Ամբողջ քաղաքը խոսում ա, որ Ռուդիկ Ղուկասյանն ա ընտրակաշառք բաժանել. Սարգիս Մուրադյան

Ամբողջ քաղաքը խոսում ա, որ Ռուդիկ Ղուկասյանն ա ընտրակաշառք բաժանել. Սարգիս Մուրադյան

Հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթած անկուսակցական Սարգիս Մուրադյանը քաղաքի մասին շատ մեծ պատկերացումներ ունի, շատ մեծ նախնական ծրագրեր. «Ես կաշխատեմ, եթե հարցեր կլինի, խոստանում եմ Ձեզ, կգաս մի օր, կպատասխանեմ բոլոր հարցերին: Ես դեռ չեմ ընդունվել, երբ որ ընդունեմ, թողած ժառանգության մասին Ձեզ կհայտնեմ նորից»:



-Դուք անկուսակցական եք, բայց Ձեզ Հանրապետական կուսակցությունն էր սատարում: Մտադի՞ր եք համալրել հանրապետականների շարքերը:



Անպայման, իսկ թե երբ՝ կիմանաք: Հիմա կներեք, ես շատ խիստ զբաղված եմ, հետո կպատասխանեմ Ձեր հարցերին:



-Պարոն Մուրադյան, նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանն ասում էր, որ դուք ընտրակաշառք եք բաժանել:



Ամբողջ քաղաքը խոսում ա, որ Ռուդիկ Ղուկասյանն ա ընտրակաշառք բաժանել, իմ թիմակիցներից ոչ մեկ ընտրակաշառք չի բաժանել, ինքն էլ հայտարարել ա, ես էլ 100 անգամ ասել եմ, եթե ունի փաստ տենց հիմնավոր, թող ներկայացնեն իրավապահ մարմիններին:



-Նա նշել էր, որ ապացույցներ ունի:



Ասելն ու անելը տարբեր բաներ ա, եթե ունի ապացույցներ՝ թող ներկայացնի:



-Պարոն Մուրադյան դուք Սևան քաղաքից չեք եղել, գրանցված եք եղել Լճաշեն համայնքում:



6 ամիս գրանցում ունեցողը կարա մասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ինչի՞ մասին է խոսքը:



-Ասում են՝ ինչ-որ շինության վրա եք գրանցվել, բնակարան էլ չի, ոչ դուռ ունի, ոչ պատուհան:



Ի՞նչ կապ ունի դա: Տուն ենք գնել, տունը կվերանորոգվի, ամեն ինչ էլ կունենա, ո՞ւմ ա անհանգստացնում: Ես Ձեզ խոստանում եմ՝ մի օր կգաք, բոլոր հարցերին կպատասխանեմ: Ինչ հասցրի պատասխանեցի, մի քանի հրատապ հարց տվեցիք՝ պատասխանեցի, հիմա անհարմար տեղ եմ: Մի քանի օր համբերեք, ես կգնամ, քաղաքապետարանում կանցնեմ աշխատանքի, բաց աշխատելու եմ, կգաք ցանկացած հարցի կպատասխանեմ: