Փաշինյանն առաջարկում է՝ ունենալ ընդդիմություն

Փաշինյանն առաջարկում է՝ ունենալ ընդդիմություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համապետական հանրահավաքի մասին երկու խոսք չասել, նշանակում է չտեսնելու տալ ճահճացած ընդդիմադիր դաշտում առաջացած շարժումը: Դրան ալեկոծում չես ասի, բայց որ հանրահավաքում ընդդիմադիր քաղաքական խոսք հնչեց՝ միանշանակ է:



Վերջին անգամ Ազատության հրապարակում այդպիսի խոսք հնչել է Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերից՝ եռյակի «հուժկու» հանրահավաքների ժամանակ:  Ի տարբերություն այդ հանրահավաքների, սակայն, որոնցում ԲՀԿ-ականները փչացնում էին տպավորությունը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին իրենց երկչոտ պահանջներով, իսկ ՀԱԿ առանձին «դուխավիկ» ներկայացուցիչներ աչքի էին ընկնում իրենց հայհոյախոսությամբ, Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը աչքի ընկավ զսպվածությամբ, կոնկրետ ասելիքով, քաղաքական դաշտում երիտասարդ կուսակցության տեղի հստակ մատնանշմամբ: «Քաղաքացիական պայմանագիրը», ինչպես և ձևավորման առաջին օրերին, շարունակելու է առաջ շարժվել բաց խաղաքարերով, և դա, անշուշտ, առավելություն է՝ հանրության կողմից ընկալված լինելու տեսանկյունից:



«Սասնա ծռերի» քայլը և դրան հետևած շարժումը, չնայած պարբերական հավաքներին, գնալով մարում է: Այսօր արդեն «Սասնա ծռեր» կոչվող շարժումը հենց ընկալված լինելու պրոբլեմ ունի: Անհասկանալի է Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը պահանջողների կտրուկ հրաժարականն այդ պահանջից, անհասկանալի է Ազատության հրապարակի ամբիոնը «բազարի» վերածելու նրանց պրակտիկան, միանգամայն անհասկանալի են Ենիգոմշյանի ոչինչ չասող, միատոն ելույթները, ի վերջո՝ մարդկանց համար վիրավորական, իսկ իրենց համար ամոթալի է այս ընթացքում այդպես էլ որևէ ծրագիր չներկայացնելը: Մարդիկ շատ արագ հասկացան, որ ի դեմս «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռերի» էստաֆետն ստանձնած ակամա դերակատարների, քաղաքական ուժ և քաղաքական շարժում գոյություն չունի: Հասկանալի է՝ կան ձերբակալվածներ, որոնք բանտերից նամակներ ու էպիգրամներ են գրում, բայց ժողովրդին համոզել, որ նա ամեն ինչ թողած ընկնի ՔԿՀ-ների ու դատարանների դռները, որովհետև 30 մարդ, չգիտես ինչու, ՊՊԾ գունդ է գրավել ու հանձնվել, բավականին դժվար գործ է:



«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համապետական հանրահավաքի առաջնահերթ մեսիջներն ամենևին էլ իշխանափոխության և Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին չեն: Իշխանափոխությունն ու Սերժ Սարգսյանի հրաժարականը ավելի շուտ կուսակցության ռազմավարության խնդիրներ են: Հանրահավաքում Փաշինյանն ավելի շատ կարևորեց թիրախներին հասնելու իրենց մարտավարությունը՝ սկսած ընդդիմության փոփոխությունից (առանց ընդդիմության փոփոխության, իշխանափոխություն չի կարող լինել), վերջացրած ժողովրդի քվեն կարևորելով: Նիկոլ Փաշինյանը, եթե առավել պարզ ասենք՝ առաջարկում է ստեղծել մեկ ընդդիմություն և իշխանափոխության հասնել ընտրություններով, ինչը միանգամայն ռեալ է, եթե ընդդիմադիր էլեկտորատի քվեն չփոշիանա: Ընդդիմադիր և «ընդդիմադիր» ուժերի դաշինքների փոխարեն, ինչի փորձերն արդեն եղել են և փառավորապես տապալվել, Փաշինյանն առաջարկում է մեկ ընդդիմություն ձևավորել՝ մեկ անունով, մեկ դրոշով, մեկ կարգախոսով ու ծրագրով:



Փաշինյանը, որքան հասկացանք, հանրահավաքում լուծեց նաև մեկ ընդդիմության լիդերի հարցը՝ առաջարկելով ստվերային կառավարություն ձևավորել և նախապես «նշանալկվելով» այդ կառավարության վարչապետ: Ոմանք կարող են ասել՝ այդկերպ նա իրենից կվանի շատ ընդդիմադիրների: Չշտապենք: Կարևորն այստեղ այն է, թե ո՞ւմ նկատի ունենք ընդդիմադիր ասելով: ԲՀԿ, «Հայկական վերածնունդ», ՀԱԿ, «Հիմնադիր խորհրդարան», «Ժառանգություն» և բոլոր նրանք, որոնք ինչ-որ պահի հրաժարվել են իշխանափոխության պահանջից, Նիկոլ Փաշինյանը չի ընդունում և ընդդիմադիր չի համարում: Մեկ ընդդիմության դեպքում բոլոր գրասենյակները վերափոխվում են մեկ ընդդիմության գրասենյակների, ձևավորվում է ստվերային կառավարություն, գրվում է ծրագիր, և սկսում են աշխատել: Իսկ սա, ի տարբերություն քամու թևին թռչելու, ինչպես անում են այսօր «ընդդիմադիրները», քաղաքական պայքարի առաջարկ է:



Եթե մի պահ հայացք նետենք խորհրդարանի ներսը ու տեսնենք թե ինչպես են քվեարկում «ընդդիմադիր» խմբակցություններն ու պատգամավորները, միանգամայն պարզ կդառնա, թե ինչ է նշանակում մեկ, կոնկրետ ընդդիմություն ունենալը: Փաշինյանը ճիշտ է նկատում՝ իշխանությունը մեկն է և նրա դեմ պետք է լինի մեկ և կոնկրետ ընդդիմություն, որպեսզի ժողովուրդն էլ հասկանա, թե իշխանափոխության համար ում պետք է տա ձայնը:



Ամփոփելով՝ կցանկանայի նշել նաև, որ իշխանություններն իրենց հայտարարած բարեփոխումները երբեք չեն կարող կյանքի կոչել ընդդիմության բացակայության պայմաններում: Եթե նրանց ընդդիմությունը լինելու է ԲՀԿ-ն, «Հայկական վերածնունդը», «Ալյանսը», «Համախմբումը», ապա ոչ մի բարեփոխում էլ տեղի չի ունենա: Հնարավոր չէ կարծրատիպերը կոտրել կարծրատիպերով: Փաշինյանն առաջարկում է այդ ճանապարհով չգնալ: Փաշինյանն առաջարկում է ունենալ ընդդիմություն:



Էդիկ Անդրեասյան