ անմեղ որոշում

Արտաքուստ անմեղ որոշում

Վթարների դեպքում նոր կարգ է գործում: Կարող եք ԱՊՊԱ չկանչել: Այսուհետ բավական է ճանապարհային ոստիկանության եզրակացությունը: ԱՊՊԱ-ն պարտավոր է փոխհատուցել:



Հավանաբար շատերն են ուրախացել այս նորույթից: Նրանցից ոմանք էլ, երևի, մտածում են, որ հայրենի իշխանությունները վարորդների նյարդերը խնայելու համար են սա արել: Մինչև զանգում ես ԱՊՊԱ, մինչև գալիս են, հարցուփորձ անում, նկարում... Իսկ այսպես՝ առաջին իսկ ոստիկանական մեքենան կանգնում է, չափում, նկարում, արձանագրում, մեքենաները հանում երթևեկելի գոտուց և վերջ: Ճանապարհը ազատ է, խցանում չկա, նյարդայնացողներն էլ՝ քիչ:



Բայց եկեք հասկանանք, թե ֆինանսական առումով ինչ է իրենից ներկայացնում նորույթը: Այստեղ է, որ պարզվում է՝ մեզանում շուստրիների պակաս իրոք չի զգացվում:



Ավելի վաղ, երբ ոստիկանությանը չէին դիմում վթարի ժամանակ, այսինքն՝ երբ վարդի սխալն ակնհայտ էր և նա ընդունում էր մեղքը, ԱՊՊԱ-ն էր լուծում հարցերը: Ոստիկանություն չդիմելը արդեն իսկ 30 հազար դրամի շահույթ էր մեղավոր կողմի համար, և նա գերադասում էր այդ 30 հազարը ծախսել իր մեքենան նորոգելու վրա, քան տալ ոստիկանությանը: Բայց հիմա, ոստիկանությունը պետք է գա, քանզի ոստիկանության արձանագրության հիման վրա միայն տուժող վարորդը կարող է փոխհատուցում ստանալ ԱՊՊԱ-ից: Սա արդեն իսկ նշանակում է, որ ճանապարհային ոստիկանությունը հավելյալ եկամուտներ է ստանալու:



Նորույթից կօգտվի նաև ԱՊՊԱ-ն: Ճիշտ է, հիմա վարորդները, կարծես, կարող են մինչև որոշակի գումարի վնասի դեպքում իրենք արձանագրել վթարն ու նկարներ տրամադրել, բայց դա շատ կարճ կյանք կունենա, որովհետև ԱՊՊԱ-ում նման վթարները հատուցելու պրոցեսը այնքան կձգեն, մինչև մարդիկ թքեն, հեռանան: ԱՊՊԱ-ն այդկերպ կխուսափի թեթև վնասվածքների համար փոխհատուցելուց, այսինքն՝ նույնպես լրացուցիչ շահույթ կունենա:



Եվ ի՞նչ է ստացվում: Որպեսզի պետավտոտեսչությանը կանչի համար չվճարես, պետք է հաշվարկես վնասն ու մյուս կողմի հետ գաս համաձայնության՝ նորոգել նրա մեքենան: Սա արդեն նշանակում է՝ վերադառնում ենք հին ու բարի ժամանակները՝ ախպեր, քշի, տեր եմ, սարքող եմ:



Միայն թե անհասկանալի է, թե ինչի համար է այս դեպքում ԱՊՊԱ-ն, որին գումար ենք վճարում:



Էդիկ Անդրեասյան