Ալեք Ենիգոմշյանը՝ նոր վարչապետի, ՔՊ-ի հանրահավաքի, «Սասնա ծռեր»-ին համաներմամբ ազատելու մասին

Ալեք Ենիգոմշյանը՝ նոր վարչապետի, ՔՊ-ի հանրահավաքի, «Սասնա ծռեր»-ին համաներմամբ ազատելու մասին

Հովիկ Աբրահամյանի հրաժարականի և նոր վարչապետի նշանակման մասով կարծում եմ, որ այստեղ կարևորը երկրորդն է՝ Կարեն Կարապետյանի նշանակումը, հրաժարականը պայմանավորված է այդ նշանակումով: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, Հիմնադիր Խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը:



Նրա խոսքերով՝ այդ նշանակման պատճառները երկուսն են. «Ապրիլյան պատերազմից հետո և «Սասնա ծռեր»-ի գործողություններից հետո այս վարչախմբի լեգիտիմությունը իջավ հատակ, լրիվ զրոյի: Ներսում լեգիտիմություն չուներ, բայց ուներ լծակներ, այսօր էլ ունի լծակներ, բայց ներքին խլրտումները ավելացել են, բայց ամենակարևորը այն է, որ ապրիլյան պատերազմից հետո մինչև «Սասնա ծռեր»-ի գործողությունները, Սերժ Սարգսյանը և իր վարչախումբը պատրաստվում էին Արցախի հարցի հետ կապված գործողությունների, տարածքներ հանձնելու հետ կապված շատ կոնկրետ պահանջներ էին ներկայացրել իրենց, և իրենք, ըստ երևույթին, խոստումներ էին տվել այդ կապակցությամբ: «Սասնա ծռեր»-ի գործողությունը եկավ և լրիվ չեզոքացրեց այդ խոստումներն իրականացնելու հնարավորությունները: «Սասնա ծռեր»-ի գործողությունները բազմաթիվ ձեռքբերումներ ունեցավ, կարևոր ձեռքբերումներից մեկը դա էր` արցախյան տարածքների հանձման չեզոքացումը: Դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը, վարչախումբը կորցրին նաև իրենց արտաքին լեգիտիմիությունը, այսինքն՝ իրենք իրենց արտաքին լեգիտիմությունը ստանում էին այն բանից, որ իրենք անընդհատ զիջումներ էին անում և այդպիսով մնում էին իշխանությանը, տարածքների պահով իրենց խոստումների անհնարիությունը ստեղծեց այնպիսի վիճակ, որ Մոսկվան որոշեց իր ուղիղ պաշտոնյան նշանակել որպես Հայաստանի վարչապետ: Փոփոխությունը, որը տեղի ունեցավ, դրանով է պայմանավորված, այսինքն՝ այստեղ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը ածանցյալ է, չնայած այս իրականությունը Մոսկվայի կողմից է նշանակված, դա ինչ որ չափով Սերժ Սարգսյանին ձեռնտու չէ, որովհետև ձեռքից ինչ-որ լծակներ վերցնում է, այնուամենայնիվ Սերժ Սարգսյանը և իր վարչախումբը իրենց համար ոչ աննպաստ վիճակում փորձելու են օգտվել ինչ որ չափով այս վիճակից, այն առումով, որ կառավարության փոփոխությամբ և մինչև 2017 թ ապրիլի ընտրությունների օրը, նոր կառավարության կողմից իրականացվելիք որոշ փոփոխություններով, որոնք ավելի շուտ կլինեն ձևական, այդ փոփոխություններով կփորձեն ստեղծել որոշակի պատկեր, թե երկրում փոփոխություն կա և դրանով կփորձեն ապահովել ապրիլին Հանրապետական կուսակցության հաղթանակը»:



-Պարոն Ենիգոմշյան, օրերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած հանրահավաքն էր, որի ժամանակ հայտարարվեց, որ իրենց կողմից ձևավորվում է ստվերային կառավարություն:



Մինչև ստվերայինի մասին խոսելը, պետք է հասկանանք, թե ի՞նչ ենք ընդհանրապես ուզում: Հիմանդիր Խորհրդարանը և հիմա արդեն «Սասնա ծռեր» քաղաքական շարժումը ուզում է հիմնական, արմատական փոփոխություններ, այն Հայաստանը, որը ուզում ենք, դա, որակապես բարձր Հայաստանն է. դա նպատակն է, միջոցը՝ իշխանափոխությունն է, իսկ իշխանափոխությունը ինքնանպատակ չէ: Հիմա խնդիրն այն է, որ իշխանափոխություն իրականացնելու մեխանիզմը ո՞րն է, եթե ընտրություններն են, ապա մենք գիտենք, որ ընտրություններով դա հնարավոր չի, Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը պնդում են, որ ապրիլ 2017-ի ընտրություններում հնարավոր է իրավիճակը փոխել, մենք գտնում ենք, որ ոչ մի բան փոխված չի, որպեսզի եզրակացնենք՝ մինչև հիմա հնարավոր չի եղել` 1995-ից սկսած, հիմա հնարավոր է: «Քաղաքացիական պայմանագիր»-ը և Նիկոլ Փաշինյանը ասում են, որ այնտեղ հիմնական մեղքը բնականաբար իշխանությանն է, բայց իրավիճակ փոխել չկարողանալու մեղքը ընդդիմությանն է, ընդդիությունը չի իմացել՝ ինչպես աշխատել և դրա համար չի հասել հաջողության, իրենք ասում են՝ մենք գիտենք ինչպես աշխատել և կհասնենք հաջողության:



Ինչպես աշխատելը 6000 դիտորդները ապահովելն է և այլն, ցավոք դա խնդիրը չի լուծի, որովհետև միայն դիտորդները չեն: Իրենց վերահսկած ընտրությունները, լծակները միայն դիտորդներով պայմանավորված չեն, այլ բազում-բազում այլ լծակներ կան, դրա լավագույն ապացույցը հենց ապրիլ ամսին Հրազդան քաղաքում կայացած ընտրությունների փորձն էր, որտեղ ՔՊ-ն այդ քաղաքի համար անհրաժեշտ դիտորդներ ուներ և դրանով հանդերձ իրեն չհաջողվեց հաղթանակ ապահովել: Սա հենց ապացույցն է այն բանի, որ համապատասխան թվով դիտորդներ ունենալը երբեք բավարար չէ այս վարչախմբի ընտրությունների վերահսկողությունը չեզոքացնելու և ընտրությունների միջոցով հաղթանակ ապահովելու: Ես վերադառնում եմ Ձեր հարցին՝ ստվերային կառավարության ձևավորմանը, վարչապետ, դա այլ պայմաններում կարող է նորմալ լինել, բայց եթե իշխանափոխության մեթոդը մնում է այդ վարչախմբի վերահսկած ընտրություններին մասնակցելը, այդ ստվերային կառավարության և վարչապետի նշանակումը դառնում է երկրորդական: Եթե իշխանափոխության ռազմավարությունը, հաղթելու հնարավորություն ունեցող ռազմավարություն է, այդ դեպքում և ստվերային կառավարությունը, և տարբեր մեխանիզմներ կարող են նշանակություն ունենալ, բայց այս պայմաններում, երբ գլխավոր ռազմավարությունը մնում է ընտրություններին մասնակցելը, այդ վարչապետի, ստվերային կառավարության նշանակումը արդեն դառնում է ածանցյալ:



-Անդրառնալով «Սասնա ծռեր» խմբին` խոսակցություններ կան, որ կալանքի ժամկետը լրանալուց հետո նրանց համաներմամբ ազատ կարձակեն: Այս խոսակցությունները որքանո՞վ են իրատեսական:



Ես չեմ ուզում կանխատեսումներ անել, բայց բնականաբար նման խոսակցություններ գնում են, ես կարող եմ ասել՝ եթե լինի նման բան, դա կլինի ներկա վարչախմբի թուլության փաստը, որովհետև վարչախումբը իր համար չափազանց վատ վիճակում է, ինչպես ասացի քիչ առաջ լեգիտիմության իմաստով և նաև երկիրը կառավարելու իմաստով: Վարչախումբը ստիպված է նման քայլերի դիմել՝ իր համար լարվածությունը թուլացնելու համար: Եթե գնա համաներմամբ «Սասնա ծռեր»-ին ազատ արձակելուն, դա լինելու է իր դժվար պայմանները մի փոքր թուլացնելու ուղղությամբ արված քայլ:



-Մի քանի օր հետո հերթական հանրահավաքը կիրականացվի «Սասնա ծռերի»-ին աջակցող: Խոսք կամ կոչ, չասված ինչ-որ բան կարող եք ասել:



Ճիշտն ասած, մենք դեռևս օրը չենք հայտարարել: Ամսի 17-ին «Սասնա ծռեր»-ի կողմից իրականացված գործողության երկրորդ ամիսը կլրանա, աշխարհի տարբեր քաղաքներում երթեր, հանրահավաքներ են նախատեսված, չի բացառվում, որ Երևանում ևս հանրահավաքը այս անգամ տեղի ունենա ուրբաթ օրվա փոխարեն շաբաթ օրը: Դա կորոշվի և համապատասխան հայտարարություն կարվի: Այն էներգետիկան, որը ստեղծվել է հուլիսի 17-ից սկսած, անգամ, եթե հանրահավաքին փոքր թվով մարդիկ են մասնակցում, բայց այդ էներգետիկան կա և վստահ եմ, որ շարունակվելու է, և մեր ժողովրդին հաջողվելու է վերջ տալ երկրում տիրող այս իրավիճակին:



Աննա ՊԱՊԻԿՅԱՆ