Ովքեր են նոր նախարարները-2

Ովքեր են նոր նախարարները-2

Քիչ առաջ հրապարակվեցին նոր նախարարներ նշանակելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագրերը։ Ցուցակը կանխատեսելի էր և միանգամայն սպասված։ Մշակույթի նախարար, ինչպես և գրել էինք, նշանակվեց հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի անդամ, ազգային ռադիոյի նախկին տնօրեն Արմեն Ամիրյանը։ Վերջին երկու-երեք տարիներին Հասմիկ Պողոսյանի դեմ դժգոհությունների մասին զրույցներին զուգահեռ նրա անունը պարբերաբար շրջանառվում էր որպես մշակույթի պոտենցիալ նախարարի։ Ինքը՝ Արմեն Ամիրյանը, այս լուրերը ավելի շուտ ցանկությունների դաշտից էր համարում, բայց արի ու տես, ցանկությունները մի օր իրականություն են դառնում։ Արմեն Ամիրյանը նախկինում հաղորդավար է եղել, նա ապահովված, «մշակութային» անձնավորություն է։



Մի Արմենը եկավ, մյուսը՝ Մուրադյանը, գնաց։ Նրա փոխարեն առողջապահության նախարար է նշանակվել «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը։ Նրան է պատկանում «Վարդանանք» պոլիկլինիկան։ «Որպես մենեջեր, նա իրեն ապահովագրական բիզնեսում լավ է դրսևորել։ «Ինգո Արմենիան» նրա օրոք խոշորացել է, «կուլ տալով» «Կասկադ Ինշուրանսին»։ Նա 1958 թվականի ծնունդ է։ Հարցազրույցներից մեկում ասել էր, որ ինքն իրեն հակաճգնաժամային կառավարիչ եմ համարում, քան հասարակ մենեջեր։ Այս իմաստով, նրա տեղը գտել են, փաստորեն,․ մեր ճգնաժամային օրերում առողջապահության նախարար նշանակելով։ Ալթունյանը մասնագիտությամբ բժիշկ է, անեստեզոլոգ և վերակենդանաբան, և այս ոլորտում է եղել 20 տարի։ 1989-1995 թթ․ Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտում անեսթեզիոլոգ է աշխատել, իսկ 1986-1989թթ Հրազդանի կենտրոնական շրջանային հիվանդանոցում բժիշկ-անեսթեզիոլոգ էր:
Ասում են, նա վարչապետ Կարեն Կարապետյանի մանկության ընկերն է։



Կարեն Կարապետյանի նշանակվելու պահից խոսակցություններ էին շրջում, որ վարչապետը Արծվիկ Մինասյանին չի ցանկանում տեսնել տնտեսական բլոկում։ Եւ ահա Մինասյանը դառնում է բնապահպանության նախարար, թեև հասկանալի չէ նրա կապը այս ոլորտի հետ:



Իսկ էկոնոմիկայի նախարար է նշանակվում Սուրեն Կարայանը, որն այս համակարգում էլ սկսել է իր աշխատանքային գործունեությունը 1997 թվականից որպես հարկայինի գծով առաջատար մասնագետ և 2006 -ին հասել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնին։ Ի՞նչ նոր քայլեր եք անելու։ Մեր հարցին Սուրեն Կարայանը պատասխանեց «Շուտ է դեռ։ Ինձ մի քիչ ժամանակ տվեք, շատ մտքեր կան, նոր բաներ ենք մտածել, բայց ես գերադասում եմ սկզբում անել, հետո խոսել»։ Հարցին, թե արդյոք նշանակումը սպասելի էր իր համար նա պատասխանեց․ «Առաջարկը ստացվել էր և քննարկվել էր»։ Սուրեն Կարայանը հայտնի ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Համլետ Կարայանի որդին է, նրա եղբայրը` Խաժակ Կարայանը, զբաղեցնում էր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը, վերջերս նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ինֆորմացիոն տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն:



Եւ վերջապես չորրորդ նոր մարդը Կարեն Կարապետյանի կաբինետում լինելու է սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը։ Գաբրիել Ղազարյանը եւս չի վերանշանակվել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում, այդ պաշտոնը զբաղեցնելու է ՀԱՕԿ քարտուղար, սպորտի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Ի դեպ, Ռոստոմյանի հնարավոր նշանակման մասին դեռ երեկ «Հրապարակին» լուրեր էին հասել, սակայն վերջինս չէր մեկնաբանել դրանք, իսկ ավելի ուշ ապաակտիվացրել էր Ֆեյսբուքում իր էջը: Ի տարբերություն նախորդ նախարարի՝ Գաբրիել Ղազարյանի, նա ավելի ընդունված է ֆեդերացիաների կողմից։ Բյուջեները սահմանելիս նախկին նախարարի հետ քիչ էին հաշվի նստում։ Մամուլի հետ էլ Հրաչյա Ռոստոմյանը ավելի հաճույքով էր շփվում, իսկ Գաբրիել Ղազարյանը հիմնականում «ցրում էր» իրեն ուղղված հարցերը` ասելով, որ դրանք իրեն չեն վերաբերում։ Ի դեպ, Հրաչյա Ռոստոմյանի՝ ՀԱՕԿ քարտուղար լինելու ընթացքում սպորտ լուսաբանող լրագրողները սկսեցին մարզիկների հետ արտասահման մեկնել և նույնիսկ օլիմպիական խաղեր լուսաբանել, ինչով նա միանգամից «չորրորդ իշխանության» աչքը մտավ։



Արտեմ Ասատրյանը վերանշանակվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Արփինե Հովհաննիսյանը` Արդարադատության, Արմեն Երիցյանը` Արտակարգ իրավիճակների, Դավիթ Լոքյանը` Տարածքային կառավարման, Հրանուշ Հակոբյանը` Սփյուռքի, Լեւոն Մկրտչյանը` Կրթության եւ գիտության նախարարի պաշտոններում, այս վերանշանակումները ևս սպասված էին։ Այս պահի դրությամբ դեռեւս թափուր են Արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարի պաշտոնները։



Ավելի վաղ եւս 6 նախարար էր նշանակվել,Դավիթ Հարությունյանը վերանշանակվել էր Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, Վաչե Գաբրիելյանը` Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին փոխարինել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, նախկին փոխնախարար Վարդան Արամյանը, Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին` «Ռոստելեկոմ»-ի գործադիր տնօրեն Վահան Մարտիրոսյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին` Երեւանի կոնյակի գործարանի տնօրեն Իգնատի Առաքելյանը, եւ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանին` «Հրազդան Ջեկ» -ի տնօրեն Աշոտ Մանուկյանը:



Սյուզան Սիմոնյան