Հրայր Թովմասյանին դատի են տվել

Հրայր Թովմասյանին դատի են տվել

«Իրավունքի Եվրոպա միավորումը» եւ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ները դատի են տվել Հայաստանի նոր սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի «հայրիկին»՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին։ Ընտրական օրենսգրքի շուրջ «4+4+4» ֆորմատով քննարկումների ժամանակ, որոնց ներկա էր Հրայր Թովմասյանը, փաստաբան Տիգրան Եգորյանը բարձրաձայնել էր դիտորդական կազմակերպությունների կարծիքը՝ որ իշխանությունը կեղծել է ընտրությունները։



Սրան Հրայր Թովմասյանը հակադարձել էր. «Իմ կարծիքով, դիտորդական կազմակերպությունների մի մասը դեմագոգ, կիսագրագետ ու անգրագետ են, դրսից սնվող»: ՀԿ-ները սա չեն մարսել։ Նրանք Թովմասյանի այս արտահայտությունը որակել են որպես իրենց գործարար համբավի արատավորում եւ դիմել են դատարան։ Գործը լսում է Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը, քանի որ Թովմասյանը հաշվառված է իր ծննդավայրում՝ Արարատի մարզի Դարակերտ գյուղում։ Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի շահերը ներկայացնում է նախկինում նրա տեղակալ Արամ Օրբելյանը՝ ի դեմս Օրբելյանին պատկանող «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության։



Ժամանակին այս ընկերությունը համարվում էր արդարադատության նախարարության պաշտոնյաների եւ փաստաբանական բիզնեսի սերտաճման օրինակ։ Երեկ այս գործով առաջին դատական նիստն էր նշանակված, սակայն այն արագ հետաձգվեց։ Տարաձայնություն առաջացավ հենց սկզբում, երբ փաստաբան Լուսինե Հակոբյանը, որը նաեւ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահն է, միջնորդեց տեսանկարահանել նիստի ընթացքը։ Արամ Օրբելյանը հայտնեց, որ չի առարկի, եթե երաշխավորեն, որ տեսանկարահանումը ողջ ծավալով կհրապարակվի։ Դատավոր Սահակյանն էլ որոշում կայացրեց թույլ տալ նկարահանումներն իր որոշման հրապարակումից 5 րոպեի ընթացքում, ապա արգելել։ Հայցվոր կողմը փորձեց պարզել, թե ինչ հիմնավորմամբ է դատավորը նման որոշում կայացնում, եւ ցանկացավ առարկություն հայտնել։ Սակայն դատավորն ասաց, որ հայցվորը դատարանին հարց տալու կամ առարկելու իրավունք չունի, այլ միայն ինքնաբացարկի։ ՀԿ-ների ներկայացուցիչը բացարկ հայտնեց դատավորին։



Վերջինս ասաց, որ բացարկը պետք է հայտնել ոչ թե բանավոր, այլ՝ գրավոր։ Կողմն առարկեց, որ դրա ժամանակը չունի։ Առարկությունը չընդունվեց, եւ դատավոի ինքնաբացարկը գրավոր ձեւով պահանջելու համար ՀԿ-ները ժամանակ խնդրեցին։ Հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 29-ին, ժամը14։30-ին։ «Իհարկե, մենք ունենք իրավունք եւ հարցեր տալու դատարանին, եւ առարկություններ անելու, եւ բանավոր ինքնաբացարկ պահանջելու։ Կամ դատավորը խախտում է մրցակցային դատավարության սկզբունքը, կամ նա կոմպետենտ չէ,- ասում է «Իրավունքի Եվրոպա միավորման» նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը։- Ինչ վերաբերում է նիստը մասնակի տեսաձայնագրելու որոշմանը, ապա այն պատճառաբանված չէ եւ չի բխում տեղեկատվության ազատության իրավունքից»։ 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ