Ակադեմիկոս Աղանբեկյանը հույսեր է կապում Կարեն Կարապետյանի հետ

Ակադեմիկոս Աղանբեկյանը հույսեր է կապում Կարեն Կարապետյանի հետ

Երեկ Հայաստան է եկել ակադեմիկոս, ռուս խոշոր գիտնական Աբել Աղանբեկյանը, ով պարբերաբար Հայաստան է գալիս, ուսումնասիրում է մեր տնտեսության իրավիճակը եւ առաջարկներ է անում Հայաստանի կառավարիչներին: Այս անգամ նա իր հետ բերել է 120 էջանոց աշխատություն՝ ՀՀ-ի ներդրումային հնարավորությունները վերնագրով: Սովորաբար ակադեմիկոսը մնում է «Լաթար» հյուրանոցային համալիրում, եւ այսօր առավոտյան ֆորումի ժամանակ նա պատասխանել է «Հրապարակի» եւ Հանրային հեռուստաընկերության հարցերին:



-Կառավարությունը գոնե մեկ անգամ ընդունե՞լ է ձեր առաջարկը:



-Հայաստանի տնտեսական զարգացումը շատ բազմազան է, օրինակ` ինֆորմատիզացիայի ծրագիրը, որը համապատասխանում էր իմ առաջարկին, Կառավարությունը ընդունեց, բայց չեմ կարող ասել, որ առաջինը ես եմ արել այդ առաջարկը, ինձնից առաջ էլ են արել, իհարկե, շատ բան է արվում իմ նախանշած ուղղություններով, բայց տնտեսական զարգացման տեմպերը շատ չափավոր են: Հայաստանը զարգանում է շատ ավելի դանդաղ, քան մյուսները, եւ նրա զարգացումը առայժմ չի նկատվում:



-Ի՞նչ պետք է անել:



-Պետք է ծրագիր, հիմա Հայաստանում նոր Կառավարություն է` Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, իմ լավ ծանոթի, ես նրա հետ առնչվել եմ Հայաստանի տնտեսությամբ զբաղվելու ժամանակ, պետք է ասեմ, որ կարելի է մեծ հույսեր կապել նրա հետ:



-Հույս կա՞, որ նա ձեզ կլսի:



-Դա այդքան էլ կարեւոր չէ` կլսի նա ինձ, ձեզ, կամ էլի ինչ-որ մեկի: Նա ինքնուրույն մարդ է, եւ կարեւորն այն է, որ գործ լինի, ոչ թե թե ում կլսի:



-Հայաստանը անդամակցում է ԵՏՄ-ին, մյուս կողմից` փորձում է ԵՄ-ի հետ ինչ-որ ծրագրեր իրագործել, կարո՞ղ ենք մենք միաժամանակ նստել երկու ձիու վրա:



-Մենք երկու ձիու վրա չենք նստած, դուք մոռացաք Չինաստանը, որի հետ եւ Հայաստանը, եւ Ռուսաստանը արտաքին առեւտրային շրջանառության խոշոր բաժին ունի, Հայաստանի դեպքում մի քիչ ավելի փոքր, քան եվրոպական երկրների հետ: Ես չեմ գտնում, որ այդ երկու ձիերը տարբեր են, պետք է բոլորի հետ ունենալ լայն առեւտրատնտեսական հարաբերություններ, հնարավոր չէ էֆեկտիվ լինել մեկուսացված վիճակում, Հայաստանը Ռուսաստանից է օգտվում, Ռուսաստանն էլ` Հայաստանից: Հասկանում եք` Հայաստանը շատ նեղ, ներքին շուկա ունեցող երկիր է, փոքր էկոնոմիկայով եւ հնարավոր չէ էֆֆեկտիվ արտադրություն կազմակերպել, եթե այն չես արտահանելու: Իսկ Հայաստանի արտահանումը շատ փոքր է: