Հանցակից ենք բոլորս

Հանցակից ենք բոլորս

Երբեմն թվում է՝ մենք ոչ թե 21-րդ դարում ենք ապրում, այլ քարե դարում, որտեղ հարցերը լուծվում են ծեծի ու բռնության միջոցով։ Որտեղ ազգովին փորձում ենք մաքուր ընտրություն կազմակերպել, սակայն ինչ-որ չար ու անհայտ ուժեր համառորեն խանգարում են դրան։ Որտեղ մի հանցագործ մարզպետից ազատվելը դառնում է համազգային երազանք եւ իրար աչքալուսանք տալու, երջանկանալու առիթ։ Որտեղ մի քանի անփորձ, հանրությանն անծանոթ անձանց պաշտոններ ստանալը լուսավոր ապագայի հույսեր է արթնացնում, իսկ օրենսդիր մարմնի ամբիոնից հնչած հայհոյանքն ու ցածրորակ անեծքը՝ սրտահովանք առաջացնում։ Որ կողմ նայում ես՝ խեղճություն է, լավ, բարեկեցիկ երկիր կառուցելու անզորության ապացույցներ, ծուլության, անտարբերության, իր կողմից մերժելի իշխանության հետ հավասար հանցակցության դրսեւորումներ։ Ասենք, ի՞նչ բացատրություն-արդարացում կարելի է գտնել տնակներում, ցնցոտիների մեջ ապրող մարդկանց համար, որոնք ամեն օր անիծում են իրենց բախտն ու կոռումպացված պաշտոնյաներին, բայց ընտրությունների ժամանակ գնում եւ ձայն են տալիս իրենց թաղի գողականի մատնանշած անձին-ուժին։ Հենց այն ուժին, որը ձախողել է երկրի կառավարումը, մեր տնտեսությունը հասցրել աղետալի վիճակի, նպաստել արտագաղթին, սահմանին մահվան բերան տարել մեր երիտասարդներին։ Մի՞թե իր կյանքում, իր երկրում փոփոխություններ փափագող հասարակությունը չպետք է ինքնակազմակերպվեր՝ ընտրությունների ժամանակ ձայն չտալով իշխող կուսակցությանը, ապա այդ ձայնն «ատամներով» պահելով եւ նոր, թարմ ուժերի իշխանության բերելով։ Մի՞թե ընտրողների այդ 40 տոկոսը, որը Վանաձորում եւ Գյումրիում ձայն տվեց Հանրապետականին, երբեւէ չի լսել այն ծեծված ասացվածքը, որ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր ձեւավորած իշխանությանը։