Կարեն Կարապետյանը գալիս է հայրենասիրական մղումներից դրդված․ Արթուր Գևորգյան

Կարեն Կարապետյանը գալիս է հայրենասիրական մղումներից դրդված․ Արթուր Գևորգյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ժամանակին Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Գևորգյանն աշխատել է Կարեն Կարապետյանի հետ, երբ նա քաղաքապետ էր, ինքը՝ թաղապետ, և լավ կարծիքի է նրա մասին։
«Պատիվ ունեցել եմ աշխատել Կարեն Կարապետյանի հետ, և տպավորություններս շատ լավ են»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Գևորգյանը։



-Դուք պատճառների մասին գիտե՞ք, թե ինչու 2005 թվականին հեռացավ Կարեն Կարապետյանը քաղաքապետի պաշտոնից։



-Ոչ, դա իր անձնական որոշումն էր։



-Հիշեցնեմ․ մամուլը գրեց, որ նա նեղացած էր մեր իշխանություններից, դրա համար հեռացավ, թեպետ ինքն ասաց, որ ավելի բարձր վարձատրվող աշխատանք են առաջարկել իրեն, դրա համար է գնում։



-Դե, հեն ա, որ ասել է՝ ի՞նձ եք հարցնում։



-Ի՞նչ եք կարծում, մարդ, տարեկան մոտ 150 հազար դոլար աշխատավարձ էր ստանում «Գազպրոմում», բարձր եկամուտ ունի, ինչու՞ է գալիս մոտ մեկ միլիդոն դրամանոց աշխատավարձով վարչապետի պաշտոնին։



-Գալիս է հայրենասիրական մղումներից դդրված, կարծում եմ։ Անելու բան ունի, ասելու բան ունի, դեռ է երկրին, կարծում եմ, տալու բան ունի, դրա համար է գալիս։ Կարապետյանն իր փորձով, պրոֆեսիոնալիզմով, կարծում եմ, մեզ շատ իոգուտ կտա։



-Իսկ ինչու՞ գնաց, այդ դեպքւոմ։ Որտե՞ղ էր այդ ժամանակ հայրենասիրությունը։



-Շատ բան թողեց քաղաքին այդ կարճ ժամանակում։ Եվ Երևան քաղաքը, եթե ուշադրություն դարձնենք, այդ ժամանակվա ձեռագրով մինչև էսօր աշխատում է։



-Ի դեպ, երբ ինքը «Գազպրոմի» ղեկավար կազմում էր, մենք այդ ընթացքում մեր ունեցած այն խղճուկ 20% բաժնեմասն էլ կորցրինք՝ տալով ռուսական կողմին։



-Դուք կարծում եք, որ վա՞տ է ղեկավարել։ Նրա ղեկավարած տարիներին Հայաստանը ծայրից ծայր գազաֆիկացվել է, տարածաշրջանում մենք երևի թե ամենագազաֆիկացված պետությունն է։ Այդ ամենը ձեռքբերում է՝ չունենալով գազ, և այդ հարաբերությունները պետք է մեկը կարողանար պահել, չէ՞։ Դրա արդյունքւոմ մինչև հիմա «Գազպրոմն» արդյունավետ շարունակում է աշխատել, այսինքն՝ մենք երբեք խնդիր չենք ունենում, անջատումներ չենք ունենում։



-Բայց մենք պարտքեր ունեցանք, որի դիմաց մեր 20% բաժնեմասից զրկվեցինք, մե
նք այսօր ոչինչ չունենք, ըստ էության այդ գազից։



-Ի՞նչ պիտի ունենայինք գազից․․․ գազ ունենք, մենք երբևիցե գազ չենք ունեցել, հիմա գազ ունենք։



-Որը մերը չէ, և մենք այդ գազը թանկ գնով ենք ձեռք բերում։ Կարելի է ասել՝ մենք ունենք բիզնես, բայց այդ բիզնեսում որևէ բաժնեմաս չունենք։



-Բայց դու այդ բիզնեսից օգտվում ես, չէ՞։ Ժողովուրդը ի՞նչ է ուզում, ժողովուրդն ուզում է գազ ունենալ և այդ գազից կարողանա օգտվել, ուզում է անխափան գազ ունենա։ Մենք լավ ենք հասկանում, որ եթե գազ չունենանք, ինչ խնդիրների առաջ կկանգնենք։



-Լավ, Հովիկ Աբրահամյանը ինչո՞վ չարդարացրեց իրեն, որ հրաժարական տվեց։



-Ես չգիտեմ։ Գնահատական տվողը ես չեմ, հասարակությունն է, ես անգատ եմ և իմ խոսքն այդքան մեծ արժեք չունի։ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ժամանակն է, այսինքն՝ մի շարք խնդիրներ կան, որոնք կարծում է՝ այլ ղեկավար պետք է գա լուծելու։



-Բայց երբ նա 2014-ին նշանակվում էր վարչապետ, դուք, ձեր քաղաքական թիմը մեծ-մեծ հույսեր էր ներշչում, որ նա լավ մենեջեր է, կկարողանա լավ կառավարել, երկրի համար լավ կլինի։



-Ես՝ անձամբ, նման բան չեմ ասել երբևէ, ես Հովիկ Աբրահամյանին ճանաչում եմ և հարգում եմ, բայց չգիտեմ,, նրա լավ մենեջերական հատկությունների մասին երբևէ չեմ իմացել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ