«Լույսը» ճանապա՞րհ է բացում դեպի աշխարհի լավագույն համալսարաններ

«Լույսը» ճանապա՞րհ է բացում դեպի աշխարհի լավագույն համալսարաններ

Մեր մտավորականներից ոմանք, հաշվի առնելով, որ անկախ Հայաստանի բուհական համակարգում խորհրդային իշխանության տարիներից ի վեր շատ բան չի փոխվել, իսկ աշխարհն էլ առաջ է գնում արագ տեմպերով, որպես Հայաստանում փոփոխությունների հասնելու ճանապարհ, առաջարկում էին պետական աջակցությամբ հովանավորել մեր ուսանողներին եւ ուղարկել արտերկիր՝ ուսանելու։ Տարիներ առաջ, երբ ստեղծվեց «Լույս» հիմնադրամը, հույսեր արթնացան, որ մեր երկիրն էլ հետ չի մնա տարածաշրջանի այլ երկրներից, որտեղ կրթական հավակնոտ ծրագրեր են իրականացնում՝ այդ կերպ հավակնելով նաեւ փոփոխությունների հասնել մյուս ոլորտներում։ «Լույս» հիմնադրամի գործունեության մասին հարցում էինք ուղարկել հիմնադրամին։



Մասնավորապես մեզ հետաքրքրում էր, թե «Լույս» հիմնադրամն իր գործունեության ընթացքում քանի ուսանողի է հովանավորել արտերկրի բուհերում ուսանելու նպատակով, արտերկրի որ բուհերում են ուսանել հիմնադրամին դիմած ուսանողները եւ ինչ մասնագիտությունների գծով, արտերկրի բուհերում ուսանելուց հետո քանի ուսանող է վերադարձել Հայաստան, կա՞ այդպիսի վիճակագրություն։ Խնդրել էինք նաեւ տրամադրել պետական կառույցներում աշխատող արտերկրում ուսանած շրջանավարտների մասին տեղեկատվություն։



Ըստ «Լույս» հիմնադրամի՝ մեզ տրամադրած տեղեկատվության՝ 2009 թ. ի վեր «Լույս» հիմնադրամի աջակցությամբ աշխարհի լավագույն համալսարաններում կրթություն է ստացել 456 հայ երիտասարդ, որոնցից 104-ն այժմ սովորում են, իսկ 352-ն արդեն շրջանավարտ են: «Հիմնադրամը ֆինանսավորում է աշխարհի լավագույն 10 համալսարաններ ընդունված հայ երիտասարդներին: Համալսարանների ցանկը կազմվում է` համաձայն Շանհայի Ջիայո Թոնգ համալսարանի` աշխարհահռչակ բուհերի հետազոտության կենտրոնի հրապարակած «Աշխարհի համալսարանների վարկանիշների» (ARWU (http://www.shanghairanking.com/ARWU2015.html)։ Այդ համալսարաններն են՝ Հարվարդի համալսարան, Սթենֆորդի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտ (MIT), Կալիֆոռնիայի Բերկլի համալսարան, Քեմբրիջի համալսարան, Փրինսթոնի համալսարան, Կալիֆոռնիայի տեխնոլոգիայի ինստիտուտ, Կոլումբիայի համալսարան, Չիկագոյի համալսարան, Օքսֆորդի համալսարան»,- նշում են «Լույս» հիմնադրամից ուղարկված պատասխանում: Ինչ վերաբերում է Հայաստան վերադարձած ուսանողներին, ապա, հիմնադրամի տվյալներով՝ արտերկրում ուսումնառությունից հետո ուսանողների 60-70 տոկոսը վերադառնում է Հայաստան, աշխատանքի անցնում պետական կամ մասնավոր հատվածում, ինչպես նաև սեփական ձեռնարկությունը հիմնում հայրենիքում։



«Վիճակագրությունն առավել հստակ չէ, քանի որ շրջանավարտների զգալի մասը պարբերաբար կրթական կամ գործնական կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերի է մասնակցում արտերկրում՝ մշտապես գիտելիքի շրջանառություն ապահովելով այլ երկրների հետ»,-պարզաբանում են հիմնադրամից ։Հարցին, թե արտերկրի ո՞ր բուհերի հետ է «Լույս» հիմնադրամը մշտական կապ հաստատել, կրթական համագործակցության ի՞նչ ծրագրեր է իրականացնում, հիմնադրամից արձագանքել են. «Լույս» հիմնադրամը համագործակցում է աշխարհի տարբեր գիտական ու կրթական կենտրոնների, համալսարանների հետ: Համատեղ ծրագրեր են իրականացվել և իրականացվում,
մասնավորապես, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (http://www.luys.am/am/events/gtl), Եյլի համալսարանի (http://www.luys.am/am/content/view/yale), Քեմբրիջի համալսարանի և այլ կրթական հաստատությունների հետ»:



Թագուհի Հակոբյան