Գողը չպետք է աշխատի կառավարությունում

Գողը չպետք է աշխատի կառավարությունում

Լեւոն Բարխուդարյանը, որը Հայաստանի լավագույն տնտեսագետներից է համարվում, երկար տարիներ առանցքային պաշտոններ է զբաղեցրել պետական համակարգում, ֆինանսների նախարար է եղել (1993-1997), ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար (1999-2000), նախագահի խորհրդական, անգամ Կանադայում ՀՀ դեսպան։ Այսօր նա համեստագույն պաշտոն է զբաղեցնում՝ ՊԵԿ-ի ուսումնական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, սակայն տնտեսական ֆորումների եւ հանդիպումների ժամանակ նրա ելույթները ծափահարություններով են ուղեկցվում։ Երկու օր առաջ, սեպտեմբերի 29-ին, նա մի սեղմ զեկույց կարդաց անգլերենով՝ «Տնտեսական աճի հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով։ Նա մոնիտորինգի էր ենթարկել ՀՀ կառավարության 2008-2014թթ. ծրագրերը, համեմատել էր դրանցում արտացոլված ցանկություններն իրականության հետ եւ եկել էր եզրակացության, որ նպատակները, որոնք դրվել են, գոնե մոտավորապես չեն իրագործվել։ Բայց, որպեսզի ելույթը հոռետեսական չստացվի, պարոն Բարխուդարյանը հայտարարեց՝ դրական է, որ նոր կառավարությունում օլիգախներ չկան։ Դուք իրո՞ք կարծում եք, որ կառավարման համակարգում այլեւս ոչ մի օլիգարխ չի մնացել։ «Եթե կան էլ, քիչ են»,- պատասխանեց Բարխուդարյանը եւ խնդրեց անջատել ձայնագրիչը, քանի որ կոռեկտ չի համարում մամուլում արտահայտվել մի համակարգի վերաբերյալ, որում ինքը ներկայում աշխատում է։ 



- Դուք իրո՞ք հավատում եք, որ օլիգարխներից հնարավոր կլինի ազատվել։



- Դրա ժամանակը հասունացել է, նրանք պետք է մաքրվեն։ Հիշո՞ւմ եք՝ Լի Կուան Յուն, որ եկել էր, Սինգապուրի վարչապետը, նա ճիշտ բան ասաց։ Ասաց՝ ցածր զարգացման երկրների կոռումպացված բյուրոկրատիան ի վիճակի է ոչնչացնել ոչ միայն պետությունը, այլեւ այդ երկրների հասարակությունը։ Եթե վերեւից ցանկություն կա պայքարելու, անպայման կստացվի։



- Դուք խոսեցիք մենաշնորհների վտանգի մասին։ Ինչ-որ թվեր կա՞ն։



- Մոնոպոլիզացիայի տոկոսն ահավոր բարձր է Հայաստանում, ներքին շուկայում։ Ներկրողները մոնոպոլիաներն են, ներքին առեւտուրը կամաց-կամաց դառնում է մոնոպոլիա։ Ոչ, ես թվեր չունեմ։



- Այսօր կառավարությունը չինովնիկների եկամուտների սխալ հայտարարագրման մասին օրենք է մշակում։ Հնարավոր կլինի՞ արդյունքի հասնել։



- Ցանկության դեպքում, իհարկե, կարելի է։ Այդ ամենի ձեւերն աշխարհում կան։ Տեսեք, հայտարարագրման ժամանակ մեծ գումար են նշում ու գրում են, որ նվեր են ստացել։ Գրանցում են, որ նվեր են ստացել, բայց ով է նվեր տվողը, չեն գրում։ Այ, եթե գրեն, թե ով է նվիրել, նշեն աղբյուրը, վերջ, այդ աղբյուրի կյանքը կդառնա անտանելի։ Ցանկության դեպքում մեր նպատակների եւ իրականության տարբերությունը կարելի է վերացնել։ Գողը չպետք է աշխատի կառավարությունում։



- Իսկ, օրինակ, եթե պաշտոնյան ոչինչ չունի, բայց ամեն ինչ գրանցում է հարազատների անունով՝ փոխկապակցված անձանց, սրա հետ ի՞նչ ենք անելու։



- Փոխկապակցված անձանց ունեցվածքը պետք է հրապարակել։ Հրապարակայնությունն ամենամեծ թշնամին է էդ նույն կաշառակերության։



- Ձեր ելույթում ուսումնասիրությունների արդյունքներ ներկայացրիք, կարո՞ղ եք դրանք կարճ շարադրել ընթերցողի համար։



- Կառավարման համակարգի արդյունավետությունը բնութագրող 6 խումբ ցուցանիշներ կան, որոնք տեղ են գտել 2008 թվականի կայուն զարգացման ծրագրում, այնուհետեւ՝ 2014 թվականի հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում, որոնք, ըստ էության, նույն նպատակային ցուցանիշներն էին։ Ենթասդրվում էր, որ 2012-ին մենք պետք է հասնեինք բալթյան երկրների եւ Արեւելյան Եվրոպայի 2006թ. մակարդակին: Բայց չհասանք։ Այնուհետեւ՝ 2017-ին, նպատակ դրվեց հասնել այդ նույն երկրների 2010 թվականի մակարդակին, բայց մենք հիմա շատ հեռու ենք դրանից։ Տեղեր կան, որ կրկնակի ենք հեռու։ Սա խոսում է այն մասին, որ կառավարման բարեփոխումները հատվածային ձեւով, թերեւս, հնարավոր է։ Հաջող են ընթանում, օրինակ, էլեկտրոնային կառավարումը, որի մասին ես առանձին խոսեցի։ Բայց, ընդհանուր առմամբ, բյուրոկրատական խոչընդոտները վերացնելու հակակոռուպցիոն ռազմավարությունն իրականացնելու առումով բավականին հետ ենք կամ՝ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու առումով, իսկ դա խփում է բիզնեսին։ Այսօր ամենամեծ խոչընդոտները բիզնեսի իմ այս թվարկած գործոններն են, նաեւ մենաշնորհները։ Ի տարբերություն ներդրումների, որոնք տնտեսական ակտիվության ինչ-որ ժամանակ են պահանջում, այս ցուցանիշների պրոգրեսը կարելի է շատ արագ ապահովել, եթե լինի քաղաքական կամք եւ նպատակադրվածություն ցանկացած իշխանության կամ կառավարության մոտ։



- Ի՞նչ պետք է անել։



- Կառավարման արդյունավետությունը բարձրացնել, հակակոռուպցիոն ահռելի կամպանիա սկսել, անպատժելիության մթնոլորտ պետք է չլինի։ Լինի պատժի անխուսափելիության սկզբունքի իրականացում։



- Իսկ հակամենաշնորհային նոր օրենք պե՞տք է։



- Կա օրենսդրություն դրա համար, այլ հարց է, թե ինչպես է այն իրականացվում։



 



- Նոր կառավարության հետ հույս կապո՞ւմ եք։



- Կարող եմ ասել, որ հույս ունեմ, ամեն անգամ նոր կառավարությունն ինչ-որ նոր հույսեր է արթնացնում, եւ ինչ-որ բաներ սկսում են ավելի արագ զարգանալ, քան նախկինում։ Կարծում եմ՝ որոշ ոլորտնեում այդպես էլ կլինի։



- Իսկ էկոնոմիկայի նախարարությունը, որ վերափոխում են բիզնեսի աջակցման կենտրոնի, սա՞ ինչպես կգնահատեք։



- Ես չեմ ուզում մեկնաբանություններ անել։ Լավ գործ է, եթե բիզնեսին օգնեն, սատարեն, ներդրումները խրախուսեն։ Եթե կան թիմեր, ղեկավարներ, որոնք անձնուրաց աշխատում են՝ մի կողմ դնելով անձնական շահը, ամեն ինչ ստացվում է։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ